Բաժիններ՝

Ինչպես խայտառակել ռեսպուբլիկան

Մեր անխոնջ Ոստիկանությունը նոր-նոր էր տարածել հանրահայտ դարձած «գործարար» Աշոտ Սուքիասյանի հետախուզման մասին տեղեկատվությունը, երբ սույն պարոնը նամակ գրեց ՀՀ գլխավոր դատախազին: Դատելով Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից` Սուքիասյանը նամակը գրել է անհայտությունից: Հետախուզում հայտարարվել է, որովհետև ըստ Ոստիկանության` «նրա գտնվելու վայրը հայտնի չէ»: Նամակն ահագին հետաքրքիր փաստեր է պարունակում: Քաղաքական ուժերը նամակի «օֆշորային» հատվածը դեռ երկար կքննարկեն: Հարկի ու անհարկի մեջբերելով: Բազում անգամներ:

Ուստի այդ հատվածին անդրադառնալն ավելորդ է: Փոխարենը կարելի է տեսնել, թե ովքեր են մեր մեծահարուստ գործարարները, ինչ մասնագիտական որակներ ու ինտելեկտ ունեն: Սույն նամակ գրած մարդը մեղադրվում է խարդախության մեջ: Բայց խարդախության ծրագրերը հենց այնպես չի իրականացրել: Մեր պետությունն է նրան աջակցել: Մինչ այս նամակը կատարվածի մասին հասարակությունը գիտեր միայն ձախողակ գործարար Հայրապետյանի պատմելով: Հիմա արդեն մյուս կողմի տեսակետն էլ կա: 2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությունում հավաքել էր հայաստանցի մեծահարուստներին: Հավաքել ու «հանձնել» էր Աշոտ Սուքիասյանին: Հավաքը նպատակ ուներ գործարարներին համոզել ներդրումներ կատարել ադամանդագործության ոլորտում: Առայժմ հայտնի է, որ խայծը հրապուրել էր Փայլակ Հայրապետյանին: Մարդը երևի հավատացել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Իսկապես այդ պաշտոնում, որպես կանոն, միշտ գրագետ մասնագետներ են նշանակվել: Հայաստանի նորագույն պատմության մեջ, մեղմ ասած, անմեղսունակ նախարարներ պարբերաբար նշանակվել են, ասենք, կապի, էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում:

Բայց նման պնդում Էկոնոմիկայի ոչ մի նախարարի մասին անել հնարավոր չէ: Հետևաբար` այն, որ էկոնոմիկայի նախարարը հավաքել էր գործարարներին ու «հանձնել» խարդախության մեջ մեղադրվող մարդու ձեռքը, պետք է որ ուրիշ բացատրություն ունենա:

Մինչ այս նամակը Փայլակ Հայրապետյանի հարցազրույցներից դժվար էր հասկանալ, թե ինչ է կատարվել: Փոխարենը` Աշոտ Սուքիասյանի երկարաշունչ նամակից պարզ է դառնում մեր «գործարար» դասի ողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, թե ինչպես է Սուքիասյանը անծանոթ բիզնես ներքաշել Հայրապետյանին: Նույնիսկ իր վրա է վերցրել «Ամերիա» բանկի հետ Հայրապետյանի գույքի գրավադրմամբ վարկ վերցնելու պայմանավորվածությունը: Նամակից ակնհայտ է, որ այս գործարքում մասնագիտական պատշաճ որակ ու մոտեցում ունեցել է միայն վարկ տրամադրող բանկը: Դա, բնականաբար, դուր չի եկել Սուքիասյանին: Նա բողոքում է, որ բանկը վարկային միջոցներն անմիջապես չի տրամադրել, նույնիսկ ավելացրել է վարկի տրամադրման տոկոսը:

Ակնհայտ է, որ գործարքի ընթացքում բանկի մասնագետները հասկացել են, որ 12 մլն դոլարանոց այս վարկը ռիսկային է: Հետևաբար, 12 տոկոսի փոխարեն` գումարը տրամադրել են 15 տոկոսով: Եվ, որ ավելի կարևոր է, վարկը տրամադրել են լուրջ գույքի գրավադրմամբ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ գործարքի բիզնես պլանով անհրաժեշտ է եղել ներդնել 12 մլն դոլար: Բանկը գործարարներին տրամադրել է 10 մլն 700 հազար դոլար, և համոզվելով, որ ծրագիրը ձախողվում է` հրաժարվել է տրամադրել վերջին տրանշը` 1 մլն 300 հազար դոլարը: Բայց նույնիսկ ստացած գումարն ամբողջությամբ չի ներդրվել: 12 մլն բիզնես ծրագիրը մեր ձախողակ գործարարները փորձել են գլուխ բերել 8 մլն 875 հազար դոլարով: Այսինքն` գումարի 25 տոկոսից ավելին ծախսել են այլ նպատակների վրա:

Ահա մեր գործարարների բիզնես-ծրագրի պատկերացումը: Նույնիսկ տնտեսությունից բան չհասկացող մարդը կասի, որ 25 տոկոս շեղումն արդեն ցանկացած գործարք կդատապարտի անհաջողության: Սուքիասյանի նամակում մի հատված կա, որի մեջբերելու գայթակղությանը դիմանալն անհնար է: «Այս ընթացքում Աֆրիկայում իմ մյուս գործընկերները (բելառուս Սերգեյը և հայազգի Ռուբենը, որն արմատներով Գավառից է, ինչպես Հայրապետյանը), տեսնելով, որ ես զբաղված եմ Հայաստանում այս փողերի հետ կապված խնդիրներով, սկսում են ինձ քցելու օպերացիան, որի մեջ ներգրավում են Փայլակ Հայրապետյանին»: Նման մտածողություն, բառապաշար ունեցող մարդը, փաստորեն, մի քանի տարի առաջ նստում-ելնում էր մեր կառավարության անդամների հետ: Գործարար քննարկումներ անցկացնում ու ստվերում Մեծ կոմբինատորի փառքը: Հայտնի Խաչիկյանը նրան կառավարություն հրավիրողներին հաստատ կասեր` «Ձեր նմանները խայտառակել ռեսպուբլիկան»:

Հետաքրքիր է, թե մեր անխոնջ Ոստիկանությունն ինչ տեքստով է Ինտերպոլով միջազգային հետախուզում հայտարարել: Վստահ չեմ, բայց հավանաբար պիտի գրվի, որ «Հետախուզվում է ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանը, ով ՀՀ կառավարության շենքում մասնակցելով Էկոնոմիկայի նախարարի կազմակերպած միջոցառումներին, ելույթներ է ունեցել, մոլորեցրել է հայաստանցի դյուրահավատ պաշտոնյաներին ու գործարարներին և չարաշահելով նրանց վստահությունը` խարդախորեն գումարներ է կորզել նրանցից»: Այ այսպես են երկիրը մասխարա սարքում բոլորի ու հատկապես` արտասահմանցի ներդրողների առջև:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս