Հերպես
Առողջության պահպանման Միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 90 տոկոսը հերպեսի վարակակիր է։ Մնացած 10 տոկոսը գործնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են։
Հերպեսն առաջացել է հունարեն «սողալ» բառից, որն արտահայտում է տվյալ մաշկային հիվանդության տարածվող բնույթը։
Տարբերում են հերպեսի վարակի 3 հիմնական տեսակներ.
- Հասարակ, ի հայտ է գալիս մանր պղպջակների (թափանցիկ հեղուկ պարունակող բշտեր) տեսքով` դեմքի, ականջի, շրթունքների, աչքերի, կոպերի վրա։
- Գենիտալ հերպեսն ի հայտ է գալիս սեռական օրգանների վրա։
- Գոտևորող հերպեսի և ջրծաղիկի վարակները միանման են։
Հիվանդության ախտանիշերն են` տենդ, ցավեր, ընդհանուր թունավորում, քոր, ցան։
Վարակը «սիրում» է ապրել և բազմանալ քթի և կոկորդի մեջ, որտեղ համեմատաբար տաք և խոնավ միջավայր է։ Ավիշի հետ այն թափանցում է արյան մեջ և «հաստատվում» ողնուղեղի նյարդային համակարգի հանգույցներում։ Վարակի քայքայիչ ազդեցության արտաքին ախտանիշերը կարող են շատ երկար ժամանակ չհայտնաբերվել։ Հերպեսի վարակի հարուցած հիվանդությունների բնույթի մասին իմացել են հազարամյակներ առաջ։ Այսօր ապացուցված է, որ հերպեսն ակտիվանում է այն դեպքերում, երբ ինչ-որ պատճառներով թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը` իմունային համակարգը։
Օրգանիզմի պաշտպանիչ ուժերը կարող են անկում ապրել սթրեսով ուղղորդվող երկարատև հուզմունքի, հոգեկան ապրումների, ճնշվածության, վշտի, նեղացկոտության, անբավարարության զգացումի և այլ պատճառներով։ Հերպեսի վարակն ակտիվանում է ուժեղ մրսածության, սննդի չարաշահման (գիրություն և ճարպակալում), քրոնիկ հիվանդությունների, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման, հակաբիոտիկ հաբերով բուժման, անբարենպաստ արտաքին միջավայրի և ներքին աղիքային միկրոֆլորայի աղտոտվածության (դիսբակտերիոզի) հետևանքով։
Ժամանակակից բժշկությունը և բուսաբույժներն առաջարկում են հերպետիկ ցանի վերացման և դիմադրողականությունը ուժեղացնող միջոցներ, սակայն հերպեսից լիակատար բուժման հայեցակարգ դեռևս գոյություն չունի։
Կանխարգելումը նախատեսում է օրգանիզմի ներքին մաքրությունը, ճիշտ սնվելը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գոյություն ունեցող վտանգի գիտակցում. օրինակ, հերպեսի վարակը կարող է փոխանցվել ապագա նորածնին, ինչը ենթադրում է ծնողների համապատասխան բուժզննում։ Հերպեսի տարածմանը նպաստում են ոչ կանոնավոր, պատահական սեռական կապերը։
Հերպեսի բուժման համար նախատեսված դողարայքի շարքում առավել հայտնի է «Ցիկլոֆերոնը», որն, ի տարբերություն այլ միջոցների, չունի կողմնակի վնասակար ազդեցություն։ Ցիկլոֆերոնի մեջ պարունակվող նյութերը խթանում են մարդու օրգանիզմում սպիտակուցի` «ինտերֆերոն», գոյացումը, որը նպաստում է իմունային համակարգի բջիջների ակտիվացմանը։ Լայն կիրառում ունեն նաև «Վալտրեքս» և «Անտիհերպես» դեղահաբերը։
Հզոր հակավարակային ազդեցություն ունի «Ցիկլովիրը» (արտադրվում է Հնդկաստանում), որը հայտնի է նաև «Ացիկլովիր» (ՌԴ), «Վիոլեքս» (Սլովենիա), «Զովիրաքս» (Մեծ Բրիտանիա), «Լիզավիր» (Իտալիա), «Մեդովիր» (Կիպրոս) անվանումներով։ Դեղերի այս շարքը կանխում է հերպեսի վարակի բազմացումը օրգանիզմի բջիջների ներսում։
Ացիկլովիրն արտադրվում է դեղահաբերի (ներքին ընդունման), սփրեյի, քսուքի (տեղային օգտագործման համար նախատեսված) տեսքով։
Տղամարդկանց մոտ արտահայտվող ուրետրիտի սրացումը կանխում են «Ցիկլոֆերոնի լինիմենտի» կամ «Պոլուդանի» ջրային թուրմի թրջոցների տեղային օգտագործման միջոցով։ Ուղիղ աղիի հերպեսի դեպքում կիրառվում են «Պոլուդանի» լուծույթով հոգնաներ կամ «Կիպֆերոն» մոմիկները։ Կանանց մոտ արտահայտվող ուրետրիտի և պրոկտիտի բուժման համար կիրառվում է նույն մեթոդաբանությունը։
Ժողովրդական դեղատոմսեր
Եթերային յուղեր. Մրսածության հետևանքով առաջացած հերպետիկ ցանի ի հայտ գալու սկզբում մաշկը մշակեք յուղով («пихтовое масло», ցանկալի է «Էվալար» բրենդը)։
Կրկնեք 2 ժամ հետո և քնելուց առաջ։
Խորհուրդ են տրվում նաև բերգամոտի, խորդենու, խնկածաղկի, կոճապղպեղի, կիտրոնի, պատրինջի, գիհու, ներոլիի, նիվենու, թեյի ծառի եթերային յուղերը։
Ոսկեբեղիկ. Նախնական շրջանում տրորեք ոսկեբեղիկի տերևը, դրեք վերքին։ Օգտակար է նաև բույսի ոգեթուրմով թրջոցը։
Հերպեսի հետևանքով առաջացած վերքերը մշակեք ոսկեբեղիկի հյութով կամ եփուկով։
Վերքերի ապաքինմանը նպաստում է նաև բույսից պատրաստված քսուքը։
Նիվենի. Եթերային յուղն ամրապնդում է օրգանիզմի իմունային համակարգը և օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ։ Ունի վերքամոքիչ, ախտահանող հատկություններ։ Հրաշալի միջոց է գրիպի համաճարակից բնակարանը պաշտպանելու համար։
Գիհի. Փոշիացրեք գիհու հատապտուղները, 2 ճ/գ հումքը 2 շաբաթ թրմեք 50 մլ օղու մեջ։ Քսեք վերքին հիվանդության նախնական փուլում։
- Մանրացրեք, խառնեք գիհու պտուղ, պատրինջի տերև, թխենու ծաղիկ (1։3։3)։
- 1 ճ/գ հումքը 10-15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք տաք վիճակում, մեղրի հետ։
Պատրինջ. Հիվանդության սկզբում քսեք մաշկի վնասված հատվածին 1 կաթիլ պատրինջի եթերային յուղ, կկանխի հիվանդության զարգացումը։
- 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
- Մանրացրեք պատրինջի թարմ տերևը, 14 օր թրմեք օղու մեջ (1։3)։ Մշակեք վերքը։
Սոֆորա ճապոնական. Այս ծառը ժամանակին տնկվել է Մայր թատրոնի շրջակայքում։ Ծաղկման շրջանում նման է սպիտակ ակացիային։ Պտուղը պատիճ է։ 21 օր թրմեք կանաչ պատիճը (սերմերով) 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։3), քամեք։
- Աղացեք պատիճը, 5 օր թրմեք սպիրտի մեջ, քամեք։ Մշակեք հերպետիկ ցանով վարակված մաշկը։
Մանուշակ եռագույն. 1 թ/գ խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 2 ամիս հետո։ Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։
Թեյը հակացուցված է թոքերի և բրոնխների հիվանդությունների դեպքում։
- 1 ճ/գ խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Մշակեք մաշկի վնասված հատվածը։
Երեքնուկ կարմիր. 1 ճ/գ չորացրած ծաղկի և տերևի խառնուրդը (1։1) 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-5 անգամ։ Թուրմը հրաշալի ձևով ճնշում է հերպեսի վարակի զարգացումն օրգանիզմում։
- Ապակե տարայի երեք քառորդը լրացրեք երեքնուկի թարմ ծաղիկներով, մնացած ծավալը` 70 տոկոսանոց սպիրտով, 21 օր թրմեք, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ։
Սոխ և սխտոր. Մշակեք բերանի անկյունների վերքերը թարմ մզված հյութով։ Տաքացրեք փոքր սոխուկը (կրակի վրա), դրեք վերքին։
Սխտորը` կանխարգելում է հերպեսի վարակի զարգացումը, նպաստում է օրգանիզմի իմունային համակարգի ամրապնդմանը։ Հիվանդության սրացման շրջանում կերեք օրը 2 ատամիկ։
Մատուտակ. 3 թ/գ մանրացրած արմատը 2 ժամ թրմեք 400 մլ զտված ջրում, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա. թրմեք ևս 10 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 20 օրից։
Իշառվույտ. Մշակեք վերքերը թարմ հյութով կամ չոր խոտի թուրմով` 1 թ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։
Կռատուկ. Օգտակար է արմատի եփուկը։
Էխինացեա ծիրանագույն
Դեղատներում վաճառվում է «Իմունալ» դեղամիջոցը, որը պատրաստված է էխինացեայից։
Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա դեղաբույս է։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, մշակվում է մի շարք երկրներում, բուժիչ հատկություններ ունեն ծաղիկը և արմատը։
Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակային ինֆեկցիաների հանդեպ, ունի ցավամոքիչ հատկություն, զգալիորեն նպաստում է վերքերի և խոցերի ապաքինմանը։ Էխինացեայից ստացված պատրաստուկները խթանում են նյարդային համակարգի գործունեությունը, կիրառվում են դեպրեսիայի, ֆիզիկական և հոգեկան անուժականության դեպքում։
Էխինացեան բնական հակաբիոտիկ է, որը նպաստում է իմունային համակարգի բջիջների վերականգնմանը։ Դեղագործական արդյունաբերությունը ստանում է բույսից մոտ 70 անվանում դեղորայք, իսկ ևս 250-ում այն օգտագործվում է` որպես բաղադրամաս։ Հենց էխինացեան այն բաղադրիչը, որը խթանում է ինտերֆերոնի գոյացումն օրգանիզմում։
Բույսը կիրառվում է հոմեոպատիայում, հայտնի է «Echinaceae» ոգեթուրմը։
Խորհուրդ է տրվում չիբանի, թարախային վերքերի, ետծննդաբերական սեպսիսի, ջրծաղիկի դեմ պատվաստումից առաջացած բարդացումների դեպքում։
Հերպես. 1 ճ/գ չոր հումքը 10 ժամ թրմեք 600 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Շարունակեք 10 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք ևս 1 անգամ` 10 օրից։ Թուրմն ունի հաճելի համ և բաց շագանակագույն երանգ, դրական ազդեցությունը երկարատև է` մի քանի ամիս և նույնիսկ տարիներ, կախված վիճակից։
- 1 ճ/գ հումքը լցրեք եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ։
Ջրածնի գերօքսիդ
Կիրառվում է հերպեսի հետևանքով առաջացած պղպջակների արտաքին բուժման համար։
- 1 թ/գ ջրածնի գերօքսիդի 3 տոկոսանոց լուծույթը խառնեք 50 մլ ջրի հետ։ Դրեք թրջոց կամ քսեք վերքին։
- Եթե հերպետիկ պղպջակներն առաջանում են բերանի լորձաթաղանթի կամ լեզվի վրա, ապա օրը 2-3 անգամ կատարեք ողողումներ վերոգրյալ թուրմով։ Անհրաժեշտության դեպքում չափաբաժինը ավելացրեք ևս 1 թ/գ-ով։
Ասպիրակ
- Մանրացրեք, խառնեք ասպիրակի և վաղենակի (կալենդուլա) ծաղիկները (2։1)։ 3 թ/գ հումքը 1 ամիս թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, 100 մլ տաք ջրի հետ։ Դրեք տեղային թրջոցներ` օրը 3 անգամ, 15 րոպե տևողությամբ։
- Գրիպի նախնական շրջանում խմեք վերոգրյալ ոգեթուրմը` նույն չափաբաժնով։
Գոտևորող հերպես։ Զարգացման նախնական (թաքնված) փուլում մարմնի տարբեր հատվածներում ի հայտ են գալիս ցավեր, որոնք սաստկանում են գիշերային ժամերին։ Ցավերի առաջացումից, մի քանի ժամից մինչև 2-3 օր, հետո մարմնի վրա հայտնվում են կարմիր գույնի այտուցներ, իսկ որոշ ժամանակ անց` նաև պղպջակներ։ Ցավերը կարող են շարունակվել 1-6 ամիս։
Հերպեսի վարակի այս տեսակը խոցում է նյարդային վերջույթները (հիմնականում` ոսկրածուծի)` ավելի հաճախ կրծքավանդակի կամ գոտկատեղի շրջանում։
Կարևոր է իմանալ, որ հիվանդի հետ շփումը` որպես օրենք, վարակիչ չէ։ Սակայն, եթե դուք նախկինում չեք հիվանդացել ջրծաղիկով, ապա մեծ հավանականությամբ կհիվանդանաք։ Ջրծաղիկի վարակը երբեք չի վերանում օրգանիզմի նյարդային համակարգի բջիջներից։
Գոտևորվող հերպեսի դեպքում խորհուրդ է տրվում խմել ասպիրակի և վաղենակի խառնուրդի ոգեթուրմը, էխինացեայից ստացված պատրաստուկները («Իմունալ» և այլն։ Բորբոքված պղպջակների վրա դնում են թրջոց ջրածնի գերօքսիդի ջրային լուծույթով։ Չորացրած վերքերը` որպես օրենք, մշակում են էրիտրոմիցինի քսուքով։ Վերքերի ապաքինումից հետո ցավերը մեղմացնելու նպատակով կատարում են շփումներ սառույցով։
Դեղատոմսեր
- Խմեք 1-ական թ/գ հալվեի հյութ` օրը 3 անգամ։ Մշակեք վերքերը կաղամախու (դողդոջուն բարդի) տերևի հյութով, օրը 2-3 անգամ։
- 1 ճ/գ եղեսպակի չոր տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ օրը 3 անգամ։
- 1 ճ/գ կեչու բողբոջը լցրեք պարկիկի մեջ, 5 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ։ Դրեք վերքի վրա։
- Խառնեք գայլուկի կոն և կատվալեզվի խոտ (1։1)։ 1 թ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում` տաք տեղում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, տաք վիճակում։
- 1 թ/գ ընկուզենու տերևը կամ չհասունացած պտղի կանաչ կեղևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
- 20 գ եղերդակի արմատը 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում` տաք տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ։ Ունի պրեբիոտիկ` աղիների օգտակար միկրոֆլորան բարելավող հատկություն։
- Մանրացրեք, խառնեք հավասար քանակի նիվենու, կեչու, ջղախոտի (եզան լեզու), չիչխանի և փշատենու տերևներ, հազարատերևուկի, սրոհունդի և բերենիկեի խոտեր, սոճու ասեղիկներ, վաղենակի ծաղիկ։ 1 ճ/գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրում, թույլ կրակի վրա, 8 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։
- Եփուկի մեջ լուծեք 1-ական ճ/գ ջղախոտի հյութ և մեղր, 3 թ/գ վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ և 50 կաթիլ «Ցիտրոսեպտ», որը ստացվում է գրեյպֆրուտից։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, մնացածը` նախքան քնելը։ Շարունակեք 1,5 ամիս, կրկնեք տարին 2 անգամ` գարնանն ու աշնանը։ «Ցիտրոսեպտը» հզորագույն հակամանրէ, հակավարակային և հակասնկային միջոց է, չունի կողմնակի վնասակար ազդեցություն։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: