20 միլիոն դոլար՝ Հայաստանի կանանց
«Առավոտ շուտ ի՞նչ է պատահել՝ լավ տրամադրություն ունեք»,- ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին նիստն սկսելուց առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ինքն էլ պատասխանելով իր հարցին. «Որ ավարտելո՞ւ ենք մեր աշխատանքները…»: Քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը, որի համաձայն կին գործարարներին տրվում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բարելավված ինստիտուցիոնալ կարողություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ: Ըստ համաձայնագրի` ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրում է 20 մլն դոլարի վարկ` տարեկան 10% տոկոսադրույքով:
Հարակից զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանն ասաց, որ հատկացված ընդհանուր գումարից 600 հազարը կտրվի խորհրդակցություններին, ինչը մտահոգության առիթ հանդիսացավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար: «Ամեն անգամ նման նախագծերը քննարկելիս բախվում ենք նույն խնդրին` խորհրդատվություններին տրամադրված գումարներին: 20 միլիոնից 600 հազար դոլարը հատկացնում եք խորհուրդներին, բայց որքա՞ն է դրանց օգտակար գործողության գործակիցը, որի չափը մենք երբեք վավերացնելուց հետո չենք կշռել: Հինգ օր էստեղ ռեալիթի շոուներ կազմակերպվեցին, որ բոլորդ սուրբ եք, այս ամենը ինձ հիշեցրեց այն անեկդոտը` բա որ բոլորդ սո՞ւրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ է գողացել… Անընդհատ խոսում ենք` որտե՞ղ են կոռուպցիոն ռիսկերը: Այդ 600 հազարով ի՞նչ խորհուրդներ պետք է տաք»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:
Խոսրով Հարությունյանն էլ պատասխանեց, թե մասամբ կիսում է պատգամավորի մտահոգությունները՝ նշելով, որ վարկային ծրագրերի դեպքում պետք է մտածել ոչ թե ինչքա՞ն ծախսեցին, այլ` ի՞նչ ստացան. «Այս ուղղությամբ առաջին քայլերը իրականում են: Մեզանում ակնհայտ է դարձել, որ միայն ֆինանսականը դեռ քիչ է: Եթե ֆինանսներ են հատկացվել, ու լումա առ լումա ծախսվել են, պետք է մտածել` ի՞նչ արդյունք են տվել դրանք: Կանանց բիզնես կարողությունները զարգացնելու համար լուրջ հմտություններ ու գիտելիքներ են պետք, ինչո՞ւ չէ խորհրդատվությունն էլ էական է այս հարցում»:
Ինչպես նշեց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, այս համաձայնագիրը, խոշոր առումով, չի տարանջատում կանանց ու տղամարդկանց: Ըստ նրա` վարկերի 50 տոկոսը տրամադրվելու է կանանց, կնոջ դերակատարումը շեշտադրելու համար: Նրա խոսքով` այս վարկերը տրվելու են նաև տղամարդկանց, ովքեր մանր ու միջին բիզնեսի սեփականատեր են և արդյունքում համաձայնագիրը ուղղված է լինելու`ՓՄՁ-ների բարելավմանը: