Օֆշորային սկանդալի ուժով
Ազգային Ժողովի արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ իր ելույթում հայտարարեց, թե այս նախագծի քննարկման շրջանակներում իշխանության ներկայացուցիչների արած հայտարարություններն ու ելույթները ստիպում են մտածել, որ այս դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տալն ուղղակիորեն առնչություն ունի վերջերս ծագած «օֆշորային սկանդալի» հետ: Ն. Փաշինյանը հիշեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը օրինագծի առաջին ընթերցման ժամանակ, ով հայտարարել էր, թե մարդիկ չեն վստահում իրենց, ասում են` «տվեք հարկային արտոնություններ, մենք բերենք ներդրումներ կատարենք»: Ն. Փաշինյանի խոսքով` ստացվում է, որ եթե ԱԺ-ն տրամադրում է հարկային ու մաքսային արտոնություններ այս դպրոցին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է այս ծրագիրը, հակառակ դեպքում` դադարեցնում է: «Ռուբեն Վարդանյանը, հեղինակավոր գործարար լինելով, չէր կարող ծրագիրը անելուց առաջ չուսումնասիրել հարկային ու մաքսային պայմանները: Երկու տարի է` այս ծրագիրը ընթանում է, միլիոնավոր դոլարների աշխատանք է կատարվել, շինարարություն է ընթանում, և մաքային, հարկային արտոնություններ տրամադրելը ծրագրի իրականացման համար նախապայման չեն եղել: Այդ դեպքում ի՞նչն է փոխվել: Փոխվել է մի բան` վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնացությամբ ու Կճոյանի օրհնությամբ` ոմն գործարար Աշոտ Սուքիասյան անունով մեկը 10 մլն դոլար է քցել Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկից: Իսկ Ռ. Վարդանյանը բանկի խորհրդի նախագահն է, ու Դիլիջանի այս միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողն է»,- ասաց նա` ավելացնելով, որ օրինագիծը ԱԺ-ում քննարկում են հենց Կառավարության «սկանդալի ուժով»: ՀԱԿ պատգամավորի հավաստմամբ, գործարար Վարդանյանի «համբերության բաժակը» լցվել է այն պահին, երբ «Հետք»-ը հրապարակվել է փաստաթղթեր, ըստ որոնց` օֆշորային գոտում այս մարդիկ ձեռնարկության բաժնետեր են. «Սա Ռ. Վարդանյանի համար եղել է այն ապացույցը, որ քցել են ոչ միայն բանկին, այլև` անձամբ իրեն»: Բանկը, ըստ պատգամավորի, կասկածելի գործարքի համար չէր կարող տրամադրել նման վարկ, հակառակ դեպքում` «նման բան կարող էր լինել միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների խնդրանքով, հորդորով, ինչը կարող էին անել կամ Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը»: Նա հիշեցրեց, որ հրապարակումից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջան, հանդիպել Ռուբեն Վարդանյանի հետ, նույն օրը Կառավարությունը հավանության է արժանեցրել ծրագիրն ու հիմա այն արտահերթ նիստով «սուպեր արագությամն» երկրորդ ընթերցմամբ, ապա երրորդ, կընդունվի ԱԺ-ի կողմից:
Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ ինքը դեմ է քվեարկել օրինագծին ու դեմ է քվեարկելու երկրորդ-երրորդ քննարկման ժամանակ: « Անկեղծ ասած` իմ համակրանքը Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ես չեմ ուզում որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` քցված փողերի համար վճարի ՀՀ ժողովուրդը: Ինչո՞ւ է իշխանությունն այսպես ափալ-թափալ ուզում Ռուբեն Վարդանյանի սիրտը շահել, երբ շատ գործարարներ եկել են քցվել, հետ գնացել, որովհետև նա ունի միջազգային մեծ կապեր: Բավարար է նայենք այս միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը` ամեն ինչ պարզ կլինի»: Ն. Փաշինյանի համոզմամբ, օֆշորային սկանդալը կարող է վերածվել միջազգային սկանդալի, եթե հարցը արա չլուծվի: Իսկ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը ընդունելը` «փաստացի կանաչ լույս է վառում քցողների համար»: