Արման Մելիքյան. Շատերը չդիմացան իշխանությամբ փորձությանը և սկսեցին գողանալ ու դրամաշորթությամբ զբաղվել
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանությունները ներկայացված են էապես շատ տարբեր մարդկանցով` նրանց մեջ կան նաև բանիմաց, պատրաստված, փորձառու, անձնվեր ու հայրենիքին նվիրված անհատներ: Շատերը չդիմացան իշխանությամբ փորձությանը և սկսեցին գողանալ ու դրամաշորթությամբ զբաղվել, իրենց այդ կենսակերպը յուրօրինակ կենսափիլիսոփայության միջոցով արդարացնելով, այլոք էլ ի սկզբանե էին տենչում հասնել իշխանության`բացառապես սեփական փառամոլությանն ու ընչաքաղցությանը հագուրդ տալու նպատակով:
Առկա է նաև պաշտոնյաների մի գորշ, նեղլիկ մտահորիզոնով օժտված, նվազագույն նախաձեռնողականությունից իսկ զուրկ զանգված, որի առկայությունն իշխանության հատկապես վերին օղակներում ծայրահեղ բացասական ազդեցություն է գործում պետական կառավարման որակի բարելավման գործընթացի արդյունավետության վրա:
Ժամանակ առ ժամանակ զգացվում է նաև ստվերում գործող մասնագետ-ինտելեկտուալների ազդեցությունն ամենաբարձր մակարդակում ընդունվող որոշումների կայացման վրա, սակայն նրանց միջամտությունների արդյունավետությունը ուղիղ կախման մեջ է իշխանության իրական լծակները ձեռքներին պահած բարձրագույն պաշտոնյաների անձնական նախասիրություններից:
Որոշումների կայացումը մի գործընթաց է, որը միջանկյալ արդյունքներ է ծնում, այսինքն` յուրաքանչյուր որոշում, սովորաբար, ունենում է իրեն նախորդող մեկը և նախապատրաստում է իրեն հաջորդող որոշման ընդունումը:Իշխանությունում և վերջինիս մերձավոր շրջապատում մարդիկ տարբեր են և նրանցից ոմանք կարծում են, որ գիտեն խնդիրների ճիշտ լուծման եղանակները, սակայն իրավասու չեն ինքնուրույն որոշումներ կայացնել, ոմանք էլ ընդունակ չեն տեսնել անհրաժեշտ լուծումները ( այդ առիթով ոչ էլ սրտնեղում են), բայց նաև հրաժարվում են որոշումներ կայացնելու իրենց իրավունքի ու պարտականության գործադրումից: Թե առաջինների, թե երկրորդների ստվար մեծամասնությունը գտնում է, որ իրենց անձնական շահն էլ հենց պետք է ընկալվի որպես հանրային շահ: Այս իրավիճակում ակտիվանում են օտար խորհրդատուները, որոնք տարատեսակ գայթակղիչ խոստումների միջոցով փորձում են Հայաստանին հրամցնել սեփական շահերն ապահովող մոտեցումներ:
Իշխանական պատասխսնատուների այն նեղ շրջանակը, որը և հիմնականում մշակում ու իշխանության անունից իրականացնում է պաշտոնապես ներկայացվող պետական քաղաքականությունը, իր քայլերում կաշկանդված է ոչ միայն արտաքին լուրջ գործոններով, այլև ստիպված է հաշվի նստել շատ էական ներքին սահմանափակումների հետ:
Այս առումով շատ բան կապված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման այս կամ այն տարբերակի առավել ձեռնտու լինելու վերաբերյալ եղած իմաստային նրբերանգների ընկալման առանձնահատկությունների հետ: Իշխանությանը տիրապետող խմբավորման համար առկա իրավիճակի հակասականության դրսևորումներից մեկն էլ այն է, որ թեև նրա համար սկզբունքորեն անընդունելի է տարածքային որևէ զիջում կատարելը, այդուհանդերձ, առաջիկա առնվազն երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այդ մարդկանց համար (գուցեև ոչ միայն իրենց համար) կարող է խիստ աղետալի հետևանքներ ունենալ` վտանգելով իրենց անձնական պաշտոնեական դիրքը, ունեցվածքը, ինչպես նաև Արցախի` իրենց կողմից առ այսօր հետևողականորեն կառուցվող ապագան:
Այժմ նրանք ստիպված են գործել սեփական ուժերի գերագույն լարումով` ասպարեզ են նետել իրենց տրամադրության տակ եղած ողջ ներուժն ու հնարավորությունները, որոնք սպառվելու եզրին են և առանց թարմ ուժերի ներգրավման արդեն առաջիկա ամիսների ընթացքում դա կարող է լուրջ տապալումների պատճառ դառնալ: Ամեն դեպքում, շատ մոտ ապագայում նրանք պարտադրված են լինելու ընդունել լրջագույն որոշումներ և դա իրենց համար կլինի հիրավի ռիսկային ու տագնապեցնող ընտրություն, որի ճշգրտությունը ոչ մեկ չի կարող երաշխավորել:
Հավանաբար նրանց պետք է անհանգստացնի նաև այն, որ Հայաստանում բավականին քամահրական ու արհամարկոտ վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչն իրականում անհանգստացնում է Արցխին կամ էլ ուղղակի սպառնալիք է նրա համար: Հայաստանում իրական Արցախի մասին պատկերացում չունեցող ու այս առումով որևէ հետաքրքրությունից զուրկ նախկինում իշխանություն ունեցած մարդկանցից շատերը հաջողել են իրենց արցախցի գործընկերների հանդեպ միանգամայն բացասական վերաբերմունքի դաշտ ձևավորել, ինչը համարժեք անվստահության և անհամատեղելիության զգացմունք է առաջացնում վերջիններիս մոտ ևս, դա էլ, իր հերթին, դրդում է գործիչների տարբեր թիմերին համախմբվել ենթաէթնիկ, այլ ոչ թե համազգային մակարդակում:
Ներազգային փոխհարաբերությունների այս կերպը խոչընդոտում է որոշումների կայացման գործընթացը և խիստ նվազեցնում դրանց արդյունավետությունը համապետական մակարդակում: Թարմ ուժերի մասնակցությունը քաղաքական գործընթացին օգտակար կարող է դառնալ միայն այն դեպքում եթե իշխող խմբավորումը սկզբունքորեն հրաժարվի առ այսօր կիրառվող հնացած կարծրատիպերից – այդպիսի հավանականություն կա, սակայն նման նախաձեռնությամբ պետք է հանդես գան հենց իշխող խմբավորման ներկայացուցիչները և ոչ թե որևէ մեկին արվող մեծ լավության, այլ համատեղ ուժերով մշակված և ընդհանուր հավանության արժանացած առարկայական համագործակցության առաջարկի ձևով»: