Կեղծ արտադրանք շուկայում. Ահազանգել են «Բարի Սամարացին», «Քրաուն Քեմիքալը» և «Պռոշյանի կոնյակի գործարանը»
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից:
Ինչպես նշվեց այսօր ՏՄՊՊՀ նիստում, պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:
Հանձնաժողով է դիմել նաև «Բարի Սամարացի» ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» և «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:
Հանձնաժողովին է դիմել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը» հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունն ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը:
Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերություններն ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով: