Աղվան Վարդանյան. Ունենք տասնյակ մարդիկ, որ Հրազդանի ձորում կամուֆլյաժով նկարվել են ու դարձել են կամավորական

ԱԺ-ում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է այս օրենքի անհրաժեշտությունը, երբ կամավորականները, ազատամարտիկները հավասարեցված են օրենքով ու կարգավիճակ ունեն:

«Տարիներ են անցել, բայց «երկրապահ» հասկացության տակ ձևակերպել, որ «երկրապահը արժեհամակարգ է», չեմ կարծում, թե տեղին է»,- նկատեց Աղվան Վարդանյանը, ապա անդրադարձավ նաև օրինագծի այն դրույթին, թե՝ «երկրապահ-կմավորական» հասկացության մեջ ներառվելու են 1989-ից մարտական գործողություններին մասնակցած անձինք:

«Այդ տարիներին ի՞նչ մարտական գործողություն: Ուզում եմ հասկանալ, ի՞նչ է լինելու սրա արդյունքում»,- նկատեց Ա. Վարդանյանը:

Նաև հարցրեց, թե երաշխիք լինելո՞ւ է, որ կիրականացվի օբյեկտիվ հաշվառում. «Մենք ունենք տասնյակ մարդիկ, որ Հրազդանի ձորում կամուֆլյաժով նկարվել են ու դարձել են կամավորական»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Ի պատասխան՝ Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, թե իր կարծիքով՝ իսկապես անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովն աշխատի թափանցիկության պարագայում, չլինի անգամ մեկ դեպք, որ օրենքի հիմքին չբավարարող անձը ստանա նման կարգավիճակ և՝ հակառակը: Ինչ վերաբերում է օրինագծում նշված՝ «երկրապահ-կմավորական» հասկացության մեջ ներառվելու են 1989-ից մարտական գործողություններին մասնակցած անձինք դրույթին, ապա Ս. Ֆարմանյանն ասաց, թե 1989-ից սկսկած Արցախում կամավորական ջոկատներ ստեղծվել են ու տարբեր հատվածներում մարտական գործողություններ են տեղի ունեցել: Ըստ նրա` սկզբունքայնորեն մեծ տարբերություն էլ չկա` 89 թվակա՞ն, թե՞ 90:

 

Տեսանյութեր

Լրահոս