Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի համատեղ օրինագիծը՝ երկրապահի կարգավիճակի մասին

Ազգային Ժողովում քննարկման ներկայացվեց 2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին ներկայացված ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Զեկուցող Սամվել Ֆարմանյանի խոսքով` մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին` ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր իրականացրել են ռազմական գործողությունների գոտու սպասարկում:

Նա նաև նշեց, որ, ըստ օրենքի` հատուկ կարգավիճակ էլ կտրվի նրանց, ովքեր ոչ պակաս, քան 3 ամիս մարտական գործողությունների անցկացման վայրում իրականացրել են մարտական գործողությունների մասնակիցների սպասարկում կամ օժանդակություն: Խոսքը ուսուցիչների,  բժիշկների, լրագրողների մասին: Ս. Ֆարմանյանի հավաստմամբ, այս կատեգորիայի անձանց քանակը բավական մեծ է, բայց քանի որ օրենքով նրանց հատուկ կարգավիճակ չի տրվել` այս մարդիկ մնացել են չճանաչված:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ մի դիտարկում կատարեց. «Հրադադարից հետո 20 տարի է անցել, բայց կամավորները, ազատամարտիկները կարգավիճակ չեն ունեցել, դրա համար ողջունում եմ այս նախագիծը: Բայց բաց եք թողել մի հանգամանք, որ չեք նշել այն ժամկետը, որի սահմաններում պետք է աշխատի կառավարությունը, որովհետև այս կարգավիճակը կառավարությունը կարող է 5 կամ 10 տարի հետո սահմանել: «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը, կամավորների կարգավիճակը նույնացնում ենք մարտական մասնակիցների հետ, միևնույն ժամանակ չենք նախատեսում ժամկետ` ե՞րբ պետք է կառավարությունը սահմանի այդ կարգը»:

Սամվել Ֆարմանյանն էլ ընդունեց, որ նկատառումը տեղին է ու նշեց, որ օրենքի համահեղինակների հետ կքննարկի այս առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս