Բաժիններ՝

«Աշխարհն այսօր չի ցանկանում գործ ունենալ «մլավող» մարդկանց ու ազգերի հետ»

Արշալույս Ճգնավորյանը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանը

 

Այս օրերին Հայաստանում է գտնվում Վիեննայում բնակվող մեր հայրենակցուհի Արշալույս Ճգնավորյանը, ով երկար տարիներ ՄԱԿ-ում զբաղեցրել է արդյունաբերական սեկտորի, ինչպես նաև Կարիբյան և փոքրիկ կղզիների հարցերով կառավարական ծրագրերի ղեկավար պաշտոնները: Հայաստանում Ա. Ճգնավորյանն այժմ բանակցություններ է վարում համապատասխան պաշտոնյաների հետ՝ այլընտրանքային էներգիա արտադրելու ուղղությամբ: Ինչպես սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում ներկայումս քննարկվում են Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ու առաջարկությունները: Ա. Ճգնավորյանի տղան՝ Հայկ Ազմբաոերը (հայրը ավստրիացի է), յոթ տարի ղեկավարել է Վիեննայի հայ համայնքը և լինելով բարձրագույն փաստաբան՝ Ցեղասպանության ճանաչման գործում բավականին խելամիտ քաղաքականություն է վարել: Նա ամիսներ առաջ Ցեղասպանության մասին «Աղետ» ֆիլմի 500 օրինակ տեսաձայներիզներ ուղարկել է Ավստրիայի նախագահին, վարչապետին, պառլամենտականներին: Ծրարի մեջ երկտող է գրել՝ «Չե՞ք կարծում, որ ժամանակն է»: Ա. Ճգնավորյանի հավաստմամբ՝ Հ. Ազմբաոերի այս քայլը շատերին սթափեցրել է, և հասցեատերերն անմիջապես արձագանքել են:
«Գիտեմ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը նախագահի ուշադրության կենտրոնում է, հանձնախումբ կա, և ամեն բան արվում է 100-ամյակի նշման ուղղությամբ: Ես կողմ չեմ ապրիլի 24-ին կրկին մի շենք, Ծիծեռնակաբերդ կառուցելուն, երգելուն, պարելուն կամ ոտանավոր ասելուն: Մենք պետք է վերջ տանք այս ամենին: Մենք այդպիսով եղելություն չենք փոխում, այլ խոսելով պետք է աշխարհին ներկայանանք»,- ասում է Ա. Ճգնավորյանը՝ հավաստիացնելով, որ նույնիսկ խորհրդատվություններ, ՄԱԿ-ի գրադարաններում ուսումնասիրություններ է կատարել, մինչև անգամ Ցեղասպանության մասին կոնվենցիան է ձեռք բերել: «Կարևոր չէ, որ Աթաթուրքի մայրը հրեա է եղել, բայց կոնվենցիան կազմելիս հրեաները մատնանշել են հայերի ջարդը: 30 տարի էր անցել ջարդից, բայց թուրք կառավարությունը լռեց՝ չհասկանալով, որ այդ կոնվենցիան իրենց համար կարող է պրոբլեմ ստեղծել: Որևէ փաստագրության մեջ այս մասին խոսք չկա: Թուրքերը հրեաներից առաջ են վավերացրել այդ օրենքը: Թուրք կառավարությունն այդ փաստաթուղթը վավերացրել է 1954թ. հունիսին, իսկ հրեաները՝ նույն թվականի հուլիսին: Այսինքն՝ թուրքերն ընդունում են Ցեղասպանության ճանաչման մասին օրենք, կոնվենցիա, բայցգ Ինչպե՞ս կարելի է այս ամենի մեջ չխորանալ: Հրեա և թուրք հարաբերության մեջ խոստովանություն է եղել՝ թուրքը պետք է հրեային օգնի, որ կոնվենցիայով գերմանացիների հերն անիծեն, բայց ոչ մի կերպ չպետք է հայերի վրա տարածվի: Հրեաները չպետք է թույլ տան, որ ՄԱԿ-ից կամ մեկ այլ կառույցից անցնի, և փաստ է՝ մինչ օրս հրեան չի ընդունել մեր ցեղասպանությունը»,- ասում է Ա. Ճգնավորյանը՝ հավաստիացնելով, որ այդ հարցի վերաբերյալ բոլոր քննարկումները խոչընդոտվում են հրեաների կողմից: Նա հիշեցնում է, որ մինչ այսօր Հայոց ցեղասպանության մասին խոսք չի եղել ՄԱԿ-ում՝ ընդգծելով, որ թուրքի և հրեայի համագործակցությունը մեզ համար առ այսօր խոչընդոտներ է ստեղծում: «Մենք մինչև այսօր չենք կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ հրեաների ցեղասպանությունն ընդունվեց, իսկ հայերինը՝ ոչ: Թուրքը, ի հակառակ Գերմանիայի՝ ջարդել է մեր ինտելեկտուալիզմը, մի գիշերվա մեջ հայ ինտելեկտուալներին վերացրին, ինչո՞ւգ Որովհետև թուրքը քաջ գիտակցում էր, որ աշխարհի առաջ կանգնող, խոսողներն ինտելեկտուալ մարդիկ են, նրանք են խոսքը, միտքը բացատրելու կարողությամբ օժտվածները, այլ ոչ թե՝ գործարար դասակարգը: Չեմ թերագնահատում գործարարին, նա քեզ կօգնի ապրել, բայց աշխարհի առաջ խոսել կարող է ինտելեկտուալ մարդը»,- ասում է Ա. Ճգնավորյանը՝ հիշեցնելով, որ ի տարբերություն մեզ, հրեաները չմնացին իրենց կորցրած հողերի մտքի վրա, այլ 4000 տարի սփռվելով Եվրոպայում, ԱՄՆ-ում` կրթվեցին, հասկացան այդ ազգերի հոգեբանությունը և կարողացան աշխարհի առաջ կանգնել ու խելամիտ խոսել: Հետևաբար` հայերն ապրելով թուրքի, պարսիկի ու արաբի մեջ, չկարողացան աշխարհի լեզվով խոսել, հայերի պաշտպանության մարտավարություն մշակել, որի պատճառով առայսօր դոփում ենք:
Այնուամենայնիվ, Ա. Ճգնավորյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության դիրքորոշումը և Թուրքիային ուղարկված մեսիջով հպարտորեն հասկացնի, որ` «Չկարծեք, թե թույլ էինք. Դուք ջարդել էիք մեր ինտելեկտուալ կազմը, որ մենք չկարողանանք խոսել: Թուրքիայի բռնած դոկտրինը խորամանկ ու ճիշտ էր: Մենք պետք է հայտարարենք, որ` այո՛, 60 տարի չկարողացանք խոսել, բայց հիմա հպարտ ենք, կրթված, ինտելեկտուալներ ենք ու աշխարհի առաջ ասում ենք՝ զգույշ եղիր: Մենք վերականգնել ենք մեր ինտելեկտուալիզմը, և դա է աշխարհի ուժը»,- հայտարարում է Ա. Ճգնավորյանը՝ ՀՀ նախագահին կոչ անելով աշխարհում սփռված ինտելեկտուալ հայերին հավաքել և Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայտարարություններն առավել դիպուկ, հասցեական և խելամիտ հնչեցնել: Ըստ նրա՝ կարևոր է, որ թուրքերը գիտակցեն, որ մենք հիմա ձայն ունենք, լեզու գիտենք, հասկանում ենք ազգերի հոգեբանությունը, հետևաբար` նաև հասկանում ենք թուրքերի հոգեբանությունը: «Թուրք իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց ազգի մեջ նույնպես կան ինտելեկտուալներ, որոնք իրենց չեն ների: Նրանց էլ պետք է ներգրավենք, որովհետև թուրք ինտելեկտուալներն ընդունում են ջարդը: Սա պետք է լինի մեր մեսիջը»: Նա հավաստիացնում է, որ աշխարհի հոգեբանությունը պահանջում է ոչ թե «մլավել», լաց լինել, խնդրել, այլ իր առջև կանգնել ինչպես հավասարը՝ հավասարի հետ. «Աշխարհն այսօր չի ցանկանում գործ ունենալ «մլավող» մարդկանց հետ: Պետք է հպարտորեն կանգնել ու պահանջել ընդունել Ցեղասպանությունը: Փաստ է, որ Ֆրանսիայում հայ ինտելեկտուալների շնորհիվ ընդունվեց Ցեղասպանությունը: Պետք է խելոք մարդկանց գործի դնել՝ պառլամենտներում, համալսարաններում, որտեղ շատ պրոֆեսորներ ունենք, ամեն տեղ, որտեղ կարող են ազդել ազգերի վրա: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը իր դռները բացում է աշխարհի բոլոր ուղեղների առջև: Դա է միգրացիայի գաղտնիքը: Ամբողջ աշխարհի խելքի վրա, առանց դրամ ծախսելու` հարստանում է, որովհետև ինքն առանց դրամ վճարելու այդ ուղեղներին տիրացել է: Կորուստը կրում է այն երկիրը, որտեղից խելքն արտահանվում է: Նույն պատկերը Հայաստանում է, որտեղից կշեռքի նժարին դրվելու ծանրության կորուստ ենք կրում»: Ա. Ճգնավորյանը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանը։ «Խնդրում եմ, հպարտ կանգնեք աշխարհի առաջ. Հպարտորեն նշենք Ցեղասպանության 100-ամյակը և թուրքերին զգոնության կոչ անենք: Հիշեցնենք, որ ի տարբերություն հրեաների ցեղասպանության՝ հայերինը ինտելեկտուալ ջարդ է եղել, և մենք չենք կարողացել խոսել մեր իրավունքներից: Այսօր մենք հպարտորեն կանգնած ենք աշխարհի առաջ ու ունենք փաստաբաններ, պատմաբաններ, գիտնականներ: Մենք մեր իրավունքների պահանջատերն ենք և գիտենք դրանցից օգտվել: Կամ փակեք ՄԱԿ-ը, կամ հարգեք ՄԱԿ-ի մարդկային իրավունքները: Սա ի՞նչ ՄԱԿ է, ի՞նչ սկզբունք է՝ մարդկանց իրավունքների նման անմարդկային ոտնահարմանը չանդրադառնալ, բայց շարունակել մարդկանց իրավունքների պաշտպանության նոր կոնվենցիաներ ստեղծել: Պետք է հասկանան, որ այս ազգը չի մլավում՝ պահանջում է»,- հայտարարում է ՄԱԿ-ում երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած տիկինը` հիշեցնելով, որ մեր խոսքը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս