Ինչո՞ւ են թանկացել դեղերը. պարզաբանում է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը
Հայաստանում շրջանառվող դեղերի մինչև 10 տոկոսն է հայկական արտադրության: Այս մասին այսօր Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը նշեց, որ 10 տոկոսը շատ ցածր ցուցանիշ է. «Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այս թիվը բարձրացնենք»:
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ որո՞նք են Հայաստանի հիմնական խնդիրները դեղագործության ոլորտում, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց. «Դեղագործության ոլորտում հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետություն դեղարտադրությունը խթանելն է: Մենք մեր պահանջարկի մինչև 10 տոկոսն ենք կարողանում մեր երկրում արտադրել: Դա ինձ շատ է մտահոգում, և մենք աշխատում ենք խթանել, որպեսզի այս ոլորտը զարգանա»: Դ. Դումանյանն ասաց, որ Եվրոպայում ընդունված են պատշաճ արտադրական գործունեության չափորոշիչները, և նախարարությունը հայաստանյան դեղարտադրողների առջև խնդիր է դրել՝ արագ անցնել այս համակարգին:
«Այս համակարգին անցնելուց հետո մեր երկրի վարկանիշն էլ այս ոլորտում կփոխվի: Ե´վ ներմուծողները, և´ արտահանողներն ավելի լուրջ կվերաբերվեն մեր արտադրությանը»,- ասաց նա: ՀՀ առողջապահության նախարարի խոսքով՝ առաջիկա 4-5 ամիսների ընթացքում դեղ արտադրող հայաստանյան երեք ընկերություններ կստանան պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր: «Ապագայում մյուս արտադրողները ևս՝ թվով 15-16, կաշխատեն հավասարվել նրանց: Մենք այս ուղղությամբ ամեն ինչ պետք է անենք: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր արտադրանքը դրսում մեծ ճանաչում և պահանջարկ ունենա: Այսօր արդեն մեր արտադրության մոտ 50-55 տոկոսն արտահանվում է երկրից, բայց այդ հավաստագիրն ունենալուց հետո, ես կարծում եմ, վստահությունը մեր արտադրանքի նկատմամբ կաճի: Մենք պետք է նաև այդ արտադրանքը տեղում օգտագործենք, որպեսզի նաև մեր բնակչության մոտ վստահություն լինի, որ այն արտադրանքը, որ տալիս են մեր արտադրողները, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, և իրենք միանգամայն ազատ կարող են այն օգտագործել՝ նկատի ունենալով, որ դրանք կլինեն անվտանգ, արդյյունավետ և օգտակար»,- նշեց նախարարը: Նա խնդիր համարեց նաև այն, որ հայաստանյան 18 դեղարտադրող կազմակերպություններից միայն 3-ն է հավակնում այդ հավաստագրերին: «Պետք է ասեմ նաև, որ նման չափորոշիչին համապատասխանելը պահանջում է նաև մեծ ներդրումներ. Բնական է՝ պետք է լինեն մեծ ներդրումներ, հումքի խնդիրներ պետք է լուծել և շատ այլ խնդիրներ: Մի բան, որ մեզ բավարարում է, մարդկային ռեսուրսներն են: Մենք ունենք շատ լավ գիտնականներ, մասնագետներ այս ոլորտում, և կարծում եմ՝ առաջիկայում այս ոլորտում առաջընթաց կունենանք»:
Անդրադառնալով դեղերի գների ոլորտում Առողջապահության նախարարության մշտադիտարկումներին՝ Դերենիկ Դումանյանն ասաց, որ երեկ իրեն զեկուցել են՝ դեղերի գների տատանումները եղել են 3-4 տոկոսի սահմաններում: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում դեղերի գների բարձրացումը, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Մասնագետներն ասում են, որ դա պայմանավորված է միջազգային շուկայով, տրանսպորտային ծախսերով, սեզոնայնությամբ: Եթե որոշ դեղորայքներ կան, որ ձմռանն էժան են լինում, ամռանը որոշ հիվանդություններ գլուխ են բարձրացնում, և բիզնեսի օրենքն է, որ նրանց սպառումն ավելանալով՝ բնականաբար, նաև գումարն է ավելանում: Գների բարձրացումը պայմանավորված է նաև գործարանային գների տարբերությամբ, արտադրության, հումքի գների տարբերությամբ և բիզնեսի կանոններով»: