«Օֆշորային» սկանդալը կոծկելն անհնար է
Ասում է ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը
– Սյունիքում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ կրակոցներ եղան, որի արդյունքում սպանվեց Բուդաղյան եղբայրներից մեկը, իսկ մյուսը վիրավորվեց և մինչ օրս հիվանդանոցում է: Սուրեն Խաչատրյանն էլ այս ամենից հետո, ի վերջո, հրաժարական ներկայացրեց մարզպետի պաշտոնից: Ո՞վ է պատասխանատու այս ու նման դեպքերի համար, և ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կողմից` արյունալի այդ դեպքի կապակցությամբ արված հայտարարությունները:
– Իշխանության պահվածքը բացարձակապես համարժեք չէ կատարվածին: Ի՞նչ է նշանակում` մենք կգնահատենք կատարվածը, երբ ավարտվի քննությունը: Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կատարված հանցագործության համար կրում է քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր տալ իր քաղաքական գնահատականը: Իրավիճակին համարժեք չէր նաև քննությունն իրականացնող մարմինների արձագանքը, ինչի հետևանքով իրարամերժ վարկածներ ու տեսակետներ էին շրջանառվում: Գորիսում կատարվածը ոչ թե աղաղակող առանձին դեպք է, այլ արդեն` երևույթ, երբ իշխանությունն իր ներսի տարաձայնությունները կարգավորում է հրազենով: Իշխանության քրեաօլիգարխիկ գործելաոճը կլանում է քաղաքականը, ինչն առավել ցայտուն է դառնում ընդդիմության փաստացի չգոյության, զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում, որն էլ խթանում է իշխանության սանձարձակությունը: Հասարակությունը որևէ վստահություն չունի, որ ինչպես` այս, այնպես էլ` նմանատիպ այլ գործերով կանցկացվի անաչառ, բազմակողմանի քննություն: Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ իշխանության, գործարարության, կրիմինալի ու բարեգործության միաձուլումն առաջացրել է ոչ միայն պետության և ժողովրդի շահերից չբխող գործելակերպ, այլև` արդեն պետական մտածողության ու դրանից բխող քայլերի խոր դեֆիցիտ: Իշխանություն ասելով` նկատի ունեմ ոչ միայն ՀՀԿ-ին, այլև որպես ոչ ֆորմալ իշխանությանը` հանձինս ԲՀԿ-ի: Այս երկու թևերի գերխնդիրն է` պահել այս վիճակը, և երկու թևերն էլ, հատկապես`ոչ ֆորմալը, ցուցաբերում է ծայրահեղ անհանդուրժողականություն այն քաղաքական ուժերի, քաղաքացիական կառույցների, անհատ գործիչների նկատմամբ, ովքեր ինքնուրույն են, «կուլ չեն գնում» և չեն սպասարկում այդ երկու թևերից որևէ մեկին: Քաղաքական փաստարկների բացակայությունն այդ անհանդուրժողականությունը դարձնում է ագրեսիվ և դրսևորվում բանսարկությունների միջոցով:
Քաղաքական համակարգը խոր բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ է: Անվիճելի է հասարակության անտարբերությունն ու արհամարհանքն այդ համակարգի նկատմամբ: Հայաստանում այսօր կուսակցություններից և հաճախ քաղաքացիական կառույցներից անկախ` ինքնաբուխ բռնկվում են դիմադրության, անհանդուրժողականության օջախներ: Հասարակության տարբեր հատվածներում, երկրի տարբեր շրջաններում տարերայնորեն առաջացող այս բողոքներն իրենց բնույթով քաղաքական պայքարի նոր ձևեր են: Ընդդիմության բացակայությունն է պատճառը, որ իշխանությունը հասարակության հետ դեմ առ դեմ է մնացել: Այս իրավիճակում իշխանությունը քաղաքական բովանդակություն և ներուժ չունի` դիմակայելու ներքին ու արտաքին, այդ թվում` պետականությանը սպառնացող հնարավոր մարտահրավերներին:
– Սյունիքի դեպքերը կարծես ստվերեցին վերջերս հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Այս առնչությամբ քաղաքական ի՞նչ գնահատական պետք է տրվեր իշխանության կողմից:
– Նման հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին: Իշխանությունները պարտավոր էին իրականացնել հետևյալ երկու քայլերից մեկը` վարչապետը և ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք է հետևեին արդեն իրավական գործառույթներ: Եվ երկրորդ` եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե` հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և վարչապետը որևէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության և գումարային փոխանցումների հետ, ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեև ավելի: Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել` սա արդեն հարված է պետությանը և ազգային անվտանգության լուրջ խնդիր: Իշխանության քայլերը համարժեք չեն, մինչդեռ բավական ժամանակ է անցել, և, եթե իրենց առաջ քաշած վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արդեն անհրաժեշտ գործողություններ իրականացված լինեին: Արդեն իսկ այդ առիթով պետք է հարուցված լիներ քրեական գործ և այդ գործի շրջանակներում սպառիչ պատասխաններ տրվեին, թե ի՞նչ ուժեր են ՀՀ վարչապետի անունից նման գործարքներ իրականացրել: Մինչդեռ փոխարենը` իշխող կուսակցությունը խորհրդարանում տապալում է Հրանտ Բագրատյանի «օֆշորային» օրենսդրական նախաձեռնությունը: Տպավորություն է, որ փորձ է արվում հարցը քնեցնել, մոռացության մատնել այն, ինչպես վարվում են, օրինակ, Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի դեպքում: Վարչապետի հետ կապված «օֆշորային» այս սկանդալը, սակայն, կարծում եմ` անհնար է կոծկել. հասարակությունը պահանջում է համարժեք քաղաքական և իրավական քայլեր: