Իշխան Զաքարյանի «սենսացիոն» բացահայտումները, Հովիկ Աբրահամյանի ոչ պակաս սենսացիոն հարցերն ու Էդուարդ Շարմազանովի զարմանքը
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվությունը: Սկզբում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանդես եկավ հիմնական զեկույցով և ներկայացրեց իրենց կողմից հայտնաբերված խախտումները, ապա անդրադարձավ ոլորտներին առանձին ուսումնասիրության արդյունքներով: Հաշվետվության ներկայացումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, օգտվելով արտահերթ հարց տալու իր իրավունքից հայտարարեց, թե զարմացած է, որ իրենք քննարկում են մի հարց, որտեղ գործ ունեն, «թալանչիների, յուրացնողների հետ», իսկ իրենք որևէ լուրջ քայլ չեն իրականացնում։ «Այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն: Սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետև բազմաթիվ նույն սխալները թերությունները կրկնվում են»,- ասաց ԱԺ նախագահը: Վերջինս Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց նաև, թե գերատեսչության ղեկավարների կամ պատկան մարմինների հետ այս հարցերը քննարկելիս ի՞նչ պատասխաններ է ստացել նրանցից` յուրացումների մասին: «Անկեղծ ընդունո՞ւմ են, որ յուրացրել են, և եթե չբռնեին՝ էլի կյուրացնեին, կտանեին տո՞ւն»,- շարունակեց Հովիկ Աբրահամյանը, ապա թե՝ «Խոսում եք ստվերից. բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, և մենք իրականում ոչ մի քայլ չենք անում։ Ես կուզեի հասկանալ, որ քննարկում եք, այդ մարդիկ ի՞նչ են ասում»: Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ իրենք մոտ երեք ժամ շատ մանրակրկիտ քննարկում են անցկացրել ՀՀԿ խմբակցության հետ ու խնդիր է դրվել, որ կառավարությունը հստակ պատասխանի, թե նախարարները ի՞նչ քայլեր են ձեռնարկել ՎՊ ստուգումների արդյունքում։
Զաքարյանը նաև նշեց, որ դրանից հետո վարչապետը «մեկ առ մեկ» բոլորին հարցրել է, թե ՎՊ-ի վերահսկողության արդյուքնում արձանագրված խախտումներն ի՞նչ ընթացք են ստացել։ Նա հայտնեց, որ նախարարների պատասխանները տեղադրված են իրենց գրատեսչությունների կայքերում ու շեշտեց. «Իհարկե, կան պատասխաններ, որոնք ընդամենը կարելի է համարել պատասխան»: Հովիկ Աբրահամյանը ավելացրեց, թե գուցե հասարակության մոտ տպավորություն ստեղծվի, որ թերություններն ու յուրացումները հայտնաբերելով, բայց դրանց համար ոչ մի պատիժ չկիրառելով, իրենք և՞ս մասնակից են դառնում այս գործընթացներին: ՎՊ նախագահն էլ համաձայնեց, թե պատժելու առումով, հավանաբար, այն, ինչ կատարվում է, դեռևս բավարար չէ:
ՎՊ տարեկան հաշվետվության արդյունքներից ոչ պակաս զարմացած էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ևս իր մտահոգությունները հայտնեց փաստաթղթի նկատմամբ ու հայտարարեց, որ եթե մարդը «մսխել է» գումարներն ու որոշել է «չաղ ու բախտավոր» ապրել, դա անթույլատրելի է: Նա հոմոզմունք հայտնեց, որ կոռումպացված չինովնիկ ունենալը պետք է չթույլատրել, ապա նշեց. «Էդ չաղ ու բախտավոր չինովնիկները պետք է անցյալում լինեն»: