ԲՀԿ-ն կառավարության ծրագրի հաշվետվությունը գնահատում է անբավարար
ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ գնահատականը մնացել է անփոփոխ: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Հայտարարվեց, որ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մնալու է անփոփոխ: Մենք քանիցս ասել ենք, որ տարվող քաղաքականությունը ոչ միայն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները, այլև` տարվող քաղաքականությունը խորացնելու է առկա ճգնաժամը, ինչը հղի է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրներով»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:
Տ. Ուրիխանյանը նշեց, թե նախորդ ծրագրային խոստումները Կառավարությունն անգամ մասամբ չի լուծել, միևնույն ժամանակ՝ Հայաստանում ներդրումների ծավալները նվազել են, արտագաղթի թիվը մեծացել է, իսկ արտաքին պարտքի ցուցանիշն՝ ավելացել: «Այս ամենից հետո խոսում են մտածողության հեղափոխության մասին, ինչպես նախկինում ասում էին` չխոսենք ճգնաժամից, որ այն մեզ շրջանցի: Լուրջ չէ, հարգելի գործընկերներ: ԲՀԿ-ն այս ամենի մասին մշտապես խոսել է, հիմա էլ ասում ենք` լավ գործ անեք՝ մենք պատրաստ ենք սատարելու, սակայն սոցիալ-տնտեսական տարվող քաղաքականությունը չի նպաստում այս խնդիրների լուծմանը, և այդ պատճառով մենք հրաժարվեցինք կոալիցիայի մաս կազմել՝ չցանկանալով պատասխանատվություն վերցնել մի քաղաքականության համար, որի հետևանքները մեզ համար ի սկզբանե կանխատեսելի էին: Մեր գնահատականները մնում են անփոփոխ՝ ԲՀԿ-ն ներկայացվող ծրագրի հաշվետվությունը գնահատում է անբավարար»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը: