«Օգնեք ինձ տեսակցել երեխայիս». Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո նախագահ,
Հարկադրված եմ Ձեզ դիմել` որպես ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության և արդարության երաշխավորի և ակնկալել Ձեր միջամտությունն իմ վերաբերյալ հարուցված քրեական գործի քննության օրինականությունն ապահովելու հարցում:
Գործի հակիրճ դատավարական նախապատմությունը հետևյալն է.
Իմ նախկին կինը` Ալինա Չոբանյանը, ով ներկայումս աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում, և հավաստի տեղեկություններ ունեմ, որ վայելում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությունը, մեր երեխային` Լուսինե Ղազանչյանին, ԱՄՆ-ից ապօրինի կերպով տեղափոխել է Հայաստան և այլևս չի վերադարձել և ապօրինի կերպով խոչընդոտում է իմ և երեխայիս ինչպես` անմիջական, այնպես էլ` միջնորդավորված տեսակցություններին:
Ինձ հայտնի է, որ ՀՀ վարչապետի անմիջական միջնորդությամբ է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ պրն Մնացական Սարգսյանը վերացրել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը և ցուցում տվել քննիչին, որպեսզի ինձ առաջադրվի ՀՀ քր. Օր. 173 և 3451 հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեղադրանք, իբրև թե ես խուսափում եմ կատարել իմ ալիմենտային պարտավորությունները և իմ դստերը` Լուսինե Ղազանչյանին, ապրուստի միջոց տրամադրել: Շուրջ երկու տարի տևած նախաքննության ընթացքում նախաքննական մարմնի կողմից շարունակվում է իմ ենթադրվող աշխատավարձի չափի պարզումը: Փաստորեն, փոխանակ ինձանից հօգուտ իմ դստեր բռնագանձվեր կայուն դրամական գումարով ալիմենտ, ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ, քանի որ դատարանը չուներ և առայսօր չունի իմ աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվություն, սահմանել էր աշխատավարձի 1/4-ի չափով ալիմենտ, ինչը հանգեցրեց այս բոլոր դատական քաշքշուկներին:
Ստացվում է, որ անօրինականությունների ճանապարհով երեխայիս առևանգած և Կոլումբիայի դատարանի վճռով երեխայի առևանգիչ ճանաչված տիկին Ա. Չոբանյանը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հովանավորության ներքո ՀՀ դատարաններում իրեն ցանկալի վճիռներ է վերցնում, հաջողությամբ ինձ խճճում է քրեական մեղադրանքների մեջ, և ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում օգտագործվում են միայն Ա. Չոբանյանի բանավոր հայտարարությունները: Քրեական գործ հարուցելուց, այնուհետև` հետախուզում հայտարարելուց, իմ ազատ տեղաշարժը սահմանափակելուց հետո է միայն փորձ արվում պարզել իմ ենթադրյալ աշխատավարձի չափը: Հետևապես, առողջ ու մտածող մարդու համար նման պայմաններում հարց է առաջանում, թե որտեղի՞ց նախաքննական մարմնին հայտնի դարձավ, թե ես արդյո՞ք խեղաթյուրում եմ իմ աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկությունները, թե՞ ոչ: Իսկ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ, իր հերթին, չունենալով իմ աշխատավարձի վերաբերյալ տվյալներ, իմ ենթադրվող աշխատավարձի 1/4-ի բռնագանձման վերաբերյալ վճիռ է կայացրել, որն էլ կայացնելուց մի քանի ամիս անց դարձել է քրեական գործ հարուցելու հիմք:
Սա ակնհայտ միջամտություն է իմ կյանքին, որն իրականացնում են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր սանիկները, որտեղ որպես խաղաքարտ օգտագործվում է իմ երեխան: Դրա պատճառով ես շուրջ երկու տարի չեմ կարողանում կապ հաստատել իմ երեխայի հետ: Եվ այդ ժամանակն ինձ արդեն ոչ ոք չի վերադարձնի: Վարչապետն ինձ պատճառած այս անվերականգնելի բարոյական վնասը փոխհատուցելու փոխարեն` մտածում է, թե ինձ ինչ նոր խոշոր գումարների խեղաթյուրումների մեղադրանքներ առաջադրեն, որ իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը չհանվի: Այս ապօրինությունն ուղղակի և անհամաչափ միջամտություն է մարդու իրավունքներին և չի բխում իմ երեխայի լավագույն շահերից:
Ինչ վերաբերում է ալիմենտի վճարումից խուսափելու մեղադրանքին, ապա պետք է նշեմ, որ, արդեն երեք ու կես տարի է, բարեխղճորեն իմ երեխային տրամադրում եմ ապրուստի համար ավելի քան բավարար միջոցներ. Սկզբում յուրաքանչյուր ամիս` 50.000-ական, այնուհետև` 100.000-ական ՀՀ դրամ գումար, ուղարկում եմ անհրաժեշտ հագուստներ ու կենցաղային պարագաներ, կատարում եմ բժշկական ապահովագրության վճարները: Բացի այդ, իմանալով, որ դուստրս հաճախում է մանկապարտեզ-նախակրթարան, երեխայիս ամսական վճարումներին ավելացրել եմ նաև մանկապարտեզի վարձը` 80.000 ՀՀ դրամի չափով: Իմ վերաբերյալ բոլոր գործերում վարչապետ Տ. Սարգսյանի միջամտության փաստն իմ անմիջական համոզմունքի արդյունքն է: Այդ մասին նաև ինձ հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նրանից եմ իմացել նաև Ալինա Չոբանյանի դատական հաջողությունների համար վարչապետի կողմից դատարանների վրա ազդելու բազմաթիվ փաստերի մասին: Բացի այդ, Ալինա Չոբանյանն իր համար մտերիմների շրջապատ է ստեղծել, որի մեջ ներգրավված են վարչապետի սանիկներ` ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Աշոտ Ավետիսյանը և նրա հարսը` Աննա Եղիազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանն ու այլ մերձավորներ:
Նրանց միջոցով Ա. Չոբանյանը դատական և իրավապահ մարմիններում կարողանում է հասնել իր համար ցանկալի որոշումների ընդունմանը: Դա ինձ հոգեբանական պարտության մատնելու նրանց ընտրած ճանապարհն է, սակայն իրականում ես այդ պարտությունները տեսնում եմ կայացված անօրինական որոշումների կերպով: Ե՛վ Դատախազությունում, և՛ դատարաններում բոլորն էլ ընդունում են այն փաստը, որ ՀՀ վարչապետն Ա. Չոբանյանի օգտին նախաքննական մարմիններում և դատարաններում գործողություններ կատարելու ուղղությամբ շահագրգռված անձ է, և որևէ պաշտոնյա չի կարողանում այդ ներազդվելու դաշտից իր գործողությունները տեղափոխել օրենքի կիրառման ոլորտ և գործին վերջնական լուծում տալ:
Այդ հովանավորչությունը թևավորել է Ալինա Չոբանյանին, և վերջինս արդեն մեծամասշտաբ գործողություններ է սկսել նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների դեմ` խոչընդոտելով իմ և երեխայիս տեսակցության կազմակերպման հարցում: Նա 2012 թվականի հոկտեմբերին մերժել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, ովքեր ցանկացել են կազմակերպել իմ և աղջկաս հեռախոսային հաղորդակցությունը:
Ստացվում է, որ իմ և երեխայիս հաղորդակցության կենտրոնում հայտնվել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, և նրան որևէ կերպ հնարավոր չէ մեկուսացնել, իսկ վերջինս, ինչպես տեսնում եմ, մտադիր է շարունակել օգտագործել իր պաշտոնական դիրքը նաև այն բանից հետո, երբ նախաքննական մարմնի բազմաթիվ որոշումներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ճանաչվել են անօրինական և չհիմնավորված: Մասնավորապես, քրեական գործի վարույթը հաճախակի կասեցնելու, նախապատրաստված նյութերով քննիչի կողմից կայացված` քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացնելու` վերադաս դատախազի որոշումը և հետախուզում հայտարարելու որոշումները հիմնված են զուտ ենթադրությունների վրա և զուրկ են որևէ իրավական հիմնավորումից:
Անօրինական քրեական գործի հարուցումը, այնուհետև` նույն ճանապարհով առաջադրված մեղադրանքը, հետախուզման առկայությունն ինձ զրկել են ՀՀ վերադառնալու և երեխայիս հետ շփվելու հնարավորությունից:
Հարգելի նախագահ.
Ապավինում եմ Ձեր ազդեցությանը և Ձեր կողմից պաշտոնյաներին բազմիցս հնչեցված Ձեր զգուշացումներին, որ որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի ցանկացած բնույթի ապօրինի միջամտություն իրականացնել այնպիսի ոլորտներում, որոնց վրա ազդելու օրենքով սահմանված գործառութային իրավասություններ չունի: Հետևապես, կարևորելով Ձեր մոտեցումը և զգալով Ձեր միջամտության անհրաժեշտությունը, խնդրում եմ իմ հարցին տալ վերջնական և ճիշտ լուծում, որպեսզի կարողանամ վերադառնալ Հայրենիք, շփվել երեխայիս հետ և մասնակցել նրա կյանքին:
Հարգանքներով` ՀՀ քաղաքացի
ՄԱՆՈՒԿ ՂԱԶԱՆՉՅԱՆ
hասցե` One Scott Circle NW 20036
Washington D. C. USA
hեռ: (1) 202-569-9306