Ի՞նչ սկզբունքով է Չախմախչյանը վարձատրում Վանաձորի թատրոնի աշխատակիցներին
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական և սպասարկող անձնակազմի` նույն հաստիքով ձևակերպված մի շարք աշխատողների աշխատավարձեր տարբեր չափով են հաշվարկվում:
Թատրոնում բարձր վարձատրվող հաստիքներն են` գեղարվեստական ղեկավարի` 152 000 դրամ, տնօրենի` 145 750 դրամ, գլխավոր հաշվապահի` 126 200 դրամ, փոխտնօրենի` 114 000 դրամ, գլխավոր ադմինստրատորի` 102 000 դրամ, դերասաններից բեմի առաջատար վարպետի` 86 500 դրամ, հնչյունային օպերատորի` 80 000 դրամ, տնտեսագետի` 71 600, հյուսնի` 67 000 դրամ: Մյուսները սրանցից ցածր վարձատրվող հաստիքներն են:
Մշակույթի նախարարության տրամադրած` թատրոնի աշխատակազմի և դրույքաչափերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն` բեմադրող ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանի աշխատավարձը սահմանված է 67 400 դրամ, իսկ բեմադրող ռեժիսոր Սարգիս Մանուկյանինը` 58 300 դրամ:
Բարձր կարգի դերասաններ` Գագիկ Դուրմիշյանն ստանում է 64 600 դրամ, Շահեն Հարությունյանը` 68 000 դրամ: Առաջին կարգի դերասաններ` Արթուր Պապիկյանն ստանում է 63 000 դրամ, Ալլա Դարբինյանը` 64 600 դրամ, Սարգիս Ավետիսյանն ու Էդգար Քոչարյանը` 58 400 դրամ: Երկրորդ կարգի դերասաններ` Գայանե Մեսրոպյանը, Արաքսյա Քոչարյանը, Վահրամ Խառատյանը` 48 300 դրամ, Հակոբ Դեմիրճյանն ու Վասիլ Նազլուխանյանը` 58 400 դրամ, Գլակ Անդրեասյանը` 24 150 դրամ, Սոնա Մաթևոսյանը` 20 000 դրամ: Օժանդակ կազմի դերասանուհիներ` Քրիստինե Ալիխանյանն ու Մարինե Պետրոսյանը`40 000 դրամ, Թինա Գալոյանը` 20 000 դրամ: Էլեկտրալուսավորողներ` Սարգիս Գալստյանը` 45 000 դրամ, Խաչիկ Միրզոյանը` 59 900 դրամ, Աշոտ Գևորգյանը` 40 000 դրամ: Տոմսային գանձապահներ` Ամալյա Շահնազարյանը` 40 000 դրամ, Անահիտ Գևորգյանը` 19 000 դրամ, Սոնա Քոչարյանը` 53 200 դրամ: Տեխնիական աշխատողներ` Վերժիկ Հարությունյանն ու Լիաննա Վիրաբյանը` 40 000 դրամ, Ռայա Ավետյանը` 45 000 դրամ:
Նախարարությանն ուղարկված հարցմանը, թե ինչպես են իրենց տրամադրած ցանկի «դրույքաչափ» սյունակում («դրույքաչափի» տակ մենք հասկանում էինք 1 ամբողջ դրույք, քանի որ այլ նշումներ չկային) տեղ գտել 18 500 և 20 000 դրամի չափով աշխատավարձեր, որոնք հակասում են նվազագույն աշխատավարձի չափին, պատասխանել են, թե մատնանշված աշխատավարձի չափերը սահմանվել են` նկատի ունենալով այդ դրույքներով աշխատող անձանց ոչ լրիվ աշխատանքային զբաղվածությունը, որ նրանք աշխատում են 0,5 դրույքով:
Խնդրել էինք պարզաբանել նաև, թե ինչպես է, որ ըստ տրամադրված ցանկի, թատրոնի` միևնույն պաշտոն զբաղեցնող անձինք տարբեր դրույքաչափերով են վարձատրվում: Եվ ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով է թատրոնում հաշվարկվում աշխատողների աշխատավարձը: Պատասխանել էին, թե երկու բեմադրող ռեժիսորների դրույքաչափը նույնն է` 58 300 դրամ, բայց Ջանիկ Ավետիսյանին թատրոնի արտաբյուջեից հավելյալ վճար է տրվում` նրա սոցիալական ծանր վիճակից ելնելով, ինչի արդյունքում նրա աշխատավարձը կազմում է 68 300 դրամ: Երկրորդ կարգի դերասան Հակոբ Դեմիրճյանի աշխատավարձի վերաբերյալ նշել էին, թե իրենց ուղարկած հաստիքացուցակում տեխնիկական վրիպում են թույլ տվել. նրա դերասանական կարգը երկրորդից փոխվել է առաջինի, և աշխատավարձ է սահմանվել առաջին կարգի դերասանի դրույքաչափով: Գլակ Անդրեասյանի վերաբերյալ էլ նշել էին, թե վարձատրվել է 0,5 դրույքով` ըստ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի: Մյուս աշխատակիցների աշխատավարձերի` հաստիքային դրույքաչափերի հետ անհամապատասխանությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չի տրվել:
Նախարարությունն իր պատասխանում նշել է, որ թատրոնի տնօրենը ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ և պետական լիազոր մարմնի հետ կնքած աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրավասու է կնքվող աշխատանքային պայմանագրերում սահմանել աշխատողի վարձատրության չափը:
Տնօրենի այդ լիազորությունն ամրագրված է 2007 թ. ապրիլի 12-ին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության` ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի և Հովիկ Չախմախչյանի միջև կնքված N 3 աշխատանքային պայմանագրով, որով Հովիկ Չախմախչյանն աշխատանքի է ընդունվել նախարարության ենթակայության «Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ում` տնօրենի պաշտոնում:
Ի դեպ, նույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված են տնօրեն Չախմախչյանի վարձատրության չափը և կարգը, ըստ որի` նա ստանում է աշխատավարձ ամսական 96 000 դրամի չափով: Պայմանագիրն ուժի մեջ է մտել կնքման պահից` 5 տարի ժամկետով:
Այսինքն` պայմանագրի գործողության ժամկետը լրանում էր 2012 թ. ապրիլի 12-ին: Իսկ թատրոնի աշխատակազմի և դրույքաչափերի վերաբերյալ տեղեկությունը, համաձայն որի, տնօրենն իրեն աշխատավարձ է նշանակել 145 750 դրամի չափով, նախարարությունը տրամադրել է 2012 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ:
Հարց` ի՞նչ սկզբունքով է թատրոնի տնօրենը պայմանագրով սահմանված աշխատավարձից ավել աշխատավարձ նշանակել իրեն:
Ի դեպ, Վանաձորի թատրոնում Աշխատանքի պետական տեսչության` 2011թ.-ին իրականացրած` ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում արձանագրվել էր, որ 2009թ. հունվարից մինչև 2011թ. նոյեմբերը ներառյալ թատրոնի` թվով 82 աշխատողների չէր վճարվել 354 հազար 728 դրամ աշխատավարձ:
Նշված իրավախախտման համար թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը ենթարկվել էր վարչական պատասխանատվության` չվճարած աշխատավարձի 1/4-ի չափով` 88 հազար 682 դրամի վարչական տուգանք:
Վարչական իրավախախտման մասին արձանագրության համաձայն` նախատոնական օրերին` հունվարի 27, մարտի 7, մայիսի 27, սեպտեմբերի 20, աշխատաժամանակը չէր կրճատվել 1 ժամով, որի հետևանքով չէր վճարվել 155 հազար 200 դրամ աշխատավարձ: Բեմադրիչ ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանի աշխատավարձը իջեցվել էր 9000 դրամով, որի պատճառով չէր վճարվել 36 հազար դրամ:
Գիշերային հերթափոխով աշխատող պահակներին պակաս էր հաշվարկվել և չէր վճարվել 82 հազար 680 դրամ աշխատավարձ: Տոնական և հիշատակի օրերին կատարած աշխատանքի դիմաց պահակներին չէր վճարվել կրկնակի` ընդհանուր 80 հազար 848 դրամ աշխատավարձ: