Արման Մելիքյան. Իրականում ռուսական մենաշնորհի խնդիրը խիստ չափազանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի գներին և ռուսական գազի արտահանման աշխարհաքաղաքական նշանակությանը` Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններում:

«Ռուսաստանի գազա-նավթային մենաշնորհը խիստ անհանգստացնում, երբեմն էլ առերևույթ ուղղակի «սարսափեցնում է» Եվրոպական տերություններին և ԱՄՆ-ին: Մեզ համար եվրոամերիկյան մտավախություններն ընկալելի են, քանի որ դեռ թարմ են մեր անլույս ու անգազ տարիներից մնացած սահմռկեցուցիչ հիշողությունները, և երբ Արևմուտքից սկսում են խոսել ռուսական մենաշնորհը ջարդելու, Ռուսաստանը շրջանցող գազանավթային տարանցումը կազմակերպելու անհրաժեշտության մասին, մեզ մոտ շատերը հոգու խորքում, ոմանք էլ բացեիբաց, խոստովանում են այդօրինակ խոսակցությունների ու պահանջների իրավացիությունը:

Իրականում ռուսական մենաշնորհի խնդիրը խիստ չափազանցված է. իրականում էական էլ չէ անգամ այն, թե Ռուսաստանը դեպի Արևմուտք որքան գազ և նավթ է արտահանում: Բանն այն է, որ Ռուսաստանը դեպի Եվրոպա հիմնականում հենց միայն գազ ու նավթ է արտահանում և ուրիշ ոչինչ: Սեփական պատրաստի արտադրանք Ռուսաստանն այնտեղ չի արտահանում: Չի արտահանում այլ ապրանքներ, բայց ներկրում և սպառում է եվրոպական արտադրության տարատեսակ ապրանքների հսկայական ծավալներ: Այդ ներկրված ապրանքների գնի մասն են կազմում Ռուսաստանից արտահանված էներգակիրների գները: Կարելի է ասել, որ իրականում, քանի դեռ Ռուսաստանը սեփական արտահանման ենթակա արտադրանքը չունի, նավթագազային ոլորտում իր ունեցած մենաշնորհը թվացյալ է ու ձեռնտու արևմտյան գործընկերներին, որովհետև թույլ է տալիս վերջիններին ապահովել սեփական մենաշնորհը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում բոլոր մնացյալ ապրանքատեսակների գծով: Միաժամանակ, ռուսներին այն կեղծ միտքն է ներշնչվում, որ իրենք լուրջ լծակներ ունեն Արևմուտքի քաղաքական պահվածքի վրա ներազդելու համար: Սակայն, փաստորեն, Ռուսաստանը, եվրոպական ապրանքներ ներկրելով, ետ է գնում նաև սեփական գազը, բայց կարծում եմ, որ պատրաստի ապրանքում առարկայացած այդ գազի գինը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանին դրա դիմաց վճարվածը:

Հայաստանի պարագայում վիճակն այլ է. մենք չունենք սեփական էներգակիրների անհրաժեշտ պաշարները և չունենք սեփական արտադրության Ռուսաստան արտահանման համար պիտանի այնպիսի ոչ-հումքային ապրանքների տեսականի, որ այդ ապրանքների մեջ նստած ռուսական գազի գինը հանենք: Այդ պատճառով էլ առայժմ մեր գործընկերային ներդրումը Արևմուտքի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մեջ հիմնականում դրսևորվում է ոչ ապրանքային տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս