Բաժիններ՝

Ո՞վ է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա. կարծիքներ Ֆեյսբուքից (տեսանյութ)

Հունիսի 1-ի գիշերը Գորիսում Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո միջադեպը դարձավ հասարակական, հատկապես` համացանցային քննարկման գլխավոր թեման: Քննարկումները նոր թափ ստացան երեկ գիշերը` «Ա1+»-ի կողմից միջադեպի տեսագրության հրապարակումից հետո:

Այս կապակցությամբ փորձեցինք առանձնացնել սույն տեսագրության վերաբերյալ մի քանի ուշագրավ կարծիքներ, որոնք հրապարակել են Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը` քաղաքացիական ակտիվիստներ, հրապարակախոսներ, լրագրողներ և այլք:

Մասնավորապես՝ հատուկ ուշադրության է արժանի «Առավոտ» թերթի էլեկտրոնային կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի գրառումը տեսագրության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Աննա Իսրայելյանը, որպես լրագրող, ժամանակին լրջորեն զբաղվել է Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների անվան հետ կապված մի շարք հանցագործությունների հետաքննությամբ, որից հետո հրապարակվեց նրա «Լռության գինը» արժեքավոր հոդվածը:

Իր գրառման մեջ Ա. Իսրայելյանն ընթերցողների ուշադրությունը գրավում է հետևյալ փաստի վրա.

«Տեսաերիզի վրա հստակ երևում է, որ դեպքի մասնակիցներն իրար պարզապես վիրավորում են ատրճանակի կրակոցներով, իսկ այ մահացու հարվածը հասցվում է այլ զենքից՝ 23:08:10 վարկյանին, այնպես, որ փամփուշտը անցնելով մարմնի միջով հարվածում է անկյան տակ սալահատակին, առկայծում և ետ թռչում երկու առկայծող կտորներով: Միացնելով գետնին դիպած կետը մարմնի հետ, ստանում ենք, որ դարանակալ հրաձիգը գտնվում է տան առաջին հարկից բարձր նշագծի վրա: Ո՞վ էր մնացել տանը, երբ բոլոր տանեցիները դրսում փորձում էին կանխել միջադեպը»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով Ֆեյսբուքում նախաձեռնել էր «Պահանջում ենք Լիսկային ենթարկել քրեական պատասխանատվության» խումբը, տեսագրությունն անվանել է  «Լիսկա» մարտաֆիլմ` կիսվելով իր տպավորություններով:
«1. Լիսկան կամ խմած ա եղել, կամ դեղի տակ (մարզպետարանի պրոդյուսերները գրել էին, որ տեսել են տեսանյութի մեջ, թե երբ է գալիս Լիսկա Խաչատրյանը, սակայն «Ա1+»-ի տեսանյութի մեջ նման բան չկա, նշանակում է ջնջված է եկել Լիսկեն): Հակառակ դեպքում էսքան կրակոց, ու ոչ զարթնեց, ոչ էլ զարթնացրեցին:
2. Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է և ուզում է իջնել, մեքենայի դուռը հաճախակի բացվում-փակվում է. կարող եմ ենթադրել, որ չեն թողնում իջնի մեքենայից, որից հետո գալիս է եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը և խառնաշփոթ է տեղի ունենում… հիմա օդ է կրակում, թե ի՞նչ է անում, ոչ մի բան հստակ չի երևում…
3. Հետո սկզբից կրակում քցում են Արտակ Բուդաղյանին, որը տեսնում է Ավետիք Բուդաղյանը և կրակելով շարժվում է Լիսկայի թիկնապահների ու տղաների ուղղությամբ, հետո հետ է դառնում վիրավորված, ու մի հատ էլ մեջքից է ստանում մահացու գնդակն ու ընկնում, որից հետո մի քանի բեմական ներկայացումից հետո վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանը մի կերպ հասնում է եղբոր մոտ ու ընկնում գետնին…
4. Տեսաֆիլմի տղամարդիկ բոլորը զինված էին, իսկ հետո փախան, մնացին կանայք ու ողջ պրոցեսի ընթացքում կանայք գերակշռում են:
5. Ու մի բան էլ. մեկ րոպե չեմ պահի այն թիկնապահներին, որոնք իրենց տերերին թողնում են կրակի բերան, ու իրանք փախչում են, որ իրանց բան չլինի…
Այս տեսանյութը տարածելով՝ Լիսկայի վրայից պատասխանատվությունը չի ընկնում… Լիսկան դեռ պետք է պատասխան տա»,- գրել է Դ. Սանասարյանը:

Իսկ հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը միջադեպի և տեսագրության վերաբերյալ քննարկումների մեջ «մի փոքր բազմազանություն» մտցնելու նպատակով կատարել է պատմական ակնարկ` հիշեցնելով, որ հայոց Արշակ 2-րդ թագավորի կինը` հայոց թագուհի Փառանձեմը, նույնպես սյունեցի է եղել` Անդոկ Սյունի իշխանի աղջիկը՝ Պապ թագավորի մայրը:

«Ի դեպ, երբ Արշակը սպանեց Փառանձեմի առաջին ամուսին՝ Արշակի հորեղբոր տղա Գնելին, մյուս հորեղբոր տղու՝ Տիրիթի դրդմամբ, որն ինքն էր ուզում տիրանալ Փառանձեմին, բայց Արշակը, որ Գնելին սպանեց, որոշեց, որ Փառանձեմն էլ հենց իրենը պետք է լինի, Տիրիթին էլ սպանել տվեց, իսկ Փառանձեմը, ինչպես գրում է Փավստոս Բուզանդը, կուրծքը բացել ու ողբում էր Գնելին, վերջը, երբ կրքերը հանդարտվեցին ու Արշակն առաջարկեց Փառանձեմին իր սերը, Փառանձեմը սկզբում չէր ուզում Արշակին, որովհետև ասում էր, թե Արշակը թուխ է և մազոտ, բայց դե վերջը լավ լինի՝ համաձայնվեց: Արշակն էլ մի հատ ուրիշ կին ուներ՝ հույն (ըստ Բուզանդի` իրականում կարող է և չուներ, ու Փավստոսը լրիվ խառնել է սաղ, բայց դե լեգենդները չենք քննարկում), Փառանձեմը սրան որպեսզի մեջտեղից վերացնի, Մրջյունիկ քահանային համոզեց, որ սա սուրբ հաղորդության մեջ թույն խառնի, որովհետև այդ հույն կինը հիմար չէր, ու ուտելուց զգուշանում էր, որ իրան չթունավորեն, բայց չէր մտածել, որ մեկը կարող է սուրբ Հաղորդության մեջ թույն խառնի, ու վերջը տենց գնաց էն աշխարհ: Այ այդպիսի դրամաներ էին հին Հայաստանում, ափսոս էն ժամանակ կամերա չկար՝ նկարեին: Չնայած, որ նկարեին, կարող է պարզվեր` ամեն բան շատ ավելի հասարակ է եղել, լեգենդներ չէինք վայելի»,- գրել է Հ. Տէր-Աբրահամեանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս