Ինչ է տեղի ունեցել Ս. Խաչատրյանի տան մոտ (տեսանյութ)
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։ Թե որքանով է այն ամբողջական և լիարժեք, ձեռնպահ ենք մնում մեկնաբանելուց։ Այդ նախաքննական մարմնի գործն է։
Աղբյուրը գրում է, որ որոշել էին չհրապարակել այս տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը։
Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչև տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ» ,- այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանը երեկ հայտարարություն է տարածել` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ՝ ներկայացնելով տեսագրության նկարագրությունը։
Այսօր զինդատախազը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է առգրավվել տեսագրությունը, զինդատախազն ասել է, թե դեպքից ժամեր անց:
Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը և անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանել է, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը:
Չի բացառվում, որ մեր ձեռքի տակ հայտնվել է հենց այդ պատճենված տեսագրության օրինակը։
Այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Տեսագրությունն արված է ժամը 23-ի սահմաններում։ Երեւում է դաժան միջադեպի հետեւաքով սպանված Ավետիք Բուդաղյանի երկրորդ անգամ գալը Սյունիքի արդեն նախկին մարզպետի տուն։ Թե ինչ է եղել, դրանից առաջ, պարզ չէ։ Շատ բաներ էլ անհասկանալի են, եւ միայն նախաքննական մարմինը թերեւս կարող է հստակ պատասխան տալ։
Միայն հիշեցնում ենք, որ պետական մարմինը՝ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, արդեն հրապարակել է այս տեսագրության նկարագրությունը։