Նոր կենտրոն Պոլիտեխնիկում` ԱՊՀ երկրների ճարտարագետների համար
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր` հունիսի 7-ին տեղի ունեցավ «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» կենտրոնի բացումը: Այդպիսով` Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի խոսքով` կենտրոնը թույլ կտա ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցման տարբերակով տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր ուղղություններով որակավորման բարձրացման դասընթացներ իրականացնել հայ ճարտարագետների համար:
«Ցանկացած անձ, ում նախնական կրթությունը կամ աշխատանքը տվյալ պահին թույլ է տալիս, որ նա լսի, հասկանա, ընկալի և տիրապետի այս վերապատրաստման դասընթացը արդյունքների իմաստով, կարող է գալ, դիմել և մասնակցել, սրտանց հրավիրում ենք բոլորին»,- ասաց ռեկտորը:
«Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավոր հասանելիության կենտրոնի ստեղծումը նախագիծ է, որն իրականացվում է Ն.Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի, ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամի, ինչպես նաև նախագծային աշխատանքներին մասնակցող ԱՀՊ երկրների բուհերի կողմից:
Նախագծի նպատակը ԱՊՀ երկրների մասնագետների համար որակավորման բարձրացման ու վերապատրաստման ճյուղավորված համակարգի ստեղծումն է:
Առաջիկայում նշված նախագծի շրջանակներում կկազմակերպվի «Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր» դասընթացը, որը կիրականացվի Ն. Բաումանի անվան տեխնիկական համալսարանի ուսումնամեթոդական համալիրների, ուսումնական ձեռնարկների, ծրագրային միջոցների գործածությամբ:
Կենտրոնում ուսուցումը դասախոսների և ուսանողների համար (ինչպես Պոլիտեխնիկի այնպես էլ տարբեր բուհերի), կլինի անվճար, իսկ ընկերությունների աշխատակիցների և այլ անձանց համար` մատչելի գներով:
«Այս համագործակցությունը հնարավորություն կտա ստանալ նոր ժամանակակից ծրագրեր, որոնց ուղղություններով արդեն իսկ դասընթացներ են ընթանում Բաումանի անվան տեխնիկական համալսարանում: Այս համագործակցության շրջանակներում մենք ներկայումս բանակցում ենք տարբեր համատեղ ծրագրերի շուրջ, ինչպես կրթական, այնպես էլ հետզոտական»,- ասաց Ա. Ավետիսյանը:
ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը ներկայում ունի 7 լսարան, որոնցից յուրաքանչյուրը` 10 հոգանոց, կա կաև ավելի մեծ լսարան` 15 հոգանոց, իսկ առաջիկայում նաև նոր լսարաններ կլինեն:
«Այսինքն` մենք կկարողանանք միաժամանակ տարբեր ուղղություններով դասընթացներ կազմակերպել տեխնիկական բոլոր ուղղություններով»,- ասաց Ա. Զապրոսյանը: