ԲՀԿ-ում իշխանափոխություն է եղել

Մյուս շաբաթ սկսվելու է խորհրդարանի հերթական քառօրյան: ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ քառօրյայի յուրաքանչյուր երեքշաբթի օրը պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով, իսկ չորեքշաբթի օրը հարցերով դիմում են կառավարությանը: Սա լավ առիթ է ընդդիմադիրներին՝ ԱԺ ամբիոնից քննադատելու իշխանությանը, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նեղը գցելու վարչապետին և նախարարներին:

Թվում է՝ այս քառօրյայի ժամանակ այլընտրանք ԲՀԿ-ականները հայտարարությունների ժամանակը և հարցուպատասխանը պետք է օգտագործեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի բացահայտմանը և առավել հրապարակայնացմանը,  վարչապետից պարզաբանումներ պահանջեն կատարվածի համար: Սակայն ԲՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ մի հակավարչապետական կամ հակատիգրանսարգսյանական հայտարարություն էլ չի հնչելու, որևէ ԲՀԿ-ական օֆշորային սկանդալի հետ կապված պարզաբանում չի պահանջելու վարչապետ Տիգրան Սարգսյանից և իր ելույթում չի հիշատակելու դրա մասին որևէ խոսք:

Ըստ մեր աղբյուրի՝ ԲՀԿ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն, և կուսակցության գործարար թևը հաջողության է հասել, այսպես կոչված, քաղաքական թևի նկատմամբ: Ավելի պարզ ասած, գործարար ԲՀԿ-ականները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին շատ հստակ հասկացրել են, որ եթե ԲՀԿ որոշ անդամներ շարունակեն իրենց «խիստ ընդդիմադիր» պահել, ապա իրենք դուրս են գալու կուսակցությունից, քանի որ այլևս «ոչ ներվ, ոչ էլ հավես» ունեն՝ պատասխան տալու կամ արդարանալու նրանց ընդդիմադիր պահվածքի համար: Ծառուկյանն էլ հասկանալով, որ ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից  կարող է մնալ ընդամենը 10 հոգի, հրահանգել է դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը,  որի ակնհայտ դրսևորմանը մենք ականատես կլինենք ընդամենը մի քանի օրից:

Բայց Ծառուկյանի այս հրահանգն ամենևին էլ չի նշանակում, որ «քաղաքական» ԲՀԿ-ականները դադարեցնելու են իրենց ընդդիմադիր վարքագիծը. նրանք դա անելու են այլ պատգամավորների միջոցով: Մասնավորապես ԲՀԿ-ականներն արդեն պայմանավորվածություն ունեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, ըստ որի՝ օֆշորի թեման պետք է հաջորդ քառօրյայում զարգացնեն նրանք: Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ-ն ընդդիմադիր խմբակցություն է, և իրավական առումով՝ դեռևս անկախ է ԲՀԿ-ից: Այնպես որ, որևէ մեկը չի կարող Ծառուկյանին մեղադրել, թե ինչո՞ւ են ՀԱԿ խմբակցության անդամները քննադատում վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Եթե իսկապես դա տեղի ունենա, այսինքն՝ ԲՀԿ-ում հաստատվի վարչապետին չքննադատելու տոտալ արգելք, ապա դա իսկապես ծանր ներկուսակցական ազդեցություն կունենա: Կուսակցության «քաղաքական» հատվածը քննարկում է կուսակցությունից դուրս գալու տարբերակը, բայց այդ դեպքում անհասկանալի է, թե առանց Գ. Ծառուկյանի ֆինանսական միջոցների և նրա ունեցած աջակցության՝ ի՞նչ են անելու իրենք: Կամ՝ ինչպե՞ս են բացատրելու իրենց դուրս գալը: Չեն կարող ասել, չէ՞, որ դուրս ենք գալիս՝ դեմ լինելով Ծառուկյանի ոչ ընդդիմադիր դիրքորոշմանը: Դրա համար նրանք պայքարում են, որպեսզի Ծառուկյանը թույլ տա, որ գոնե մի երկու կիսաընդդիմադիր ելույթ, այնուամենայնիվ, լինի: Չէ՞ որ մինչև վերջերս իրենք էին ուրիշներին մեղադրում հասարակության ուշադրությունն օֆշորային բացահայտումից շեղելու համար:

Տեսանյութեր

Լրահոս