Բաժիններ՝

Գորիսի դեպքի վերաբերյալ իր հայտարարությամբ նաեւ ՀՀ զինդատախազն է անմեղության կանխավարկածը խախտել

Գորիսում կատարվածի հետ կապված իրավական առումով դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն մամուլում պարբերաբար հայտնվում են միջադեպին մասնակից տարբեր կողմերի մեկնաբանություններրը։

Արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատները հունիսի 1-ի երեկոյան, թերեւս անտեսելով մարզպետի տան դիմաց տեղի ունեցած սարսափելի սպանությունը, ամբողջ գիշեր զբաղված են եղել միջադեպի տեսաձայնագրության դիտմամբ։ Սյունիքի մարզպետարանի կողմից միջադեպի սեփական նկարագրության հայտարարությունից անգամ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն է մտահոգվել։

«Վստահ եմ, որ վերջիններս տեսագրության պատճենները վերցրել են: Բայց ինձ համար անընդունելի է , որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հայտարարություններ է տարածում այնպիսի հարցի հետ կապված, որ բացարձակ չի առնչվում իրենց լիազորությունների եւ գործառույթների հետ»,- ասել է զինդատախազը։

Իրավական տեսակետից ստեղծված անհասկանալի իրավիճակին այսօր անդրադարձել են փաստաբան Հայկ Ալումյանը եւ իրավաբան Արա Ղազարյանը։ Իրավաբան Արա Ղազարյանը էթիկայի առումով անհարիր է որակել Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը։

«Պետական մարմինը միանշանակ պետք է զսպվածություն ցուցաբերեր: Լեգիտիմ շահեր կան այստեղ՝ մի կողմից նախաքննական մարմնի օբյեկտիվությունը, որը ելնում է հանրային շահից եւ մեղադրյալի իրավունքից։ Մյուս կողմից՝ մեղադրյալների անմեղության կանխավարկածը, եւ հանկարծ պետական մարմինը միջամտում է։ Զսպվածություն պետք է ցուցաբերվեր՝ հաշվի առնելով մեծ հնչեղությունը եւ լարվածությունը։ Ակնհայտ քրեական հետապնդելի արարք չկա, բայց վարքագծի, էթիկայի խնդիր կա՝ միանշանակ»,- ասել է Արա Ղազարյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով էլ, նման հայտարարությունը միայն հասկանալի կլիներ, եթե նախաքննական մարմինի համաձայնությամբ լիներ։ Նա նաեւ անդրադարձել է զինդատախազի՝ նախօրեին արված հայտարարությանը։
«Եթե զնդատախազը գնահատական է տալիս, որ ինչ-որ մեկը մեղավոր չէ, եւ ժամանակից շուտ է դա անում, գուցե դա այդքան կարեւոր չլիներ։ Բայց եթե «իքս» մեկին քողարկված ձեւով ասում են, որ մեղավոր չէ, այդ դեպքում «իգրեկ» մեկի իրավունքներն է խախտվում։ Անմեղության կանխավարկածի խախտում կա»,- մեկնաբանել է Հայկ Ալումյանը։

Yerkirmedia.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս