Բաժիններ՝

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարվել

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարվել: Մրցույթի նպատակն է որպես տեխնոլոգիական նորարարություն ներկայացնել «Իդրամ» բջջային դրամապանակը, որը հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը:

Նրա խոսքով` մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հաղթողներին ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին, որը կազմված է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Օրդֆիլմ կինոընկերության լավագույն մասնագետներից: Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույն ճանաչված 5 աշխատանքները կդրվեն Facebook-ում` բաց քվեարկության:

Մրցույթի փուլերը հաղթահարած և լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը Իդրամ-ի գործընկեր Մոբայլ Սենթր ընկերության կողմից կստանա Samsung Galaxy Ace S5830 հեռախոս և Իդրամ հաշվի լիցքավորում:

Տեղեկացնենք, որ Հայաստանում բջջային դրամապանակը կիրառվում է 2012 թվականի հոկտեմբերից: Բջջային դրամապանակի օգնությամբ կարելի է վարկերը մարել, կոմունալ վճարումներ անել, ոստիկանական տուգանքներ վճարել և այլն: Ներկայումս Հայաստանում բջջային դրամապանակից օգտվում է 2600-ից ավելի iphone և 1100-ից ավելի Andrօid ՕՀ-ով սարքավորում ունեցողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս