Բաժիններ՝

Գտիր տարբերությունը

Արդեն տասը օր է, հանգիստ չի տալիս այն զգացողությունը, թե որքան են նման մեր իշխանավորները Թուրքիայի կառավարիչներին: Արևելագետ չլինելով՝ չեմ հանդգնի վերլուծել հարևան երկրում տեղի ունեցող հուզումները: Փոխարենը՝ ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ զուգադիպության վրա: Մի տասը օր առաջ մեր իշխանությունները Երևանի գլխավոր հրապարակի ճարտարապետական վերակառուցման մրցույթ հայտարարեցին: Բառացիորեն նույն գործընթացը Ստամբուլի կենտրոնական հրապարակում սկսելու մասին հայտարարեցին Թուրքիայի իշխանությունները: Համարյա՝ միաժամանակ: Մեր Հանրապետության հրապարակը երիզվում է պատմամշակութային արժեք ունեցող (և հայտարարված) չորս շենքով: Մի կողմում Թամանյանի նախագծած Կառավարության շենքն է, որի համար ճարտարապետին հետմահու ԽՍՀՄ պետական մրցանակ է շնորհվել: Կարծեմ 1942-ին: Մյուս կողմում Մարկ Գրիգորյանի նախկին Արհմիությունների տունն է: Դիմացը՝ նույն ճարտարապետի նախկին՝ «Արմենիա», հիմա՝ «Մարիոթ» հյուրանոցի շենքն է: Հետո Սաֆարյանի նախագծածը՝ ուր առայժմ Արտգործ ու Էներգետիկայի նախարարություններն են ծվարել: Շատրվանների ետևում բարձրացող Պատմության թանգարանի ու Պատկերասրահի շենքը (շենքերը) պարբերաբար ճարտարապետական քննարկումների թեմա է դառնում: Բայց միևնույն է, հայաստանցիների համար այն նույնքան սիրելի է, որքան պաշտոնապես ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող մյուս կոթողները: Որքան էլ տարօրինակ է՝ Ստամբուլի Թաքսիմ կոչվող հրապարակն անհամեմատելի է: Այդ հրապարակը երիզող ոչ մի գեղեցիկ և, որ ավելի կարևոր է, հին շենք չկա: Հաստ ու բարակ մի երկու բարձրահարկ է, ու վերջ: Միակ արժեքը հրապարակի կենտրոնում Աթաթուրքի, զինվորների արձանախումբն է թնդանոթի շուրջ: (Կարծեմ 1923թ. հեղափոխության հուշարձան է): Թուրքիայի բազմաթիվ, նույնիսկ փոքր քաղաքների կենտրոնական հրապարակներում Աթաթուրքի ավելի շքեղ արձաններ կան: Բայց մեր մայրաքաղաքի ու Ստամբուլի կենտրոնական հրապարակները մի նմանություն ունեն: Երկու հրապարակների հարևանությամբ կանաչ տարածք կա: Մեր պարագային դա Լենինի նախկին արձանի տեղն է, իսկ Ստամբուլի՝ Գեզի այգին: Պատկերացնո՞ւմ եք, քաղաքների ամենաթանկարժեք տարածքներում այգի է: Իսկ դա իշխանավորի տեսանկյունից անթույլատրելի է: Չինովնիկի ագահ տեսակի համար մղձավանջի պես մի բան է՝ թույլ տալ, որ քաղաքի կենտրոնում գոյություն ունենա հանրային տարածք: Այն առևտրային՝ բիզնես տարածքի վերածելու գայթակղության դիմանալը հավանաբար դժվար է: Անհնարինության աստիճանի դժվար չինովնիկի համար: Անկախ այն փաստից՝ հա՞յ ես, թե՞ թուրք: Բայց թուրք չինովնիկներն ավելի ազնիվ էին: Նրանք հենց սկզբից հայտարարեցին, որ այգին ուզում են խանութ-դուքաններով փոխարինել: Իսկ մերոնք խոսում են  «Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգի նախագծի բաց մրցույթի» մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս