
Իրանում նավթի արդյունահանման մակարդակը նվազել է մինչև 1989 թվականի մակարդակի

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ անցած մայիսին Իրանում նավթի օրական արդյունահանման մակարդակը նվազել է մինչև 2.5 միլիոն բարելի: Դա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 1989 թվականից: Նավթի արտահանման կրճատումը կապված է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցներով:
Թերթի տվյալներով՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան վերջին շրջանում զգալիորեն կրճատել են իրանական նավթի գնումը: Այդ քառյակը և Թուրքիան ապրիլին Իրանից գնել են օրական 750.000 բարել նավթ, ինչը 30 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած այս տարվա մարտի հետ:
Իրանական նավթի գնումը կրճատելու հարցում առաջատարը Ճապոնիան է, ով ներկայումս Իրանից գնում է միայն 8000 բարել նավթ: Վերջին մեկ տարում Տոկիոն 97 տոկոսով նվազեցրել է իրանական նավթի գնման ծավալը: Հնդկաստանն իր հերթին 2012 թվականի գարնանից 56 տոկոսով կրճատել է իրանական նավթի ներկրումը, որը ներկայումս կազմում է օրական 117.000 բարել: