Արևելագետ Վ. Տեր-Մաթևոսյան. Դա Կուրղինյանի անձնական կարծիքն է` պրոֆեսիոնալիզմից զուրկ

Նախորդ շաբաթ` մայիսի 27-ին, Հայաստանի քաղաքագետների միությունում մի շարք հայտնի գիտնականների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ մի քննարկում, որի ժամանակ հնչած հայտարարությունները հաջորդած շաբաթվա ընթացքում մամուլում դարձան բուռն բանավեճերի առարկա:

Խոսքն առաջին հերթին Մոսկվայից Երևան ժամանած քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի մասին է: Հիշեցնենք, որ քննարկմանը Կուրղինյանը հիմնականում խոսեց գլոբալ քաղաքակրթական զարգացումների, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ու Հայաստանի ու հետսովետական մյուս երկրների աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական հեռանկարների մասին` քննադատելով եվրոպական ինտեգրացիան և այդ ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը: Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և դրանցում գերտերությունների, հատկապես` արևմտյան պետությունների քաղաքականությանը, Կուրղինյանը հայտարարեց, թե Արևմուտքն այսօր այդ տարածաշրջանում համագործակցում է ծայրահեղ իսլամիզմի դեմ, որի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծվելու են «խալիֆայություններ», ինչի դեմ Հայաստանը, ըստ նրա, միայնակ չի կարող պայքարել: Նա այս համատեքստում դիտարկեց նաև Հայաստանի հարևան Թուրքիային որը, իր խոսքերով, վաղուց արդեն հեռացել է քեմալականությունից և գնում է դեպի նոր խալիֆայություն՝ նույն սուննիզմի շրջանակներում:

«Ինչպե՞ս այս  մարտահրավերներին կդիմակայեն պետությունները, որոնք ունեն փառավոր պատմություն, բայց փոքր տարածք և ոչ մեծ բնակչություն, թե՞ որևէ մեկը կարծում է, որ աշխարհիկ վարչակարգերը, որոնք կդիմակայեն իսլամիզմի առաջխաղացմանը, աջակցություն կստանան Արևմուտքից,- հարցրեց Կուրղինյանը և պատասխանեց ինքն իրեն,- Բացեք ձեր աչքերը, Արևմուտքն անողոք կերպով ստրատեգիական դաշինքի մեջ է մտել այդ ռեժիմների հետ… Չի կարելի կրկնել Ասադի, Մուբարաքի սխալները»:

Հարցի շուրջ մենք զրուցեցինք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ, ով զբաղվում է ժամանակակից Թուրքիայի քաղաքականության ուսումնասիրությամբ: Մենք նրանից հետքրքրվեցինք, թե որքանո՞վ է արժանահավատ Ս. Կուրղինյանի վերոհիշյալ տեսակետը:

«Տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի քաղաքական էլիտային կից որոշ ակադեմիական շրջանակներ իրենց հացն ու ջուրը վաստակում են նմանատիպ սուտ, երկրագիտական գիտելիքներից զուրկ ապատեղեկատվության կամ սխալ վերլուծության տարածմամբ»,- ի պատասխան ասաց Վ. Տեր-Մաթևոսյանը:

«Գիտեք, նման հայտարարություն անելու համար առնվազն երկու որակներ պետք է ունենաս` համապատասխան երկրագիտական և պատմաքաղաքական գիտելիքներ: Այդ հայտարարության մեջ ո´չ մեկը, ո´չ մյուսը չեմ տեսնում, հետևաբար` դա անգամ չի կարելի լուրջ ընդունել: Դա Կուրղինյանի անձնական կարծիքն է` պրոֆեսիոնալիզմից զուրկ, ուստի թողնենք, որ նա զբաղվի իր գործով»,- ասաց արևելագետը` Սերգեյ Կուրղինյանին խորհուրդ տալով խալիֆայության մասին շատ մտահոգվելու դեպքում`  մտահոգվել Հյուսիսային Կովկասի խալիֆայություններով, քանի որ «նրանք են անմիջական սպառնալիքը Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը, այլ ոչ թե Թուրքիայի` խալիֆայության վերածման հնարավոր հեռանկարը»:

 

Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ավելի ուշ

(լուսանկարում՝ Ս.Կուրղինյանն է)

Տեսանյութեր

Լրահոս