
Իրանցի պատգամավորները սպառնացել են դատի տալ Ահմադինեժադին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հերթական անգամ խնդիր է ծագել նախագահի ու խորհրդարանի միջև:
Այս անգամ դա կապված է նրա հետ, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳԱ-ի նիստին մասնակցելու համար իր հետ այնտեղ է տարել 125 մարդ, ինչը երկրի բյուջեի համար արժեցել է մի կլորիկ գումար:
Պատգամավորների մեծ մասն իր բողոքն է հայտնել դրա դեմ՝ ընդգծելով, որ դա եղել է սխալ քայլ այնպիսի ժամանակ, երբ երկիրը ենթարկվել է միջազգային պատժամիջոցների, ապրում է արժութային դեֆիցիտ, բարձրացել է ինֆլյացիայի մակարդակը, իսկ ժողովուրդն աղքատանում է:
Այդ պատճառով էլ պատգամավորները նախագահից պահանջել են պարզաբանումներ տալ այդ կապակցությամբ: Հակառակ դեպքում նրանք սպառնում են դրա հետ կապված դատի տալ դրան: