Հեռավոր Արևելքում 1,1 միլիոն ՀՀ քաղաքացու տեղ կա
Մինչև 2025թ. Հեռավոր Արևելքի և բայկալյան շրջանի պետական զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ներգրավել 1,1 միլիոն ներգաղթյալ. այս մասին հայտարարել է Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Իշաևը: Ըստ Իշաևի՝ այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ծախսել 10,6 տրիլիոն ռուբլի՝ մոտ 33 միլիարդ դոլար: Ավելի պարզ ասած, յուրաքանչյուր ներգաղթյալի հաշվով՝ 30 հազար դոլարից ավելի գումար: Իշաևը նաև հավելել է, որ ներգաղթյալների հոսքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի կառուցել նոր գործարաններ, և մարդիկ կգան լավ աշխատանքի, բարձր աշխատավարձի և բնակարանի հետևից:
Այս հայտարարությանը կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե Իշաևը հատուկ ընդգծեր, որ Հեռավոր Արևելքի վերաբնակեցման խնդիրները լուծվելու են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այլ նաև արտասահմանյան վերաբնակների հաշվին:
Պարզ է, որ Ռուսաստանն ամենևին ցանկություն չունի Հեռավոր Արևելքը վերաբնակեցնել չինացի ներգաղթյալներով: Եթե այդպիսի ցանկություն լիներ, ապա ոչ թե 1, այլ մի քանի տասնյակ միլիոն չինացիներ արդեն վերաբնակեցրած կլինեին այդ տարածքում: Ընդհակառակը՝ Ռուսաստանը հատուկ վերաբնակեցման ծրագիր է ուզում իրականացնել, որ այդ տարածքները բաժին չհասնեն չինացիներին:
Ռուսաստանում հասկանում են, որ որևէ մեկը երկրի կենտրոնական շրջաններից չի գնա Հեռավոր Արևելք, քանի որ վերջին մի քանի տարիներին տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ Հեռավոր Արևելքից են գնում դեպի Կենտրոնական Ռուսաստան: Ուրեմն ո՞ւմ հաշվին պետք է լրացվի այդ պակասող 1,1 միլիոնը:
Ռուսաստանն առանձնապես չի էլ թաքցնում, որ այդ պակասը ցանկանում է լրացնել նախկին խորհրդային երկրների հաշվին: Այդ երկրների թիվն էլ խիստ սահմանափակ է, քանի որ նախկին ԽՍՀՄ ոչ բոլոր երկրների մանկության երազանքն է՝ բնակություն հաստատել Հեռավոր Արևելքում, որտեղ ավելի շատ ձմեռ է, քան գարուն, ամառ և աշուն՝ միասին վերցրած: Ռուսաստանն իր աշխատուժի պակասը լրացնելու համար վաղուց գործարկել է «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը, որի շրջանակներում արդեն հազարավոր ՀՀ քաղաքացիներ են մեկնել ՌԴ տարբեր մարզեր, այդ թվում՝ նաև Հեռավոր Արևելք: Թե այդ 1,1 միլիոնից որքա՞նը կլինեն ՀՀ քաղաքացիներ, դժվար է ասել: Բայց դատելով արտագաղթի ներկա տեմպերից, կարելի է ենթադրել, որ պահանջվող ամբողջ քանակը կարելի է լրացնել Հայաստանի հաշվին:
Հայաստանում դեռ այդքան մարդ կա, և նրանց Հեռավոր Արևելք տանելու համար կպահանջվի ոչ միայն այնտեղ գործարաններ կառուցել, այլև մի քիչ էլ բարձրացնել գազի և էլեկտրաէներգիայի գինը: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցում են Ռուսաստանի իշխանությունների հետ և իրենց գործողություններով կամա թե ակամա աջակցում վերաբնակեցման ծրագրի իրականացմանը: Այնպես որ, կարելի է վստահաբար պնդել, որ Վիկտոր Իշաևը կարող է վերաբնակեցման ծրագիրն իրականացնել ոչ թե 2025թ., այլ շատ ավելի սեղմ ժամկետներում: