Բաժիններ՝

Բանդայի գործով ամբաստանյալի պաշտպանը կդիմի եվրադատարան

Բանդայի գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը մինչև օգոստոսի վերջը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը, նա համաեվրոպական դատական ատյանից խնդրելու է ճանաչել նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների՝ Խոշտանգումների արգելում և Ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, խախտումները:

Ըստ պաշտպանի, բանդիտիզմի, ավազակությունների, ապօրինաբար զենք-զինամթերք պահելու, կրելու, առանց իրացնելու նպատակի թմրանյութ ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող Ս.Դավթյանը ի սկզբանե՝ օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, սակայն հետագայում «խոստովանական» ցուցմունք է տվել: Իրականում ցուցմունքներն, ըստ պաշտպանի, կորզվել են շուրջ 10 օրվա ընթացքում ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում կատարված խոշտանգումների ազդեցության տակ: Որպես կասկածյալ նրա մեկուկեսէջանոց ցուցմունքը շատ կարճ, կոնկրետ է. մանրամասներ չնշելով՝ Ս.Դավթյանը հայտնել է, որ «հանգուցյալի հետ մասնակցել է ինչ-որ ավազակությունների»: Հանգուցյալը Գուրգեն Հայրապետյանն է, ով ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, Գ.Հայրապետյանը՝ փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել:

Կ.Հակոբյանը պնդում է, որ իր պաշտպանյալի մարմնական վնասվածքները ոստիկանների կողմից պատճառվել են ոչ թե բերման ենթարկվելու պրոցեսի ժամանակ, այլ անձնական խուզարկությունից հետո: Ըստ նրա, այն, որ իր պաշտպանյալի անձնական խուզարկության ժամանակ չեն արձանագրվել վնասվածքներ՝ բացի հոնքի շրջանում քերծվածքից, վկայում է, որ մարմնական վնասվածքները պատճառվել են անձնական խուզարկությունից հետո: Ըստ պաշտպանի, օրենքի խախտում է նաև, որ անձնական խուզարկություն կատարվել է, ըստ արձանագրության տվյալների, ոչ թե բերման ենթարկվելուց անմիջապես հետո, այլ 6-7 ժամ անց: Ապօրինի է նաև, ըստ պաշտպանի, անձին կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո նրան 6 օր ձերբակալվածների պահման վայրում պահելը:

Պաշտպանը դեռևս դեռևս 2011թ. նոյեմբեր ամսից բարձրաձայնել է իր գնահատմամբ, ապօրինությունների վերաբերյալ, ապա նախաքննության ավարտական փուլում հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Պաշտպանն որոշումն ապօրինի է համարում՝ ՀՔԾ-ն ընդամենը ուսումնասիրել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության նյութերը՝ ոստիկանության աշխատակիցների իրարից պատճենահանված ցուցմունքները: Մերժման որոշումը բողոքարկվել է եռաստիճան համակարգի դատական բոլոր ատյաններ և նորից մերժվել:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս