«Ռիչ Քոմփյութերսը» մոլորեցրել է սպառողներին. տուգանքը՝ հասույթի 1 %-ի չափով
Այսօր կայացած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննարկեց «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը: Համաձայն մամուլի հրապարակումների, վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը անիրական գովազդի միջոցով ակնհայտորեն խաբում և մոլորեցնում է սպառողներին:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի միայն անձնագրով և սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ:
Հանձնաժողովի դիտարկման ընթացքում հաստատվել է, որ երբ քաղաքացիները այցելում են խանութ, նրանց տեղեկացնում են, որ անհրաժեշտ է նաև աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն և այլն, ինչի մասին սակայն գովազդում չի նշվում: Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը, այն դեպքում, երբ միայն անձնագիրը և սոցիալական քարտը ոչ բոլոր դեպքերում են բավարար համակարգիչ գնելու համար, մոլորեցնում է հասարակությանը՝ տնտեսվարողի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Հանձնաժողովի որոշմամբ, օրենքի խախտման համար «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով: