Հարցվածների 29,4 տոկոսը կարծում է, որ պետք է մնալ ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը՝ գնալ ԵՄ. Նավասարդյան
ՀՀ-ում հարցվածների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ պետք է ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
Հարցման արդյունքներով՝ 38,5%-ը նշել է, որ հանրաքվե պետք է միանշանակ անցկացվի, 20,3%-ը՝ ավելի շուտ այո։ 9,3% -ը նշել է՝ ավելի շուտ պետք չէ հանրաքվե անցկացնել, 25,1%-ը կարծում է, որ միանշանակ հանրաքվե պետք չէ, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածներին ևս մեկ հարց է ուղղվել՝ եթե հանրաքվե անցկացվեր, ապա իրենք ինչպես կքվեարկեին։ 29,4%-ը նշել է, որ միանշանակ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1%-ը կարծում է, թե պետք է դուրս գալ և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն, 24,7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10,9%-ը դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցերից մեկը վերաբերել է նաև դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին։ Հարցվածների 52,4%-ը կարծում է, որ դա արվում է ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով, 40,5%-ի կարծիքով՝ պատճառը Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումն է, և միայն 5,6%-ը մտածում է, որ սահմանափակումները պայմանավորված են հայկական ապրանքների որակական խնդրով։
«Գելափը» հարցման ընթացքում անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցին, որն ակտիվորեն քննարկվում է վերջին շաբաթներին։ 39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար, 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման հարցը պետք է վերանայվի։
«Այսինքն՝ մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում»,- նշեց Նավասարդյանը։
28,9%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի մեր երկրից, իսկ 6,8%-ը դժվարացել է պատասխանել։

