Բաժիններ՝

Հայհոյանք. ընդգծված սեր մայրերի հանդեպ

Հայհոյանքը, ոչ նորմատիվային խոսքը նույնքան հին են, որքան խոսքն՝ ինքը: Անտիկ շրջանից մինչև այսօր գրականությունն ու արվեստի մյուս ճյուղերն առատորեն պատկերել են բոլոր այն տեսարանները, որոնք հատկապես առանձնանում են հայհոյանքներում: Ինչ-որ մի ժամանակ էր, երբ հայհոյանքը, ոչ նորմատիվային լեքսիկոնը համարվում էր կառապանների սլենգ:

Թերևս, դուք ևս նկատել եք. այսօր հայհոյում են գրեթե բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից ու կրթության մակարդակից: Հայհոյում են բանվորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, տաքսու վարորդները, հատկապես պատանիներն ու երիտասարդները: Եվ անգամ՝ կանայք: Կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների առաջին արձագանքը հայհոյախոսությունն է: Ուրախանում են՝ հայհոյում են, բարկանում են՝ հայհոյում են, զարմանում են՝ հայհոյում են: Հայհոյում են՝ առանց պատճառի, այնպես, խոսքին պատկերավորություն տալու համար, հայհոյում են երդվելիս: Հայհոյանքը, «հորս արև», «մորս արև» արտահայտությունները տկարամիտ երիտասարդները, ովքեր Երևանի փողոցներում չափազանց շատ են, գործածում են գրեթե ամեն բառից հետո:
Մանկապարտեզներում անգամ փոքրիկ տղաները թոթովում են հայհոյանքներ. նրանց սովորեցրել են հայրերը: Հայկական շատ ընտանիքներում տղաներին տղամարդկության վարժեցնելու առաջին միջոցը րոպե առաջ հայհոյել սովորեցնելն է: Հայերենում հայհոյանքը կապված է սեռական օրգանների և սեռական գործողությունների հետ: Հետևաբար, ըստ հայ տղամարդկանց մեծ մասի պատկերացման՝ բանավոր խոսքում իրենց անսահմանափակ պոտենցիալի մասին հիշատակությունն արդեն իսկ առնականության տպավորիչ փաստ է:
Եվ այդ անառողջ մտածողությամբ տղաները մեծանում են, գնում դպրոց: Ուսումնական հաստատություններում այլևս ոչ մի ուսուցիչ հայհոյանքի համար օրագիր չի պահանջում և ծնող չի կանչում:
Ոչ նորմատիվային լեքսիկոնն ամրապնդվում է, ու տղաները գնում են բանակ: Ավելի ուշ ոմանց հանդեպ ճակատագիրն ու երկրի նախագահներն ավելի բարեհաճ են լինում, և նրանք դառնում են մարզպետ, պատգամավոր կամ նախարար: Հոգեբանության մեջ հստակ սահմանված է, որ հայհոյանքի հիմնական պատճառը սեռական անբավարարությունն է:
Եթե հայ բոլոր տղաների ու անգամ՝ հասուն տղամարդկանց ձեռքին զենք լինի, հավատացեք, օրական տասնյակ զոհեր կունենանք նույն պատճառով, ինչ պատճառով որ բանակում սպանվում են մեր զորակոչիկները: Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մայրերի հանդեպ սերը բանակում մահացու վերջաբան կարող է ունենալ. հայհոյում ես մեկի մորը: Եթե նա չի պատասխանում հայհոյանքին, ուրեմն ծաղրի առարկա է: Ընտրվում է պատասխանելու տարբերակը՝ մահ և խորտակված կյանք՝ անազատության մեջ: Եվ տղաների պատկերացմամբ՝ այդ ամենը՝ հանուն պատվի, հանուն իրենց մայրերի հանդեպ սիրո:
«Եթե ինքը պատասխան չտար հայհոյանքներին, ի՞նչ կկատարվեր իրա հետ էդ մի տարվա ընթացքում: Եթե մայրական հայհոյանքն ինքը կուլ տար, զուգարանի տրյապկա պիտի դարձնեին»,- Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին ասել էր Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի վրա կրակած զինծառայող Դավիթ Խաչատրյանի ռազմագիտության ուսուցիչը:
Հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության պատճառը ևս, ըստ տարածված պաշտոնական վարկածի, հայհոյանքն էր. «Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա. Մելքումյանի և Ս. Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս. Մովսիսյանի կողմից «չկրակողի» հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո Ա. Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ»: Երիտասարդը ստացած վերքից մահացել է:
Բոլոր լրատվամիջոցները նշում են, որ Սյունիքի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանության պատճառը ևս եղել է հայհոյանքը: Գորիսի Սդղի լճի մոտ կերուխումից հետո Արտակ Բուդաղյանին տուն է տարել Սյունիքի մարզպետն ու ճանապարհին հայհոյել նրան: Վերջինս էլ գնացել է եղբոր տուն, պատմել: Ավո Բուդաղյանը սպանված է, եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, վիրավորված: Սուրեն Խաչատրյանն էլ ասել էր. «Լավ ա քնած եմ եղել, թե չէ մի քսան հատ շարելու էի գլխին»:
Այս որակի տղամարդիկ, արդեն ավելի ուշ, քննարկելով միմյանց հետ կատարվածն անգամ ամենաբարձր մակարդակի պաշտոնյայի հետ, ունեն արդարացում՝ «Մայր հայհոյեց, չէի կարող չպատասխանել, չդիմացա, սպանեցի»: Սակայն վտանգավորը ոչ թե նրա հիմնավորումն է, այլ այն, որ նրան կհասկանան:
Հ.Գ. Իսկ ի՞նչ կապ ունեն մայրերն այս ամենի հետ: Որքան հասկանում եք, իրականում ՝ոչ մի կապ: Որդիները մտահոգված են ոչ թե տհաս մեկի՝ իրենց մայրերին հասցված հայհոյանքից, այլ՝ թե ինչպես կընդունվի իրենց լռությունը շրջապատի կողմից: Այնպես որ, մայրերին մի դեպքում՝ մնում է միայն կրել սպանված որդիների թողած անսփոփ վիշտը, մյուս դեպքում՝ կյանքի մնացած մասն անցկացնել պատժիչ հաստատությունների պատերի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս