Դեսպան Վոլինկինը որոշել է Հայաստանի փոխարեն
Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել հստակ պատասխանից, թե, ի վերջո, Հայաստանը երկու հնարավոր տարբերակներից որին է նախապատվությունը տալիս`Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական միությանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ գնում է Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու գործընթաց, և այդ գործընթացի մաս է կազմում երկրների օրենսդրությունների համաձայնեցումը, որպեսզի Եվրասիական միություն մտնելիս խնդիրներ չառաջանան: Վոլինկինն ասել է, թե առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի՝ Եվրասիական միության հետ համագործակցությունն ինչ ձևաչափով կլինի`ասոցիացիա՞, գործընկերությո՞ւն, թե՞ անդամակցություն: «Եվրասիական միություն մուտքը կարող է լինել ցանկացած ձևաչափով, պետք է տարրերը մանրամասնորեն քննարկել: Դեռևս վաղաժամ է խոսել այդ մասին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է դեսպան Վոլինկինը:
Դեսպանի ասածի մեջ կարևորն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվում է Եվրասիական միության երկրների օրենսդրությանը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Սա հետաքրքիր է այնքանով, որ Հայաստանի օրենսդրությունը վերջին 15 տարիների ընթացքում մշակվել և ընդունվել է Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան: Հայաստանի խորհրդարանը քիչ թե շատ նշանակալի փոփոխություններն ընդունել է՝ հաշվի առնելով ԵԽ ԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունները, որոնք վերաբերել են այդ օրենսդրական փոփոխությունների համապատասխանությանը Եվրոպական օրենսդրական ստանդարտներին: Հիմա ստացվում է, որ Հայաստանում նոր օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, այս անգամ դրանք պետք է համապատասխանեցվեն Եվրասիական միության չափորոշիչներին:
Մյուս կողմից՝ հենց այս պահին Հայաստանում գործում է աշխատանքային խումբ, որն ակտիվորեն զբաղվում է Հայաստանի և Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի տեքստի մշակմամբ: Այդ աշխատանքային խմբի անդամները վստահեցնում են, որ Հայաստանը չի կարող Եվրասիական միության անդամ դառնալ, քանի որ իրենց պատրաստած պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ Հայաստանը և Եվրամիությունը նշանադրվում են: Ամուսնությունը, թերևս, կլինի Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցումը:
Իսկ ինչպես հայտնի է՝ հնարավոր չէ միաժամանակ նշանադրվել կամ ամուսնության խոստում տալ երկու հոգու: Համենայն դեպս, մինչև հիմա այդպես է ընդունված եղել: Բայց Հայաստանում ուզում են նոր քաղաքական կուլտուրա ստեղծել, որը ձևակերպվում է այսպես. մենք դեմ ենք «կամ-կամ» սկզբունքին, մենք կողմ ենք «և-և» սկզբունքին: Սա նույնն է, որ փեսացուն նշանադրությունից առաջ հայտարարի, որ ինքը դեմ է «կամ Հասմիկը, կամ Անահիտը» սկզբունքին, ինքը կողմ է «և Հասմիկը և Անահիտը» սկզբունքին: Եթե անգամ համարենք, որ փեսացուի մտքով կարող է նման բան անցնել, դժվար է պատկերացնել, որ դրան կհամաձայնեն և Հասմիկը, և Անահիտը: Ավելին նրանց այդ «և-և»-ի սկզբունքը կարող է այնքան նյարդայնացնել, որ նրանք ուղղակի հետ տան նշանները: Ընդ որում, երկուսն էլ՝ միաժամանակ:
Հայաստանը չի կարող անվերջ ձգել այս վիճակը, և հնարավոր չէ միաժամանակ ինտեգրվել և Եվրասիական միությանը, և Եվրամիությանը, և պետք է ընտրություն կատարել: Սակայն Հայաստանի իշխանության պահվածքից երևում է, որ իշխանությունը չի ցանկանում ինքն ընտրություն կատարել, այլ այդ ընտրության բեռը կամ պատասխանատվությունը որոշել է թողնել Եվրամիությանը և Եվրասիական միությանը: «Մենք պատրաստ ենք ինտեգրվել նրանցից ցանկացածին, մեզ համար տարբերություն չկա: Թող ուրեմն իրենք որոշեն, թե մենք իրենցից ում ենք ինտեգրվում»,- մոտավորապես այսպիսին է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:
Եթե հարցն իսկապես այդպես է դրված, և Հայաստանն իր վրայից գցում է ընտրության պատասխանատվությունը, ապա կարելի է ասել, որ դեսպան Վոլինկինի հայտարարությունը վերաբերում է նրան, որ Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանը պետք է միանա Եվրասիական միությանը: Պետք է սպասել, թե ինչպես դրան կարձագանքի Եվրամիությունը: