
Ֆրանսիայի դեսպանը հետաքրքրվում է ՀՀ գյուղատնտեսության վիճակով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, կարևորել ֆրանսիական կողմի մասնակցությունն ոլորտում առկա խնդիրներին , ինչպես նաև երկկողմ համագործակցության խորացումը:
Նախարարը ներկայացրեց հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելու, վերջինիս շրջանակներում գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն հետաքրքվեց համագործակցության նոր ուղղություններով, որին ի պատասխան նախարարն առանձնացրեց մասնավոր տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ստեղծման , ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնապահության ոլորտում հոտի բարելավման միջոցով մթերատվության բարձրացման, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացման, մասնագետների վերապատրաստման խնդիրները:
Դեսպանն առաջարկեց տրամադրել հայկական կողմի առաջարկների ու ծրագրերի հիմնավորումներն իր կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու և իր գործընկերոջ հետ համագործակցության հեռանկարներն առարկայացնելու համար դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրեց Ֆրանսիա, ինչն ընդունվեց շնորհակալությամբ: