«Ես արդեն վախենում եմ, դողում եմ Սամվել Մայրապետյանից»
Մեր արդեն անդրադարձել ենք Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի կողմից Պուշկին 14 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի խնդրին:
Հիշեցնենք, որ թեև համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների (ԱԻՆ) և Քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև՝ Ճարտարապետների միության մասնագետների եզրակացությունների՝ հյուրանոցային համալիրը կառուցվում է քաղաքաշինական նորմերի խախտմամբ, այնուամենայնիվ, այդ փաստաթղթերը կառուցապատողի համար ոչ միայն հիմք չեն հանդիսացել շինաշխատանքները կասեցնելու կամ առկա խախտումները վերացնելու համար, այլև՝ դրանց առկայության պայմաններում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրամադրել է հյուրանոցային համալիրի կառուցապատման թույլտվություն: Մենք տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է դատական նիստը:
«Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի դեմ հայց ներկայացրած թվով վեց անձանցից դատական նիստին ներկա էին միայն Ա. Մարտիրոսյանի ներկայացուցիչ Վլադիմիր Բեջանյանը և հայցվորներից Ա. Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Դավթյանը: Հիշեցնենք, որ հայցվորները Պուշկին 14 հասցեի հարակից՝ Աբովյան 3, Աբովյան 3/1 հասցեների սեփականատերերն են, որոնց անվտանգությունը կասկածի տակ է դրված Ս. Մայրապետյանի կողմից թույլ տրված հակահրդեհային, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտման պայմաններում, իսկ հայցվորի ներկայացուցիչ, Պուշկին 3 հասցեի համասեփականատեր Վ. Բեջանյանն անձամբ դիմել էր մեր թերթին` այս խնդիրը հանրայնացնելու խնդրանքով: Ինչպես նախորդ նիստերին, այնպես էլ՝ մայիսի 30-ի նիստին ներկա չէին որպես երրորդ անձ ներգրավված՝ Քաղաքաշինության, Մշակույթի, ԱԻՆ նախարարությունների ներկայացուցիչները, ինչը նախագահող դատավոր Կարինե Պետրոսյանը պատճառաբանեց դատարանի կողմից նրանց չծանուցելով: Հայցվորներից Ա. Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Դավթյանը դատավորին խնդրեց արձանագրել հետևյալ փաստը.
«Սա առաջին նիստը չէ, որ երրորդ անձինք չեն ներկայանում և առհասարակ դիրքորոշում չեն հայտնում: Ես սա անհարգալից վերաբերմունք եմ համարում:
Մեզ համար էական նշանակություն ունի երրորդ անձանց մասնակցությունը, քանի որ գործի համար փաստական հանգամանքներ կան` ուղղված էական նշանակություն ունեցող փաստերի հաստատմանը: Դրանք կարող են միայն ապացուցվել երրորդ անձանց կողմից տրված բացատրություններով»:
Վ. Բեջանյանն էլ երրորդ անձանց բացակայությունը նիստերին որակեց որպես արհամարհանք` ինչպես դատարանի, այնպես էլ՝ քաղաքացիների նկատմամբ, քանի որ նրանք ոչ միայն չեն հարգում դատարանին, այլև՝ ծիծաղում են տուժողների վրա: «Նրանք վախենում են, քանի որ դատարանում հարկադրված կլինեն ասելու ճշմարտությունը, պետք է ասեն, որ գոյություն ունի անվտանգության նորմերի խախտում, բայց վախենում են:
Ես էլ եմ արդեն սկսում վախենալ ու դողալ Սամվել Մայրապետյանից, որովհետև ամբողջ մի համակարգ՝ ԱԻՆ, Քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, վարչապետ… այս բոլորն ահ ու սարսափի մեջ են Ս. Մայրապետյանից: Արդեն ես էլ եմ վախենում իրենից: Ես ընդամենը մի հարց ունեմ տալու երրորդ անձանց՝ գոյություն ունե՞ն խախտումներ, թե՞ ոչ»:
Այուամենայնիվ, Վ. Բեջանյանը դատավորին հորդորեց առանց երրորդ անձանց մասնակցության նիստը չշարունակել: Իսկ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ դատարանից պահանջեց առանց մյուս հայցվորների ներկայության նիստը չշարունակել: Կ. Պետրոսյանն, այնուամենայնիվ, նիստը հետաձգեց՝ հաջորդ նիստը նշանակելով հունիսի 20-ին:
«Ճարտարապետների միությունն ո՞վ է, ցույց տվեք մի հատ սուտի իրավական ակտ»
Այդուհանդերձ, նիստի ավարտին մենք փորձեցինք լսել նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի տնօրենի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանի հակափաստարկները` կապված ԱԻՆ, Քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների միության մասնագետների՝ անվտանգության նորմերի խախտման եզրակացությունների վերաբերյալ:
«Խնդրեմ՝ Քաղաքաշինության նախարարության նամակն ուղղված Կառավարությանը, որտեղ գրված է, որ ամեն ինչ նորմալ է»: Մեր այն հարցին, թե՝ ինչպե՞ս է փաստաբանը վերաբերվում այն հանգամանքին, որ մեկ գերատեսչությունից կողմերին տրամադրվում են իրարամերժ, հակասող եզրակացություններ, հատկապես, երբ հակառակ կողմն ունի այլ բովանդակությամբ փաստաթուղթ, նա պատասխանեց. «Նախ` սկսենք նրանից, որ մենք թաղապետ չենք ընտրում՝ ով շատ թուղթ կբերի…
Նախարարությունները կարծիք տալու համար չեն, և իրենց գործառույթներն իրենց կանոնադրություններում ամրագրված է: Քաղաքաշինության նախարարությունն ապահովում է ՀՀ-ում քաղաքաշինական քաղաքականության իրականացում. ԱԻՆ-ը զբաղվում է արտակարգ իրավիճակներով՝ պաժառ հանգցնելով: Պետության մեջ դուբլ ֆունկցիաներ չեն լինում, ես սա ձեզ ասում եմ` որպես իրավաբան, գիտնական: Շինարարությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ, ՀՀ-ում, մասնավորապես` Երևանում, որոշում է Երևանի քաղաքապետը: Գրված է՝ ապօրինի շինարարության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, ոչ երգիչը, ոչ պաժառնիկը, ոչ բժիշկը՝ քաղաքապետը»:
Փաստաբանի մեկնաբանությունն անգամ չփորձելով վերլուծել, շարունակում ենք ներկայացնել նրա փաստարկները` կապված Ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանի կողմից տրված այն գրության հետ, որտեղ ասվում է, որ ոչ միայն խախտվել են քաղաքաշինության, հակահրդեհային միջտարածության սահմանված նորմերը, այլ նաև՝ Ս. Մայրապետյանի հյուրանոցային համալիրի նախագիծը չի քննարկվել Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդում:
«Ճարտարապետների միությունն ո՞վ է… Ցույց տվեք ինձ մի հատ սուտի իրավական ակտ, օրենք, որ Ճարտարապետների միությունը, որը հասարակական կազմակերպություն է… Օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնում է համայնքի ղեկավարը` Քաղաքաշինության մասին օրենքի 26, 27, 28 հոդվածներով:
Սահմանադրության 5 հոդվածն ասում է՝ պաշտոնատար անձն իրավունք ունի անել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար ուղղակի լիազորված է օրենսդրությամբ: Նույն հաջողությամբ կարող է Դատախազությունից թուղթ բերել, ասել՝ դատախազի դուրն էլ չի գալիս, լրիվ անօրինական է: Ամեն մեկն անում է այն, ինչն օրենքով սահմանված է, իսկ օրենքով ասվում է՝ շինարարության անօրինականության նկատմամբ ՀՀ-ում հսկողությունն իրականացնում են համայնքի ղեկավարները, մինչհամայնքային տարածքներում՝ մարզպետները, վերջացավ:
Իրենք սարքել են կլոունադա, ասում են՝ պատմամշակութային տարածք, և այլն: «Էլեն-Ալենի» տերն ի՞նչ կապ ունի ԱՕԿՍ-ի շենքի հետ, ԱՕԿՍ-ի ներկայացուցիչը թող գա դատարան, և ես նրա հետ այլ կերպ կխոսեմ: Երբ «Ալեն-Էլենում» ամիսը մեկ լիմոնկա է պայթում, պատմամշակութային միջավայրի հետ ամեն ինչ նորմա՞լ է: Նույնն է թե՝ ես գնամ Ոստիկանություն, ասեմ՝ Ձեր ամուսինը Ձեզ ծեծում է»,- ասաց փաստաբան Ալ. Սիրունյանը:
Նախագիծը Քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Դավթյանը հակադարձելով Ա. Սիրունյանի նշած փաստարկներին` հավաստիացնում էր, որ ՀՀ կառավարության կազմում կա Քաղաքաշինության նախարարություն, որի կանոնադրության մեջ սահմանված է՝ «Նախարարությունը պատասխանատու է ՀՀ-ում քաղաքաշինական քաղաքականության համար: Քաղաքաշինությանն առնչվող բոլոր խնդիրները կարգավորվում են այդ նախարարության կողմից: Քաղաքաշինության նախարարության կազմում գործում է Քաղաքաշինական պետական տեսչություն, որի գործունեության բուն ֆունկցիան քաղաքաշինության նորմերի պահպանման հսկողությունն է: Նախագիծը հաստատող քաղաքապետարանը պարտավոր էր փորձաքննության առկայության պայմաններում դա անել, իսկ փորձաքննություն անելու թույլտվությունը տալիս է Քաղշիննախարարությունը՝ Քաղաքաշինական գլխավոր տեսչությունը: Ադմինիստրատիվ պատասխանատվությամբ պատասխանատու է ապօրինի եզրակացություն տվող մարմինը՝ նույն նախարարությունը»:
Ինչ վերաբերում է ԱԻ նախարարությանը, ապա Ս. Դավթյանը հավաստիացնում է, որ համաձայն այդ գերատեսչության կանոնադրության՝ ԱԻՎ-ը պատասխանատու է ՀՀ տարածքում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար:
Տվյալ դեպքում՝ իրականացվում է կառուցապատում, որի ընթացքում խախտվում են հակահրդեհային նորմերը, և հրդեհի դեպքում շինությունների խտության պայմաններում անգամ հրշեջ մեքենան չի կարող մոտենալ դեպքի վայրին: «Եզրակացություններ տվել են կոմպետենտ մարմինները՝ Քաղշիննախարարությունը, ԱԻ նախարարությունը: Ճարտարապետների միությունը նույնպես հաստատել է խախտումները, այո՛, հ/կ է, բայց արդյոք միայն պետական մարմիննե՞րը կարող են ասել՝ գոյություն ունի՞ խախտում, թե՞ ոչ:
Մասնավորապես հասարակական նշանակության շենքերի նախագծերը պարտադիր ներկայացվում են քաղաքապետարանի խորհրդի քննարկմանը, որից հետո նոր պետք է միայն հաստատվի: Տվյալ դեպքում՝ չի դրվել քննարկման, և նույն Ճարտարապետների միություն կոչվող հ/կ-ն անդամ է Քաղաքաշինական խորհրդի: Իրենք վստահ են եղել, որ այս ապօրինության տակ չեն մտնի, և հաստատման փուլում անտեսվել է Քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացնելու հանգամանքը»,- ասում է փաստաբան Սամվել Դավթյանը:
«168 ԺԱՄ»