Թխենի` բալի համով բուժարարը

Բուժիչ նամակներ

Հայտնի են թխենու մոտ 20 տեսակներ, որոնք հիմնականում տարածված են Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Հիմնականում տերևաթափ ծառեր են, հազվադեպ թփեր։ Տերևները պարզ են, հերթադիր ատամնաեզր։ Մանր, բուրավետ, սպիտակ ծաղիկները հավաքված են ողկույզների մեջ, պտուղը հյութալի է, մինչև 0,7-1 սմ տրամագծով։ Թխենիները պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։
ՀՀ բնական պայմաններում հանդիպում են թխենու երկու տեսակներ` մահալեբյան և սովորական (Padus mahaleb և P. racemosa կամ P. valium)։

Թխենի մահալեբյանը տարածված է Իսպանիայի կենտրոնական մասում, Եվրոպայի հարավում, Փոքր և Միջին Ասիայում, Պամիրում, ՀՀ հյուսիսային և կենտրոնական մարզերում, բաց քարքարոտ թեքությունների վրա, ծովի մակերևույթից մինչև 1400 մ բարձրության վրա։ Թխենին 10-12 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Սաղարթը խիտ է, գնդաձև կամ ձվաձև, կեղևը` մուգ շագանակագույն է, յուրահատուկ կումարինի բուրմունքով։ Տերևները գրեթե կլոր են, մինչև 9 սմ երկարությամբ և 8 սմ լայնքով, բաց կանաչ, հակառակ երեսը պատված է դեղնավուն խավով։ Ծաղկաողկույզի երկարությունը մոտ 7 սմ է։

Ծաղկում և պտղաբերում է իններորդ տարում, հասունացած միակորիզ պտուղները սև են։ Լուսասեր է, դիմացկուն երաշտի և ցրտահարության հանդեպ, մշակվում է այգիներում, ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։
Թխենի սովորականը հանդիպում է Պորտուգալիայից մինչև Ենիսեյ գետը և տունդրայի հարավային սահմաններից մինչև Կովկաս ընկած տարածքներում, ՀՀ Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի անտառների վերին եզրերին, հատկապես հյուսիսային լանջերին, գետափերին։ Մինչև 17 մ բարձրությամբ և 30-40 սմ բնի հաստությամբ ծառ է։ Երիտասարդ ճյուղերի կեղևը փայլուն շագանակագույն է, տերևները էլիպսաձև` 15 սմ երկարությամբ, ծաղկաբույլերի երկարությունը հասնում է 12 սմ-ի, լայնությունը` 2,5-3,5 սմ-ի։ Ծաղկում և պտղաբերում է 5-6-րդ տարում։ Անչափ գեղեցիկ բույս է, ծաղկման շրջանը հաճախ համընկնում է գարնանային կարճատև ցրտահարությունների օրերի հետ։

Բոլոր տեսակների թխենիների տերևները և ծաղիկներն արտազատում են շատ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք մահացու են մոծակների և շատ այլ մանր միջատների համար։ Ծաղկած ծառի մոտ երկար կանգնելու դեպքում կարող է առաջանալ գլխացավ։ Թխենին մեղրատու բույս է, նաև որակյալ ծաղկափոշու մատակարար։ 1 հա թխենու այգու մեղվատվությունը 20-30 կգ է։
Թխենի սովորականը մեր հայրենիքի բնական պայմաններում պտղաբերում է ամռան վերջում։ Բույսը շատ գեղեցիկ է նաև աշնանը, երբ տերևները ստանում են կարմրանարնջագույն գունավորում։

Թխենին ունի արտադրական նշանակություն. չորացրած պտուղները փոշիացնում և օգտագործում են հրուշակեղենի, հյութերի, օղու և լիքյորների արտադրությունում, կեղևից ստանում են կանաչ և գորշավուն ներկեր, բնափայտն օգտագործվում է ատաղձագործության բնագավառում։ Մշակվում է Իջևանում, Սևանում, Ապարանում, Սյունիքում։ Հայերեն այլ անվանումներն են` սիան և սևանի։

Թխենի սովորականի պտուղները պարունակում են դաբաղանյութեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, շաքարներ, ճարպային թթուներ, ֆիտոնցիդներ, երկաթ, ցինկ, պղինձ, կոբալտ, մարգանեց (մանգան), մագնիում, ֆլավոններ, ասկորբինաթթու։

Օգտագործվում են գիտական բժշկությունում դիսպեպսիայի բուժման համար (ճնշում է սննդի նեխմանը նպաստող միկրոօրգանիզմները), որպես օժանդակ միջոց` ինֆեկցիոն դիզենտերիայի դեպքում։

Ստամոքսի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում խմել թխենու և հապալաս սևի պտուղների խառնուրդից պատրաստված թեյ։
Եփուկ. 1 ճ/գ թխենու չորացրած պտուղը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 20 րոպե եփեք` փակ կափարիչի տակ, 1 ժամ թրմեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

  • 1 ճ/գ չորացրած պտուղը լցրեք 200 մլ տաք (նախօրոք եռացրած) ջրի մեջ, 15 րոպե տաքացրեք եռացող ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։

Թխենու տերևը, ծաղիկը, կեղևը, պտղի կորիզը պարունակում են գլիկոզիդ ամիգդոնիտրիլ, ցիանական միացություն (0,05-0,09 տոկոս), տերևներում կա կարոտին, զգալի քանակությամբ վիտամին E և ասկորբինաթթու։ Կեղևը պարունակում է նաև գլիկոզիդ պրուլաուրազին։

Ժողովրդական բժիշկները մթերում են պտուղը, ծաղիկը, կեղևը` գարնանային հյութաշարժման ընթացքում, տերևը` ամռան սկզբում։

Ժողովրդական դեղատոմսեր
Թոքերի հիվանդություններ. 1 ճ/գ չոր տերևի և ծաղկի խառնուրդը (1։1) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Ստամոքսաբորբ, կոլիտ. 1 ճ/գ չոր տերևը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 5 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Տերևի ջրային թուրմը խորհուրդ է տրվում խմել` թոքերի և բրոնխների բորբոքումների, և կատարել ողողումներ` ստոմատիտի դեպքում։

Ստամոքսի խանգարում. Խառնեք 1-ական թ/գ թխենու և հապալասի պտուղներ (թարմ կամ չոր), եփեք ինչպես թեյը։
Կոլպիտ. 1 ճ/գ ծաղիկը և պտուղը 8-10 ժամ թրմեք 400 մլ տաք ջրում ջերմապահի մեջ, քամեք։ Կատարեք ներլվացումներ` օրը 2 անգամ։
Միզամուղ և լեղամուղ միջոց. 1 թ/գ ծաղիկը կամ պտուղը 3 ժամ թրմեք 250 մլ եռջրում` տաք տեղում, փաթաթեք լաթով, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, գոլ վիճակում, ուտելուց 1 ժամ հետո։
Կոնյուկտիվիդ. 1 թ/գ ծաղիկները 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Դրեք թրջոցներ աչքերին, օրը մի քանի անգամ։
Էկզեմա, սնկային հիվանդություններ. 1 թ/գ չոր ծաղիկի և տերևի խառնուրդը (1։1) 8 ժամ թրմեք 200 մլ սառը ջրում։ Օգտագործեք որպես թրջոց կամ լվացեք վերքը։
Բերանի լորձաթաղանթի բորբոքում. 1 թ/գ ծաղիկը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ գոլ թուրմով։
Թարմ վերքեր. Թխենու թարմ պտղահյութի մեջ թաթախեք թանզիֆե անձեռոցիկը և դրեք վերքին։ Ունի արագ ներգործություն։
Ռևմատիզմ, հոդատապ. 1 ճ/գ մանրացրած կեղևը 14 օր թրմեք 200 մլ օղու մեջ, քամեք։ Շփեք ցավոտ տեղին։
Հոդատապ, ռևմատիկ ցավեր, գլխացավ. Մանրացրեք թխենու մատղաշ ճյուղերից ստացված չոր կեղևը, 10 գ հումքը 30 րոպե տաքացրեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, 15 րոպե թրմեք, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Քրտնամուղ-1 թ/գ կեղևը 15 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։
Զգուշացում։ Թխենու կեղևը, տերևը, ծաղիկը և կորիզը պարունակում են թունավոր նյութեր։ Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման և ընդունման չափաբաժինները։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս