Ոստիկանությունում խոշտանգումների գործով վկան փոխում է ցուցմունքները
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորի դեմ գործով այսօրվա դատական նիստում վկա Վահան Թորոսյանը ցուցմունք տվեց` ոստիկանության բաժին բերման ենթարկվելու մասին: Դատաքննական ցուցմունքը, դատավարության մասնակիցների գնահատմամբ, էապես տարբերվում էր նրա նախաքննական ցուցմունքից: Վկան տուժող Ռոբերտ Հովսեփյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակվել:
Այսպես, ըստ դատաքննական ցուցմունքի, «սովորական բերման ենթարկեցին բաժին, ներկայացան, որ ոստիկաններ են ու հրավիրեցին բաժին՝ օրը ցերեկով»: Վկան դատարանում հայտնեց, որ 3 ժամ բաժնում պահելուց հետո, իրեն ազատ են արձակել, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, բաժին բերման ենթարկվածների բռնությունների մասին չգիտե՝ չի տեսել:
Իսկ նախաքննության ընթացքում հայտնել էր՝ «օրն արդեն բավականին մթնել էր» և բերման ենթարկվելու հստակ օր ու ժամ էր ասել՝ 2012թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 23-ի սահմաններում: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր նաև, որ ոստիկաններն առանց ներկայանալու հարձակվել են իրենց վրա, տապալել գետնին, ոլորել ձեռքերը և նստեցրել ավտոմեքենան: Իր այն հարցին, թե ինչու եք տանում՝ ոստիկանները պատասխանել էին՝ «կգնանք բաժին՝ կիմանաս»: Իսկ բաժնում, ըստ նախաքննական ցուցմունքի, իրենից պահանջել են, որպեսզի ինքը խոստովանի, որ Ռոբերտ Հովսեփյանի հետ մասնակցել է գողությունների: Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ իրեն գիշերը պահել են ոստիկանության բաժնում և միայն առավոտյան թույլ են տվել, որ գնա:
Վկան հայտարարեց, որ խմելու պատճառով ամեն ինչ չի հիշում, որ մինչև վերջ չի կարդացել իր խոսքերից քննիչի կողմից գրված ցուցմունքը։ Վկան անգամ չէր հիշում, որ իր նախաքննական ցուցմունքը ոչ թե ձեռագիր, այլ համակարգչային՝ տպագիր է եղել:
Եթե չհաջողվի դատարան բերման ենթարկել ժամանակին ոստիկանության բաժին ենթարկված ևս մեկ վկայի՝ Քերոբ Սիմոնյանին, հունիսի 7-ին նշանակված հաջորդ դատական նիստում ըստ ամենայնի կհարցաքննվի դատաբժշկական փորձագետը: Այս փուլին կհաջորդի գործի գրավոր ապացույցների հետազոտումը և ամբաստանյալներ, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի հարցաքննությունը:
Այսօրվա նիստի ավարտին տուժող Ռոբերտ Հովսեփյանը նորից հայտարարեց, որ իրեն բռնության ենթարկելու համար պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր մեղավորները և որ ինքը հանիրավի դատապարտվել է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պարզաբանեց, որ ամբաստանյալներից բացի այլ անձանց մեղավորության մասին իր հայտարարությունները հաղորդում են հանցագործության մասին և եթե դրանք հիմնավոր համարվեն, մեղադրող կողմը համապատասխան գործողությունների կդիմի: Դատարանը պարզաբանեց նաև, որ հանիրավի դատապարտվելու հարցը քննվող գործի շրջանակներից դուրս է և հիշեցրեց, որ ի տարբերության այն գործի, ինքն այս գործով տուժող է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։ Ռոբերտ Հովսեփյանը, չդիմանալով գործադրված բռնությանը, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին ու հոգեբանական ճնշումներին, խոստովանել է, թե ինքն է կատարել հիշյալ չբացահայտված գողությունները։ Դրանից հետո Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, կատարելով պաշտոնեական կեղծիք, կազմել են ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում։