Արմեն Ռուստամյան. Ստյոպա Սաֆարյանն էլ ընդդիմության մեջ է, եթե փլատակների մեջ է՝թող դուրս գա դրանցից

«Ստյոպա Սաֆարյանն էլ ընդդիմության մեջ է, եթե փլատակների մեջ է՝թող դուրս գա դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Կովկասյան ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սաֆարյանը հայտարարել էր. «Եթե ընդդիմությունն անգամ փլատակների մեջ է, ես մտահոգված եմ նաև իշխանության վիճակով, որովհետև հավասարապես թույլ է նաև իշխող կուսակցությունը՝ այլապես վարչական ռեսուրսները իր վրա չէր քաշի»:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ ոչ թե ընդդիմությունն է փլատակների մեջ, այլ՝ ամբողջ հասարակությունը, որովհետև արտագաղթը, անգամ պաշտոնական տվյալներով, հասել է բարձր մակարդակի: «Էլ ճգնաժամը ո՞նց ա լինում: Ընդդիմության վիճակն այնպիսին է, ինչպիսին ժողովրդի վիճակն է: Իսկ իշխանությանը թվում է, թե ժողովրդի վիճակը շատ լավ է, դրա համար էլ 80 տոկոս ժողովուրդն իրեն վստահում է ու ձայն է տալիս: Այս աբսուրդը նախ թող բացատրեն, ես էլ կասեմ, թե իրական համեմատությունն ու գնահատակնները ի՞նչ սանդղակով են իրականացնում: Ընտրությունն էլ ընտրությո՞ւն է, որ դրանց միջոցով կարողանանք ամեն ինչ ճիշտ գնահատել»,- նշեց նա:

Նա հիշեցրեց մի պատմություն, որը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը Ա. Ռուստամյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմիավորվեց: «Ինձ ընտրողն ասաց, թե ինչի՞ սենց ստացվեց, ես երեք պոստ հաղթահարել եմ, հասել ձեզ եմ ընտրել, բայց էսքան ձայն եք ստացել: Ես էլ պատասխանեցի, թե որովհետև երեք պոստ եք հաղթահարել: Իսկ պոստը գիտեք ո՞րն է, չէ, որ թաղի տղաները կանգնած հարցախույզ են անում՝ ո՞ւմ եք ընտրելու, ինչո՞ւ մեզ չեք ընտրում, նայի՝ չսխալվես… ու այսպես երեք տեղ էդ մարդն անցել է, մինչև եկել է մեզ ընտրելու: Ընդդիմության ընտրողը պետք է խոչընդոտներ հաղթահարի՝ իր կամքով: Հիմա եթե համարում են, որ ընդդիմությունը փլատակների մեջ է, ապա պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ այն միակ հնարավորությունը՝ միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալու, որը այս պայմաններում պետք է օգտագործվեր, չօգտագործվեց»,- Ս. Սաֆարյանին հակադարձեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով, հիմա արդեն պարզ է, որ մրցակցային ընտրություններ անցկացնելու միակ տարբերակն ընդդիմության համար միասնական ճակատն է: Հակառակ դեպքում՝ ընտրություններին մասնակցելն, ըստ նրա, անիմաստ է դառնում: «Ամոթ է, մենք մեզ խաբում ենք, ասում ենք՝ ընտրություն ենք անցկացնում, փչացնում ենք մեզ, մեր ժողովրդին ու դատարկում ենք երկիրը: Մենք ընտություններին դուրս ենք գալիս, բայց մրցակցում ենք ոչ թե իրար հետ, այլ պետության ռեսուրսների»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ Հայատանում ձևավորվել է մեկ մոնոլիտ համակարգ, որն անընդհատ ապահովում է իշխանությունների վերարտադրումը:

Անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ-ում վերակազմավորումներ, կադրային փոփոխություններ են սպասվում, Ա. Ռուստամյանն ասաց, թե Դաշնակցությունը միշտ էլ առողջ գործընթացներ է ունեցել, առողջ օրգանիզմ է, ժողովրդավարական միակ կառույցն է ու իր սխալներն ուսումնասիրելու ու լուծումներ գտնելու հատկություն ունի: Դրա համար, ըստ նրա, առանց արտակարգ ու արտահերթ ցնցումներ առաջացնելու՝ Դաշնակցությունը լուրջ գնահատականներ կտա իրավիճակին՝ մինչև հաջորդ ընտրությունները:

Տեսանյութեր

Լրահոս