Հայաստանը կվճարի արտերկրյա ճանաչված գիտնականներին…
Հայաստանը կվճարի արտերկրյա ճանաչված գիտնականներին, եթե նրանք Հայաստանի գիտաշխատողների հետ համատեղ ծրագրեր իրականացնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ այս տարի Հայաստանում արտասահմանցի գիտական խորհրդատուների ինստիտուտի մշակույթն են մտցրել:
«Այսինքն՝ մեր գիտական ծրագրերին թույլ ենք տալիս մասնակցել նաև արտերկրի գիտնականներին, որոնք խորհրդատվական դերակատարում են ունենալու մեր գիտական ծրագրերի իրականացման համար: Իսկ դա նշանակում է, որ մեր պետությունը խոստանում է, որ կվճարի նույնիսկ արտերկրի ճանաչված գիտնականին, որը պատրաստ է Հայաստանի գիտաշխատողների հետ իրականացնել համատեղ ծրագրեր»,- ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով, որ դա համաշխարհային գիտակրթական տարածքի ինտեգրման լավագույն ձևերից է, որը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:
«Ի դեպ, սա բավականին մեծ հնչեղություն է ձեռք բերել արտերկրում, քանի որ Հայաստանը՝ ունենալով սուղ ֆինանսական միջոցներ, փաստորեն, հրավիրում է արտերկրի ճանաչված գիտնականներին, որ գան և մեզ հետ համատեղ ծրագրեր իրականացնեն: Գիտեք, թե սա ի՞նչ մեծ էֆեկտ է տալու առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Ս. Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այդ ամենի արդյունքում առաջիկա տարիների ընթացքում մեր գիտական հրապարակումների թիվը ռեյտինգային ամսագրերում էապես կավելանան:
Արտերկրի ճանաչված գիտնականները 74 ծրագրերի համար արդեն համաձայնություն են տվել, որպեսզի մասնակցեն դրանց, որոնցից մոտ 50-ը հայեր են, մյուսներն՝ օտարերկրացիներ:
«Երբ օտարները համաձայնում են, դա նշանակում է, որ մեր գիտական պոտենցիալը շատ բարձր են գնահատում: Հակառակ պարագայում՝ բարձր ռեյտինգ ունեցող գիտնականը չէր համաձայնվի գալ Հայաստան՝ ինչ-որ համատեղ գիտական ծրագրեր կատարելու համար»,- ասաց Ս. Հարությունյանը:
168.am-ի հարցին, թե որքա՞ն գումար եք տալիս նրանց՝ Հայաստան գալու համար, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը պատասխանեց. «Տալիս ենք ճանապարհածախսը, հյուրանոցի ծախսը և մի փոքր էլ գրպանի փող: Այդ գումարները, ի դեպ, վերադարձվում են տասնապատիկ անգամ, որովհետև այն գիտական օգուտը, որ մենք կստանանք ճանաչված արտասահմանցուց, որը տվյալ ոլորտի լավագույններից է համարվում, դա եթե գումարների վերածվի՝ կարող ենք տասնապատիկ, քսանապատիկ ավելին ստանալ, քան այս ծրագրի վրա ծախսած մի քանի հազար դոլարը»: