Փաստաբան. Վարդան Ղուկասյանի եղբորորդին առաջին կրակողը չի եղել
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով գլխավոր դերակատարներից մեկի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը գտնում է, որ իր պաշտպանյալի՝ Վահե Ղուկասյանի նկատմամբ նախաքննական մարմինների կողմից թույլ է տրվել իրավունքների ոտնահարում: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը գտնում է, որ Վահե Ղուկասյանին նախ պետք է նախաքննական մարմինները ճանաչեին տուժող եւ ապա նոր՝ կասկածյալ:
«Ես կարծում եմ, որ Վահե Ղուկասյանը պետք է ճանաչվեր որպես տուժող, որովհետեւ ինքը ստացել էր հրազենային մարմնական վնասվածք որովայնի շրջանում: Դրա համար կարծում եմ, որ պետք է հենց տուժող ճանաչվեր»,- ասել է փաստաբանը: Նա փոխանցել է նաև, որ ունեն հատուկ անառարկելի փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Գյումրու կրակոցների օրը Վահե Ղուկասյանը առաջին կրակողը չի եղել:
«Մեր դիրքորոշմամբ՝ (ավելին՝ կարող ենք հիմնավորել նաեւ ասվածը ապացույցներով) նախ եւ առաջ կրակոցները եղել են նրա ուղղությամբ, նրա՝ Վահեի վրա են եղել կրակոցներ, որից հետո ինքն է սկսել կրակելը:
Կարեւորը դատաիրավական կարգավիճակն է, միջնորդել եմ, որ ինքը ճանաչվի որպես տուժող, բայց չի ճանաչվել»: