«Հայազն»-ը իրեն բնորոշում է որպես ազգային հեղափոխական կուսակցություն

«Հայազն» կուսակցության Վարչության մի քանի անդամներ մայիսի 26-27-ին այցելեցին Մարալիկ, Գյումրի, Վանաձոր, որտեղ հանդիպումներ ունեցան թե համակիրների, թե լրատվամիջոցների հետ:

Կուսակցության ներկայացուցիչները հանդիպումների ժամանակ առաջարկեցին իշխանափոխության ռազմավարական այլ ուղի՝ քաղաքական գործողությունների նոր փաթեթով՝ կարևորելով քաղաքական նոր դաշտի ձևավորումը՝ մինչ որևէ համապետական ընտրություն:

«Հայազն»-ը իրեն բնորոշում է որպես ազգային հեղափոխական կուսակցություն ու նպատակ ունի նոր հանրապետություն ձևավորել Ազգային Հեղափոխության միջոցով: Ազգային որոշումների ընդունման մեխանիզմը կուսակցությունը բոլորովին այլ կերպ է պատկերացնում՝ այն չպետք է լինի կուսակցականացված:
Ներկաների հետ հանդիպման ժամանակ կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն նշեց. «Խոշոր հաշվով մենք ընդդիմադիր ենք նաև մեր ընդդիմությանը և ընդդիմությունափոխությունը դիտարկում ենք որպես իշխանափոխության նախապայման: Մեր բոլոր ընդդիմությունները, որոնց հետ ժողովուրդը հույսեր է կապել, տապալվել են իրենց որակների պատճառով, ընդդիմության՝ բովանդակային այլընտրանք չլինելու պատճառով, ընդդիմության կռապաշտության պաճառով: Կազմակերպչական լուրջ կառույցներով պետք է օժտել ընդդիմությանը, որովհետեւ մի կուռքի կողմից առաջնորդվող շարժումներն ի սկզբանե դատապարտված են»:

Նշվեց նաև, որ «Հայազն»-ը առաջարկում է նաև ունենալ նոր, եվրոստանդարտից դուրս սահմանադրություն՝ փոփոխություն սկսելով մարդու իրավուքնների եւ պարտականությունների տիրույթից ընդհուպ մինչեւ կառավարման համակարգ: Նույնքան կարևոր է նաև պայքարի ռազմավարական ուղու փոփոխությունը՝ անվտանգության հարցերի շեշտադրումով, ժողովրդագրական, մշակութային, կրթական, գիտական, ինքնատիպության պահպանման ու այլ հարցերով:

Ստեղծվեցին կուսակցական միավորներ թե Շիրակի, թե Լոռու մարզի տարբեր քաղաքներում:

«Հայազն» կուսակցության մամուլի և հանրային կապերի պատասխանատու

Տեսանյութեր

Լրահոս