Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը բոյկոտում Պուտինին

Այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների՝ մայիսի 28-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը: Ս. Սարգսյանի չմասնակցությունը պաշտոնապես որևէ կերպ չի պարզաբանվել: Նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանն «Ազատություն» ռադիոկայանին  այդ առթիվ ասել է միայն, որ «նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»:

Սա, ըստ էության, սենսացիոն իրադարձություն կարելի է համարել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում, որոնցում հատկապես վերջին տարիներին ամեն ինչ հիմնված է եղել ռուսական կողմին հաճոյանալու, որևէ կերպ չընդդիմանալու պատրաստակամության վրա: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Բիշքեկում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ վերջինիս հետ միևնույն վայրում գտնվելը տարիներ շարունակ Հայաստանի ղեկավարության համար համարվել է «մեծագույն պատիվ». Ս. Սարգսյանի Բիշքեկ չմեկնելը գրեթե դեմարշին հավասար քայլ է: Նման քայլի համար Ս. Սարգսյանը, իհարկե, բազմաթիվ պատճառներ ունի՝ սկսած գազի գնի թանկացումից, մինչև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը՝ «ադրբեջանական տարածքների վերադարձ» արտահայտությամբ:

Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ մշտապես ցուցաբերել է ռազմավարական դաշնակցին հարիր պարկեշտություն, և միայն վերջին իրադարձությունները կարող էին նման քայլի դրդել: Ճիշտ հակառակը՝ հատկապես վերջին տարիներին Ռուսաստանը հետևողականորեն խորացրել է Հայաստանին որպես ֆորպոստ վերաբերվելու ռազմավարությունը, ինչը հայկական իշխանությունների կողմից ոչ միայն չի մերժվել, այլև ընդունվել է առանձնակի ջերմությամբ: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ հատկապես հիմա է Հայաստանի իշխանությունն իրեն այնքան համարձակ զգում, որ նախագահի մակարդակով բոյկոտում է Պուտինի մասնակցությամբ միջոցառումը:

Իհարկե, ամենացանկալի տարբերակը կլիներ արձանագրել, որ Հայաստանի իշխանությունը վերջապես վճռականություն է ցուցաբերում և հանուն պետական շահերի՝ պատրաստ է արժանանալ անգամ Ռուսաստանի ոչ բարեհաճ վերաբերմունքին, ինչը Հայաստանում անբեկանելի արժեք է համարվում ոչ միայն՝ իշխանության, այլև՝ ընդդիմության համար: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է շարունակել իրական եվրաինտեգրացիան և պատրաստ է, անգամ դիմակայելով Ռուսաստանի ճնշմանը, աշնանը Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր, այդպիսով նաև փակելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թեման, ապա այս քայլերը կարելի է ողջունելի համարել: Նույնիսկ՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞րն է իշխանության՝ Սերժ Սարգսյանի իրական մոտիվացիան: Բայց միանշանակ պնդել, որ գործ ունենք այս տարբերակի հետ, դեռևս վաղ է: Որովհետև առնվազն չպետք է բացառել, որ սա ոչ թե «ինքնաբուխ դեմարշ» է, այլ նույն ռուսական իշխանության հետ համաձայնեցված մարտավարական քայլ՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի ինքնուրույնության պատրանք ստեղծելու համար:

Համենայնդեպս, այս օրերին զուգահեռաբար տեղի ունեցած որոշ իրադարձություններ նման ենթադրության հիմք տալիս են: Խոսքը, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած այն հայտարարության մասին է, որ գազի գնի սուբսիդավորման նպատակով Հայաստանը բանակցություններ է վարում միայն ռուսական կողմի հետ (այս հայտարարությունը Տ. Սարգսյանն արել էր՝ ի պատասխան այն տեղեկությունների, որ Արևմուտքը պատրաստ է այդ նպատակով Հայաստանին 2-2.5 միլիարդ դոլարի օժանդակություն հատկացնել), և բացառված չէ, որ Ռուսաստանը ֆինանսական օգնություն հատկացնի՝ գրանտային տեսքով: Տ. Սարգսյանի այս հայտարարությունն, առաջին հերթին, ուղղված էր ռուսական կողմին՝ որպես հավաստիացում այն բանի, որ Հայաստանի իշխանությունները  «թաքուն» չեն բանակցում Արևմուտքի հետ՝ ռուսական թանկ գազի սոցիալական հետևանքները մեղմելու համար:

Այս հայտարարության ֆոնին Ս. Սարգսյանի՝ ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցելը դժվար է միանշանակ համարել որպես ցուցադրական ակցիա՝ ի նշան Հայաստանի նկատմամբ վարվող ռուսական քաղաքականության:

Անկախ ամեն ինչից, այս իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը ներկայումս հերթական անգամ կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առջև: Պարզապես այս մի ընտրությունը մյուսներից կարող է տարբերվել նրանով, որ հերթականը լինելով՝ դառնա նաև վերջնականը: Թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս