Փաստաբան. Ոստիկանները ներում են հայցել ինձնից, ես էլ ներել եմ նրանց
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հայտնի գործով վկա Կոլյա Ղուկասյանի փաստաբան Թամարա Յայլոյանին վիրավորած երեք ոստիկանները ներողություն են խնդրել նրանից, փաստաբանն էլ ներել է նրանց: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Յայլոյանը՝ հավելելով, թե ոստիկաններն իրենից ներում են խնդրել Ոստիկանությունում:
«Ես հույս ունեմ, որ իրենք էլ հայտարարությամբ հանդես կգան, բայց ամեն դեպքում ասեմ, որ նրանք, ովքեր վիրավորել էին, ներում են հայցել, ես էլ, ըստ էության, գրել եմ, որ որևէ բողոք և պահանջ չունեմ նրանց նկատմամբ, որովհետև իմ նպատակը հետագայում նման երևույթները բացառելն էր: Խնդիրն այն էր, որ ոստիկանները հասկանան, գիտակցեն, որ ինչպես աշխատել կամ չեն աշխատել նախկինում, այս պարագայում Ոստիկանությունը պետք է փոխվի և աշխատի այլ կերպ: Իրենց ներողությունը գուցե միտում է, ցանկություն, որ իրենք ցանկանում են փոխվել: Բնական է, որ ես սպասում էի, որ այդ վիրավորանքին համարժեք ներում հայցվեր ինձնից: Ճիշտ է, Վլադիմիր Գասպարյանը բոլոր փաստաբաններից ներում էր հայցել, բայց ամեն դեպքում՝ անձինք, որոնք վիրավորել էին ինձ, ըստ իս՝ պարտավոր էին ներում հայցել: Նրանք անհատապես ներում են հայցել ինձնից, ես էլ ներել եմ նրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թամարա Յայլոյանը:
Փաստաբանի խոսքով՝ հասարակության ճնշումների արդյունքում է, թերևս, որ ոստիկանները ներողություն խնդրեցին իրենից:
«Այսպիսի մի միտք հնչեց նրանց կողմից՝ մենք չպատկերացրեցինք, որ Դուք կարող էիք վիրավորվել այն արտահայտություններից, որոնք մենք արել ենք: Ես չեմ կարող միանշանակ պնդել, որ դա այդպես է կամ այդպես չէ: Ամեն դեպքում գուցև իրենք մտածում էին, որ վիրավորվելու կամ վատ զգալու ոչինչ չկա, բայց գուցե դրանից հետո, վերլուծություն կատարելով՝ իրենք կհասկանան, որ այն, ինչ իրենք արել կամ ասել են, վիրավորական արտահայտություններ են, և պետք է իրենց բառապաշարից բացառեն այդպիսի արտահայտությունները»:
Թ. Յայլոյանը համոզված է, որ կատարվածը կարող է նախադեպ հանդիսանալ, որպեսզի հետագայում նման երևույթներ չկրկնվեն. «Բացի այդ՝ ինձ թվում է, որ Ոստիկանությունը հասկացել է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը մտածի, որ կարող է նման բան անել, ապա փաստաբանն էլ անպաշտպան չէ՝ և՛ օրենքը, և՛ փաստաբանական հանրությունը պատրաստ է պաշտպանելու պաշտպանին: Պատրաստ է նաև հասարակությունը, որովհետև ես չեմ կարող չասել, որ Գյումրիում շատ մարդիկ փողոցում, facebook-ով, հեռախոսով, նամակով հայտնում էին իրենց աջակցությունը: Այսինքն՝ բոլորն էլ հասկանում էին, որ փաստաբանը նման հայտարարություններ հենց այնպես չի անի: Նաև հասկանում էին, որ, եթե այսօր մենք չունենք ուժեղ փաստաբան, որի նկատմամբ կարող են նաև վիրավորանքներ և այլ ոտնձգություններ լինել, ապա դա նշանակում է նաև, որ հասարակությունն է թույլ, և նրանք նույնպես անպաշտպան վիճակում են: Այնպես որ, սա վերաբերում էր ոչ միայն ինձ, այլև բոլոր փաստաբաններին, հասարակությանը: Համոզված եմ, որ ոստիկանները դա հասկացան, գիտակցեցին, և ամենակարևորն այն է, որ եթե մարդ իր սխալը գիտակցում է և ներում է խնդրում, ապա այսօր մենք ունեցանք որակապես ավելի լավ Ոստիկանություն: Ճիշտ է՝ Ոստիկանությունը ներում է խնդրել, բայց կարող է այսօր հպարտանալ, որ իրենք էլ են ավելի քաղաքակիրթ դարձել և կարող են, ի վիճակի են ընդունելու իրենց սխալը և ներում հայցել»:
Թամարա Յայլոյանը նշեց, որ Փաստաբանների պալատը, նախաձեռնող խումբը, լրատվամիջոցները մեծ ազդեցություն են ունեցել այս «նախադեպի» վրա: «Ես շնորհակալություն եմ հայտնում քննիչ Ազատ Գևորգյանին՝ իր համբերատարության և լավ վերաբերմունքի համար: Տպավորություն է ստեղծվել, որ բոլոր փաստաբանները շատ լավն են, բոլոր ոստիկաններն ու քննիչները շատ վատն են, բայց պետք է նաև շեշտվի այն մարդկանց մասին, ովքեր լավ են վերաբերվել: Գյումրու ոստիկանության բաժնի պետ պարոն Մարտիրոսյանը գործում միջնորդական առաքելություն կատարեց, որպեսզի ամեն ինչ այսպես վերջանա»,- ասաց նա:
Փաստաբանը նաև նշեց, որ իրեն վիրավորելու դեպքում հարուցված քաղաքացիական գործն այժմ Գյումրիի քննչական վարչությունում է, ինչպես նաև՝ Ոստիկանության ներքին անվտանգության բաժնում. «Ծառայողական քննություն է կատարվում, և ծառայողական քննության արդյունքում, բնականաբար, հետևանք կունենա: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ն կլինի իրենց որոշումը, բայց ամեն դեպքում՝ դրան բոլորս կծանոթանանք»: