Սադոմազոխիստական վերարտադրություն
Երեկ Հայաստանի մի քանի բնակավայրերում կայացել են համայնքի ղեկավարի ընտրությունները: Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում, օրինակ, 3758 ձայնով վերընտրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը՝ ինչպես արդեն հասցրել են տեղեկացնել լրատվամիջոցները՝ ջախջախիչ պարտության մատնելով ՀՀ նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու աշխատող Շուշանիկ Նազարյանին, ով, չնայած իշխող ՀՀԿ-ի հովանավորությանը, ստացել է ընդամենը 535 ձայն։ Արմավիրի Վարդանաշեն համայնքում անցկացված ընտրություններում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը՝ ոչ այնքան ջախջախիչ հաղթանակ արձանագրելով մրցակիցների նկատմամբ: Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում էլ վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, բնականաբար՝ ԲՀԿ անդամ Մնացական Գևորգյանը: Կիրակի օրն ընտրություններ են կայացել էլի մի քանի համայնքներում, որոնցում ընտրվել/վերընտրվել են գործող կա՛մ ՀՀԿ-ական, կա՛մ ԲՀԿ-ական համայնքապետերը:
Այս ընտրություններն ինքնին, առաջին հայացքից՝ ունենալով ընդամենը տեղական նշանակություն, վկայում են Հայաստանի քաղաքական համակարգի այսօրվա՝ մեղմ ասած, ոչ կայացած վիճակի, այդ համակարգում ընդդիմության փաստացի բացակայության մասին: Համապետական ընտրությունից ընտրություն հանրահավաքներ անող, խորհրդարանական ու ասուլիսային ամբիոններից «իշխող վարչակարգի» դեմ պայքարող ընդդիմադիր ուժերից որևէ մեկն իրեն նեղություն չի տվել թեկնածու առաջադրել համայնքի ղեկավար մարմինների ընտրություններում՝ առանց գործող ղեկավարներին վերընտրվելու հնարավորություն տալու:
Հայաստանում առաջիկա 4 տարիներին համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու, եթե, իհարկե, ֆորսմաժորային զարգացումներ չլինեն: Այդ մասին հայտարարել է նույնիսկ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2007 թվականից հետո առաջնորդվում էր «թեկուզ հերթական ընտրության նախորդ օրն արտահերթ ընտրություններ են կայանալու» մարտավարությամբ: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժերը իսկապես ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել, արմատախիչ անել քրեական ու կոռումպացված իշխանական համակարգը, նրանք պետք է մասնակցեն բոլոր ընտրություններին, փորձեն հնարավորինս շատ բնակավայրերում համայնքի ղեկավարներ ունենալ և իշխանափոխության հասնել «ներսից»:
Այս թեզը, ի դեպ, սկսեցին առաջ քաշել հենց նույն ՀԱԿԿ-ի ներկայացուցիչները, ովքեր նախկինում բոյկոտելով համապետական ընտրությունից բացի որևէ այլ ընտրություն, մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին՝այն ներկայացնելով որպես Երևանով իշխանափոխության հասնելու գործիք:
Բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ ՀԱԿԿ-ն, ո՛չ էլ օրուգիշեր իշխանափոխությունից ու Նոր Հայաստանից խոսող ուժերից որևէ մեկը չի մասնակցել միանգամից մի քանի համայնքներում կայացած ընտրություններին:
Անցած մի քանի տարիները ցույց տվեցին, որ հեղափոխական ճանապարհով Հայաստանում հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Նման նպատակ ունեցող ուժերն այդ դեպքում կա՛մ պետք է հրաժարվեին պայքարից, կա՛մ պայքարի նոր մեխանիզմներ գտնեին, որոնցից այս պահին գոնե ամենատեսանելին, ցանկացած, անգամ ամենափոքր բնակավայրում, ընտրություններին մասնակցելը և տեղական իշխանությունում որոշակի դերակատարում ունենալը կարող էր լինել: Հատկապես որ, ինչպես նույն ընդդիմությունն է հայտարարում, համապետական ընտրություններում ընտրակեղծարարության հիմնական մասը կատարվում է հենց համայնքի ղեկավարների միջոցով:
Ուրեմն, եթե չի ստացվում վերցնել իշխանությունն ամբողջությամբ, քանի որ տեղական իշխանիկները՝ համակարգելով ընտրակեղծիքների մեքենան, ապահովում են իշխանության վերարտադրությունը, ապա կարելի էր գոնե փորձել իշխանությունը վերցնել այդ իշխանիկների ձեռքից՝ հաջորդ համապետական ընտրություններում իշխանությանը զրկելով ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսից: Բայց «երևանյան ընդդիմությունը», ինչպես տեսնում ենք, նման «մանր հարցերով» չի զբաղվում:
Արդյունքում՝ մարզերում, որտեղ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն օր օրի վատանում է, որտեղից ամեն շաբաթ ավտոբուսներով մարդիկ արտագաղթում են, վերընտրվում են այդ ամենի պատճառ հանդիսացող իշխանության կամ «այլընտրանքի» ներկայացուցիչները: Ամենավառ օրինակն Արմավիրի մարզն է, որի բնակիչները կարկտահարությունից հետո մի քանի անգամ փակել են Երևան-Արմավիր մայուղին՝ այդպիսով ընդվզելով իշխանության դեմ, և հանկարծ այդ մարզի գյուղերից մեկում վերընտրվել է նույն այդ իշխանության ներկայացուցիչը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ընտրական մազոխիզմի ցայտուն դրսևորում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ քաղաքական ուժը շարունակում է պահպանել իր ազդեցությունը ՏԻՄ համակարգում, իշխանությունն առնվազն չի խոչընդոտում ԲՀԿ-ականների վերընտրությանը, որը՝ հաշվի առնելով վերջին ընտրություններում կեղծարարության մեքենայի կատարելագործվածության բարձր աստիճանը, ընդամենը տեխնիկայի հարց է: Դա չափազանց հետաքրքիր է հատկապես արմատական ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու առասպելաբանության քարոզչության համատեքստում: