Ախուրիկի ընտրություններում «հաղթեցին ոստիկանները»
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում երեկ կայացած ընտրությունների արդյունքներով պաշտոնական տվյալներով հաղթող է ճանաչվել ՀՀԿ թեկնածու, նախկին գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը: Սակայն, ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, նրա մրցակից թեկնածուն՝ անկուսակցական Սարգիս Սարգսյանը, ընտրությունների արդյունքները չի ընդունում։
Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ Ախուրիկում ընտրություններն անցել են բացահայտ խախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում: Նա վստահ հայտարարում է, որ Ախուրիկի գյուղապետի ընտրություններում հաղթել է ոչ թե ՀՀԿ թեկնածուն, այլ ոստիկանները:
«Հաղթեց հանրապետությունում ընդունված կարգը: Ոստիկանական շրջափակում էր ամբողջ ընտրատեղամասը, Ախուրյանի շրջանի ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի տեղակալի ներկայությամբ եւ գործուն մասնակցությամբ: Ոստիկանները տեղամասի դիմաց չգիտեմ ինչ էին ապահովում: Մի խոսքով՝ համակենտրոնացման ճամբարին բնորոշ, շանտաժի, վախի մթնոլորտի թանձրացմամբ ներկայացում էր: Ախուրյանի շրջանի ոստիկանապետը, որը չգիտեմ` ծառայության մեջ էր, թե ինչ էր անում, համենայնդեպս քաղաքացիական հագուստով էր: Ուղղակի շատ պարզ ցույց տվեցին, որ իրենք առաջադրանք ունեին իրենց առջեւ դրված: Թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ Մաքսիմ Շահբազյանը, նրա տեղակալները, բոլորը Ախուրիկում էի: Որ ասում են՝ մեր երկիրը «կոնցլագեր» է դառնում, եւս մեկ անգամ համոզվեցինք: Այնքան է ռեժիմը սարսափած, որ չի ուզում անգամ մի գյուղի գյուղապետի աթոռ կորցնել, բարձրաստիճան չինովնիկներն անգամ իրենց թանկարժեք օրը տրամադրեցին մի ինչ-որ գյուղի գյուղապետի ընտրություններում ներկա գտնվելու համար: 100-140 ձայնի տարբերությամբ ոստիկանները հաղթեցին: Ընտրությունները կայացան մեկ ընտրատեղամասում՝ գյուղի դպրոցում՝ իրա(ՀՀԿ թեկնածուի) առեւտրի օբյեկտի հարեւանությամբ, որտեղ որ հանգրվանել էին այդ շրջանի իրավապահ ջոջերը:
Ընտրատեղամաս մտնում էին «չերեզ» օբյեկտ, բայց գյուղը այնպիսի միջավայր է, որ հաշված օրերի ընթացքում այդ ամեն ինչը ջրի երես է դուրս գալու»:
Անկուսակցական Սարգիս Սարգսյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ ոչ էլ ձայների վերահաշվարկ է պահանջելու, քանի որ գիտի, որ ոչինչ հնարավոր չէ փոխել: