
Վլադիմիր Կարապետյան. Ես դատապարտելի եմ համարում պաշտոնական Երևանի լռությունը

Նախկինում արդեն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը բավական լայն արձագանք ստացավ Հայաստանի քաղաքական դաշտի և մամուլի կողմից և հիմնախնդրի կարգավորումը կրկին դարձրեց օրակարգային հարցերից մեկը, և ներկայացրել ենք Հայաստանի քաղաքական ուժերից մի քանիսի ներկայացուցիչների կարծիքը դրա մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՌԴ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպեց իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը խոսեց ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի, այսինքն` գործող կարգավիճակի փոփոխման անհրաժեշտության մասին:
«Միանշանակ է, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում` բոլորի համար, նախևառաջ` Ադրբեջանի, Հայաստանի և նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվո` նշանակում է` ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էլ չկա որևէ մեկին համոզելու այդ կարգավիճակի պահպանման անընդունելիության մասին»,- մասնավորապես ասաց Սերգեյ Լավրովը:
Այս անգամ հարցի շուրջ զրուցեցինք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ՀՀ արգործնախարարության նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, ում հանդիպեցինք ՀԱԿ-ի կազմակերպած ուրբաթօրյա բողոքի ակցիային:
«Նախ` ՀՀ Ազգային ժողովի և Եվրամիության պատվիրակությունների միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ընդունվել է փաստաթուղթ, որտեղ նույնպես խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ստատուս-քվոյի մասին: Այսինքն` դա ոչ թե Լավրովն է ասում, այլ նաև մեր խորհրդարանականները: Մեղադրել Լավրովին մի բանում, որը նաև մերոնք են ասում, կարծում եմ` անիմաստ է»,- խոսելով Լավրովի հայտարարության մասին` ասաց Վ.Կարապետյանը:
Մենք նկատեցինք, որ խնդիրը կապված է ոչ թե հիմնահարցի բուն ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության հետ, այլ, թե ինչպես այն տեղի կունենա, և այդ առումով հիմնականում բացասական արձագանք ստացավ Ս.Լավրովի «ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը: Սրան ի պատասխան` Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն իր խոսքում երկու կարևոր բան է ասել. մեկը, ինչպես նշվեց, վերաբերում էր ստատուս-քվոյին:
«Երկրորդը` ինչ վերաբերում է «ադրբեջանական տարածքներին», ես համարում եմ, որ Հայաստանի դիվանագիտական պաշտոնյաները, պաշտոնական Երևանն անպայման պետք է դրան արձագանքեր և ուղղեր պարոն Լավրովին նման ձևակերպման համար: Եվ ես դատապարտելի եմ համարում պաշտոնական Երևանի լռությունը: Ռուս պաշտոնյայի կողմից փորձ է արվել կանխորոշելու հակամարտության կարգավորման արդյունքը, ինքն անարձագանք չպետք է թողներ ՀՀ արտաքին գերատեսչությունը»,- ասաց Վ.Կարապետյանը:
Իսկ ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների և քաղաքական գործիչների այն տեսակետին, որ Լավրովի այս հայտարարությունը Մոսկվայի, այսպես ասած, երկրորդ ուղերձն է` գազի գների թանկացումից հետո, ապա այս մասին Վ. Կարապետյանը նշեց, որ ուղիղ կապ չի տեսնում այդ երկու իրադարձությունների միջև:
Նշենք, որ Վլադիմիր Կարապետյանը նկատի ուներ 2012 թ. դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը, որի 16-րդ կետում, որը վերաբերում է տարածաշրջանային կայունության հարցերին, նշված է. «Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համոզմունք է հայտնում, որ չի կարող որևէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծում է առկա ստատուս-քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը»:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի ներկայիս մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան` խորհուրդ է տվել վերընթերցել Ակվիլայում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, ինչպես նաև` Աստանայում արված հնգակողմ հայտարարությունը:
Իսկ Ակվիլայի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:
Հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Հորդորում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջև մնացած սակավաթիվ տարաձայնությունները և ավարտական տեքստի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում»:
Որքանով է սա վերաբերում հայկական տարածքներն «ադրբեջանական» անվանելուն, մնում է միայն ենթադրել:
«168 ԺԱՄ»