«Հայաստանն այնքան է թուլացել, որ նրա հետ կարելի է շանտաժի լեզվով խոսել»

Այս շաբաթ բավական ակտիվացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ զարգացումները: Հայաստանում հատկապես բուռն արձագանք ստացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով Մոսկվայում ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպումից հետո, հանդես եկավ մամուլի ասուլիսով, որում Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին` խոսելով «ադրբեջանական տարածքների» վերադարձի մասին:

«Միանշանակ է, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում` բոլորի համար, նախևառաջ` Ադրբեջանի, Հայաստանի և նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվո նշանակում է` ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էլ չկա որևէ մեկին համոզելու այդ կարգավիճակի պահպանման անընդունելիության մասին»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ի՞նչ կարծիք ունեն այս մասին Հայաստանի քաղաքական ուժերը, ինչո՞ւ Ռուսաստանն անսպասելիորեն սկսեց խոսել այս հարցի մասին ու այս լեզվով:

«Վերջին տասնամյակներում չեմ հիշում այնպիսի դեպք, որ Ռուսաստանի պաշտոնատար անձը, առավել ևս` արտաքին գործերի նախարարը նման ակնհայտ ձևով ուղղակի ադրբեջանամետ հայտարարություն աներ»,- այսպես մեկնաբանեց Լավրովի հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ 2008 նոյեմբերին, երբ նախագահների միջև ստորագրվեց մայնդորֆյան հռչակագիրը, դրանից առաջ Ռուսաստանը և Ադրբեջանը, իհարկե, նախագահների` Մեդվեդևի և Ալիևի մակարդակով, ռազմական համագործակցության և գործընկերության մասին համաձայնագիր էին ստորագրել, և այնտեղ Ռուսաստանն ընդամենը պարտավորվել էր արագացնել կարգավորման գործընթացը: Եվ մենք այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեցինք, ինքս անձամբ բարձրաձայնեցի, որ «Նաբուկոյի» ծրագրի տապալման համար Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ գնալ նման համաձայնության` արագացնելով կարգավորման գործընթացը, ինչը Բաքվի ցանկությունն է»,- պատմեց Ս.Սաֆարյանը: Սակայն, ըստ նրա, այսօրվա իրավիճակը զգալիորեն տարբերվում է նախորդից, քանի որ Լավրովի հայտարարությունները հարվածում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությանը: «Այսինքն` խոսքը վերաբերում է Արցախի սահմանադրապատկան տարածքներից որոշները Ադրբեջանին հաձնելու մասին: Մոսկվան, որի հետ շատերը հույս էին կապում, թե Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո կճանաչի ԼՂՀ անկախությունը, փաստացի, նման կերպ հասկացնում է, որ չի ճանաչում ԼՂՀ անկախությունը,- նշեց նա` շարունակելով,- Գիտեք, Լավրովին մեղադրելուց առաջ` պետք է ասել, որ հիմնական մեղքը Հայաստանի իշխանություններինն է, որովհետև այն փաստը, որ իրենք հիմք են ընդունել Մադրիդյան առաջարկները, որոնց կետերից մեկը ԼՂՀ հարակից տարածքների վերադարձի սկզբունքն է, այդ պատճառով Մոսկվան հիմա շատ հանգիստ կարող է ասել`«մեղադրեք ձեր իշխանություններին, որովհետև նրանք ընդունելի են համարել Մադրիդյան սկզբունքները»»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Միաժամանակ Ս. Սաֆարյանը քննադատեց Ռուսաստանի վարած քաղաքականությունը` նշելով, որ Մոսկվան ինքը պիտի հասկանար, որ Հայաստանն իր այսօրվա գործընկերն է: «Ռուսաստանի դաշնակիցը երկար տարիներ` տասնամյակներ, Հայաստանն է, և ինքն առնվազն պետք է չաներ նման արտահայտություններ` վտանգի տակ դնելով ազգային անվտանգության այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի խնդիրն է և դրա հանգուցալուծումը` ընդ որում, հստակ ասելով, որ տարածքներն ադրբեջանական պատկանելություն ունեն: Եվ այս կտրվածքով պատճառն այն է, որ Հայաստանն այնքան է թուլացել, որ Հայաստանի հետ կարելի է շանտաժի լեզվով խոսել»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Իսկ այդ շանտաժը «Ժառանգության» ներկայացուցիչն, առաջին հերթին` կապեց Հայաստանի արտաքին կողմնորոշումների հետ և նշեց, որ շանտաժի ենթարկելով Հայաստանին` Ռուսաստանը հասկացնում է` եթե ինքը մտնի Եվրոպական միության հետ ավելի խորը համագործակցության դաշտ, ապա հրաժեշտ կտա ԼՂ հարակից տարածքներին: Այսպիսով, Ստեփան Սաֆարյանը սա համարեց Մոսկվայի երկրորդ ուղերձը` գազի գնի բարձրացումից հետո: «Ես նորից եմ կրկնում` այս ամենի թիվ մեկ մեղավորները Հայաստանի իշխանություններն են, որովհետև առաջինը` լեգիտիմության խորը ճգնաժամի խնդիր ունեն, ինչը շահարկման առարկա է դարձել բոլորի կողմից, և յուրաքանչյուր երկրի նախագահ իր շնորհավորանքում առաջին նախադասությունից հետո հարկ համարեց, թե ինչ պետք է վճարի Սերժ Սարգսյանը` իր լեգիտիմության ճանաչման դիմաց»,- ասաց Ս. Սաֆարյանը: Իսկ երկրորդ պատճառը նա համարեց Մադրիդյան հայտնի սկզբունքները ճանաչելը, քանի որ, դրանց համաձայն, Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂՀ հարակից տարածքներից: «Սա է Մոսկվայի ասածը վերջին շրջանում` գազի գների թանկացման ակնարկով, ԼՂՀ տարածքների «ադրբեջանական» պատկանելության մասին ակնարկով: Այո՛, սա արդեն երկրորդ նախազգուշացումն է»,- ընդգծեց Ս.Սաֆարյանը:

«Հայաստանն ինքը պիտի մտածեր ստատուս-քվոյի փոփոխությանն ինքն իրեն պատրաստելու համար: Եվ դրա քայլերից մեկը, որն առաջարկվել է «Ժառանգության» կողմից, եղել է ԼՂՀ-ի ճանաչումը»,- ասաց նա: Իսկ մեկ այլ քաղաքական ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի իրականացրած մարտավարությունը կամ ռազմավարությունն «իրենց խնդիրն է»:

«Ի սեր Աստծո, ես չեմ պատրաստվում Ռուսաստանի դիրքերից խոսելու, պետք է, բնականաբար, խոսեմ երկրի դիրքերից, պետությանս ու ժողովրդիս շահերի տեսանկյունից: Ստատուս-քվոյի պահպանումը կարող է տևել ճիշտ այնքան ժամանակ, ինչքան որ դրան որպես այլընտրանք` չկա մեզ համար առավել բարենպաստ լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Տ.Ուրիխանյանը կարծում է, որ երրորդ տարբերակ չի կարող լինել` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի թիվս խորհրդային 15 Հանրապետությունների, դարձավ 16-րդը, որը, որպես սուվերեն միավոր` ձեռք բերեց անկախություն, իսկ ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ դիմել ինքնապաշտպանության և պաշտպանել օրինական ճանապարհով ձեռք բերված իր անկախությունը:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է` ԼՂՀ անկախությանը, այսինքն` ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանք չկա, որևէ տարբերակ չի կարող քննարկվել, առավել ևս ԼՂՀ-ն որևէ պարագայում (բացառում եմ ցանկացած «եթե»), չի կարող մաս կազմել Ադրբեջանի նման երկրին: Հերթական ապացույց մենք ունեցանք իր մեջ ցեղասպանության տարր պարունակող, բոլորիս հայտնի բուդապեշտյան երևույթը: Հիմա թե Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ինչ մարտավարություն և ռազմավարություն է իրականացնում իր հարաբերություններում ադրբեջանական թե հայկական կամ մյուս կողմերի հետ, դա իրենց խնդիրն է»,- ասաց նա:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ ամբողջ խնդիրն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, Տ.Ուրիխանյանն ասաց, թե ակնարկը շատ ճիշտ էր:

«Երկար ժամանակ է` ես էլ, որպես միջպետական միջազգային ձևաչափերում հայաստանյան պատվիրակ, անընդմեջ խոսում եմ դրա մասին: Օրերս հանդիպել եմ Եվրախորհրդի պատվիրակության ղեկավարի հետ և նույն զրույցը տարել եմ նրա հետ: Ինձ հարց տվեցին. «Իսկ ի՞նչ եք դուք մտածում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ», ես ասացի` «կարծում եմ, որ շատ ավելի կոռեկտ կլինի այդ հարցը ոչ թե տալ, այլ նորից տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներին, հետո նոր` ՀՀ պետական օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին»: Այսինքն` ձեր հարցը հռետորական էր, այո՛, ես կիսում եմ այդ մոտեցումը»:

Իսկ պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք սպասելի էր, որ գերտերությունները, մասնավորապես` այս դեպքում` Ռուսաստանը, վաղ թե ուշ, դնելու են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության հարցը, ԲՀԿ մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը շատ ավելի գործուն մասնակցություն ունի ԼՂ բանակցային գործընթացում, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և «դրա կոնկրետ գործողությունները ցույց են տալիս Ռուսաստանի կիրառական և պրակտիկ քայլերը»:
Մենք նկատեցինք, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանի «պրակտիկ քայլերի» կիրառումը կարող է բերել հայկական տարածքների կորստին:

«Դրա համար եմ ասում` Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահն իր գործողությունները ցուցադրում է: Թե արտգործնախարարը հանդիպումների ժամանակ ինչ արտահայտություններ է անում, դրանցից բխող հետևանքները միշտ չեն լինի այնպիսին, ինչպիսին գլավ, եկեք կոնկրետացնենք, եթե ուզում եք ինձնից կորզել այդ բառը, խնդրեմ, ստացեք. միշտ չեն լինի այնպիսին, ինչպես տվյալ դեպքում Մամեդյարովն էր ակնկալում»,- ի պատասխան` ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ քաղաքական շրջանակներում քննարկվում է հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման հնարավորությունը, այն կարող է կայանալ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Կա տեսակետ, որ այդ հանդիպմանը բանակցությունների սեղանին կարող է դրվել հիմնահարցի լուծման վերաբերյալ մի նոր փաստաթուղթ: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից: Այս հարցում «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը լավատես չէ. «Ոչ մի լավ բան, որովհետև Սերժ Սարգսյանն իր ողջ երկիրը, ողջ երկրի արտաքին քաղաքականությունը դրել է այնպիսի ռելսերի վրա, որոնք տանում են դեպի անդունդ»:

Տեսանյութեր

Լրահոս