Արամ Մանուկյան. «Մեր ազգի փրկությունն այն մարդն է, ով կանգնում է փողոցում, Գալուստ-մալուստ չի նայում» (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարները, ակտիվիստները և համակիրները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացրեցին հերթական բոցոքի ակցիան` ի պաշտպանություն ՀԱԿ քաղբանտարկյալների: Մասնավորապես ելույթ ունեցավ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով նշեց, որ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների ազատությունը կախված է միայն անարդարության դեմ ժողովրդի պայքարից: Ա.Մանուկյանը նաև անդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակին:

«Արտագաղթը չի լուծելու հայ ժողովրդի խնդիրները, հայ ժողովրդի խնդիրները լուծելու է ըմբոստացման, իրար գլուխ հավաքվելու, խելք խելքի տալու, սեփական իրավունքներին տեր կանգնելու ճանապարհը: Եվ որևէ մեկին մի´ թույլ տվեք ասելու` ինչ-որ մեկը գալու է, այդ հարցը լուծի: Ոչ մեկը չի լուծելու, մենք դեմ ենք, որ Զորավար Անդրանիկը գա, սրան ասի` վեր կաց գնա, ես եմ: Այդպես չի լինում, սրանք պինդ են նստած»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ գործող իշխանություններին միշտ էլ «խեղճացրել է» միայն ժողովրդական ըմբոստությունը, երբ ժողովուրդը փողոցում է եղել:

HAK-akcia (2)

HAK-akcia (4)

Կարդացեք նաև

«Գալուստի էդ «համարձակ», ցինիկ արտահայտությունները միայն այն պատճառով են, որ դրսում ժողովուրդը քչացել է»,- նշեց նա:

«Կարող է  մի օր իմ թիկունքում կանգնած ոստիկաններն էլ ըմբոստանան, իրենց երեխեքն էլ են ուտում նույն ուտելիքը, ինչ մենք…մի օր իրենք կատաղելու են, մի օր ոստիկանը, մի օր դատավորը…չգիտեմ, դատավորը` կարող ա չէ, զինվորականը… սրանք էլ են քաղաքացի»,- շարունակեց Արամ Մանուկյանը:

Հատկանշական էր նաև նրա անդրադարձը սփյուռքահայությանը, որի ներկայացուցիչները , ըստ Ա.Մանուկյանի, տվյալ դեպքում հաճախ բացասական դեր են խաղում, քանի որ «սփյուռքը կերակրում է երկիրը թալանողներին»: «Մի օր հարկավոր է նրանց էլ ասել` հերիք է կերակրեք, հերիք է կերակերք էս սովածներին, որոնք սոված են հոգով, ոչ թե մարմնով»,- նշեց նա:

Իր խոսքը Արամ Մանուկյանը ավարտեց հետևյալով. «Մեր ազգի փրկությունն այն մարդն է, ով կանգնում է փողոցում, մեր ազգի համարձակը նա է, ով համարձակ խոսում է, Գալուստ-մալուստ չի նայում, իր խոսքի տերն է, իր արդարության տերն է»:

ՀԱԿ ակտիվիստների ազատության պահանջով բողոքի ակցիաների անցկացվում են ամեն ուրբաթ:

HAK-akcia

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ տեղի էր ունեցել միջադեպ  ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ, կայացրեց վճիռ` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին դատապարտելով 6 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Գևորգյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման:

Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ավելացնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը և համակիրները վճիռը համարում են ոչ օրինական, իրավական հիմքերից զուրկ` այն որակելով քաղաքական հետապնդում ակտիվիստների նկատմամբ: Ս.թ. մայիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործը ուղարկել նույն դատարան` նոր քննության: Այժմ ՀԱԿ ակտիվիստների պաշտպանները սպասում են վերաքննիչ դատարանի նիստի օրվա նշանակմանը:

Տեսանյութեր

Լրահոս