Լյուքս Ստեփանյանի սպանությունից հետո ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ
Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության միջադեպի առնչությամբ զինվորական պաշտոնյաների շրջանում սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա վստահեցմամբ՝ ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ, չի բացառվում նաև, որ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:
«Ծառայողական քննություն սկսվել է հենց դեպքի հաջորդ օրը, թե ինչ ընթացք կունենա և ինչպես կավարտվի, չեմ կարող ասել: Բայց մի բան պարզ է, որ այս 20 տարվա մեջ դեռ չի եղել մի ծառայողական քննություն, որը չավարտվի պաշտոնանկություններով»,- փոխանցել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել մայիսի 15-ին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը մահացել է, ևս մեկ զինծառայող՝ գլխից վիրավորվել: Հավելելնք, որ Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է: Դեպքից առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, բայց կա տեղեկություն, որ այդ կրակոցներին նախորդել է վիճաբանությունը: Վկաների նախնական հարցաքննության ժամանակ նաև հնչել է տեսակետ, թե պատահական կրակոց է եղել, ինչի հետ համաձայն չեն, սակայն, սպանված զինծառայողի հարազատները:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը խոսել չկամեցավ, միայն ասաց, որ պատահական կրակոց չի կարող լինել, և որ իր առողջական վիճակը շատ վատ է և գնալով բարդանում է: Ինչ վերաբերում է ձերբակալված զինծառայողին, ապա նշենք, որ նրան բավականին ծանր հոդվածներով է մեղադրանք առաջադրվել. նա մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, ինչի համար նախատեսված է մինչև 15 տարվա կամ ցմահ ազատազրկում: