ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը
Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների եւ կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են եւ, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման: Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը եւ Եվրամիությանը կրկնապատկել իրենց ընդհանուր ջանքերը՝ նվազեցնելու Հայաստանում գազի սպառումը եւ կորուստը հիմնականում հետեւյալ երկու ոլորտներում.
1. Հայաստանում մինչեւ օրս բնակելի շենքերի մեծ մասը ջեռուցվում է հին համակարգերով եւ կարիք ունի հիմնական ջերմամեկուսացման, ինչի պատճառով էներգիայի մինչեւ 50% կորուստ է լինում: Հետեւաբար կառավարությունը պետք է իր սուբսիդավորման մեծ մասը կենտրոնացնի այդ խնդիրների լուծմանն ուղղված բարենորոգման ծրագրերի վրա, ինչպես նաեւ դիմի համապատասխան ծրագրերի փորձից ԵՄ-ի խորհրդատվությանը՝ այդ թվում նաեւ շենքերի էներգետիկ անձնագրերին վերաբերող ԵՄ նոր ծրագիրը: Ի վերջո, ԵՄ-ը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարչական բարեփոխումներին, ինչպես նաեւ մասնակի օգնություն՝ բարենորոգման ֆինանսավորմանը: Եթե ԱՄՆ-ը միանա վերջինիս, նրանք կարող են ավելի մեծ վստահությամբ պնդել, որ Հայաստանը շարունակի թույլ կախվածություն ունենալ իրանական գազից:
2. Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30-40%-ը արտադրվում է գազի շահագործմամբ աշխատող ջերմաէլեկտրակայաններում: Մինչդեռ, Հայաստանը շարունակում է ոչ արդյունավետ օգտագործել արեւային, հողմային եւ հիդրոէներգիայի իր հսկայական ներուժը: Այս վերականգնվող աղբյուրները կարող են բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը եւ ապակենտրոնացնել Հայաստանի էներգիայի արտադրության ռազմավարական վտանգները բնական աղետների կամ հակամարտությունների ժամանակ: Գերմանիան, այլ երկրների շարքում, Հայաստանին առաջարկել է վերականգնվող էներգիայի ծրագիր, որը պետք է արագ գործարկել եւ հնարավորին չափ լայն ընդգրկմամբ:
Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի հիմնականում Հայաստանում, որը կրում է էներգետիկ շուկայի նույնատիպ փոփոխություններ, ինչ Կենտրոնական Եվրոպայի երկրները 1990-ականներին, եւ այդ գործընթացը կշարունակվի առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Գազի գնաճերը կարող են փոխհատուցվել, նույնիսկ գերհատուցվել, եթե գները անկում ապրեն այլ ոլորտներում, եւ նվազեցվի գազի միջին սպառումը հայաստանյան ընտանիքներում: Այդ նպատակով վերը նշված բոլոր միջոցները պետք է միասին կիրառվեն: Հայաստանցիները պետք է նաեւ վստահ լինեն, որ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կօգնի շուկայի արդյունավետությանը եւ առաջիկա տարիներին կնվազեցնի ամենօրյա ապրանքների գինը Հայաստանում:
Այս թեմայով մեր Գլխավոր քարտուղարը հարցազրույց է տվել Armnews հեռուստաընկերությանը.
1. «ՀայՌուսգազարդը» բարձրացրել է գազի գինը Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, սա աշխարհաքաղաքակա՞ն, թե տնտեսակա՞ն որոշում է:
Մինչեւ հիմա մենք որեւէ նշան չունենք, որ դա աշխարհաքաղաքական որոշում է, նաեւ քանի որ հայաստանյան գներն ընդհանուր առմամբ դեռեւս ցածր են միջազգային չափանիշներից: Բայց, իհարկե, մենք պետք է հետեւենք սրան գալիք տարիների ընթացքում՝ տեսնելու, թե ինչպիսի զարգացումներ կլինեն երկարաժամկետ հեռանկարում:
2. Գազի գնաճը շատ խնդիրներ է առաջացնում Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Հայաստանը որեւէ օգնություն ակնկալել ԵՄ-ից:
Կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը գնաճը կասեցնելն է, ինչը ամենամեծ խնդիրն է հատկապես աղքատ բնակչության համար: Այս հարցում ԵՄ-ի կողմից ամենամեծ ներդրումը կատարվում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններով: Ինչու՞: Որովհետեւ այդ համաձայնագրով հայկական շուկան կդառնա ավելի մրցունակ, եւ մրցակցության ու արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ՝ կնվազի ամենօրյա սպառման ապրանքների գինը: Այսպիսով, օրինակ՝ եթե աղքատ թոշակառուն խանութում ավելի քիչ վճարի իր սննդի կամ իր անսարք հեռուստացույցը կամ լվացքի մեքենան փոխելու համար, այդ թոշակառուն մի փոքր ավելի հեշտ կարող է վճարել գազի բարձր գինը՝ համակշռելով մեկի ծախսը մյուսով:
3. Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է Հայաստանի կառավարությունը վարվի գնաճի հետեւանքները մեղմելու համար:
Ես հույս ունեմ, որ աղքատ ընտանիքների համար գազի գնաճի սուբսիդավորման վարչապետի հայտարարությունը իսկապես լուրջ է, քանի որ դրա կարիքը կա: Հատկապես պետք է ուշադրություն դարձվի ո´չ թե գազի գնաճի սուբսիդավորմանը, այլ շենքերի ջերմամեկուսացմանը: Եթե այս ձմեռ դուք մի ընտանիքի գումար տրամադրեք գազի ծախսերը հոգալու համար, ապա ստիպված կլինեք դա անել նաեւ գալիք տարի եւ դրան հաջորդող տարին: Իսկ եթե դուք գումար տրամադրեք շենքի ջերմամեկուսացման համար, ապա այդ ընտանքիը կխնայի գազի իր ծախսերի 50%-ը, եւ այդպես բոլոր հաջորդ տարիներին, իսկ որպես պետություն՝ դուք կվճարեք միայն մեկ անգամ: Այսպիսով, սա շատ ավելի արդյունավետ է, եւ հուսով եմ, որ կառավարությունը իսկապես կիրագործի դա:
Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ