Գերմանական հետախուզությունը սկսել է հավատալ Ասադի զորքերին
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ գերմանական հետախուզության (BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը հայտարարել է, որ իր ծառայությունն արմատականորեն վերանայել է Սիրիայի վերաբերյալ իր կանխատեսումները:
Ավելի վաղ այդ հատուկ ծառայությունը կանխատեսել էր, որ Ասադի վարչակարգը կկործանվի այս տարեսկզբին: Այժմ, սակայն, տրվում են այլ գնահատականներ. Սիրիական կառավարական զորքերի վիճակը կայունացել է և նրանք ունակ են իրականացնել հարձակողական հաջող գործողություններ:
Այդ ամենն ուժեղացնում է պաշտոնական Դամասկոսի դիրքերը՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հունիսի առաջին տասնօրյակին Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի նախաշեմին: Դամասկոսի օգտին է այն, որ արագացել է Սիրիական ազատ բանակի մասնատումն առանձին խմբերի, որոնք հրաժարվում են ենթարկվել միասնական հրամանատարությանը:
«Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստական «Ջաբհաթ ալ-Նուսրա» կազմակերպության ապստամբներն ընդհանրապես մղում են ինքնուրույն պատերազմ: Սիրիական ազատ բանակի դիրքերը թուլացրեց նաև այն, որ Սիրիայի հարավային նահանգներում Ասադի կողմից պայքարի մեջ մտան լիբանանյան «Հզբոլլահի» զորամիավորումները, ինչպես նաև այն, որ սիրիական հատուկ ծառայություններին հաջողվեց կտրել այն աղյուրների զգալի մասը, որոնցով սահմանից մատակարարում էր իրականացվում զինյալներին:
Վերջիններս ստիպված են նահանջել Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության ներքո: Եթե ոչ վաղ անցյալում Սիրիական ազատ բանակը վերահսկում էր երկրի տարածքի մինչև 60 տոկոսը, ապա այժմ ապստամբներին դուրս են մղել Դամասկոսից ու Հոմսից: Իշխանությունները նաև վերադարձրել են Հորդանանի ուղղությամբ գտնվող մի շարք կարևոր բնակավայրերի և Լաթաքիա քաղաքի նկատմամբ իրենց վերահսկողությունը: